ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ի՞նչն է համարվում բամբասանք, որտեղի՞ց է սկսվում այն:

Բամբասանքն անհատական ընկալումով բացասական տեղեկատվության կամ ապատեղեկատվության տարածումն է: Չնայած կարծիքներ կան, որ բամբասանքը դրական նշանակություն ունի հասարակության մեջ խմբերի կապը պահպանելու, հաղորդակցվելու համար, սակայն Պողոս առաքյալը բամբասանքը նշում է տարբեր մեղքերի շարքում (Բ Կորնթ. 12.20), որովհետև բամբասանքը, լինելով ինչ-որ տեղեկություն, բայց առավելաբար` մարդու անձնական մտավոր-զգացական ընկալումով և ավելի հաճախ բացասական երանգավորումով, կարող է բերել նաև խռովությունների ու գժտությունների կամ առնվազն այդպիսի տրամադրությունների ստեղծման:

Պետք է նշել, որ երբեմն բամբասանքների ստեղծման ու տարածման աղբյուր են հանդիսանում նաև զանգվածային լրատվական միջոցները: Բամբասանքի հոմանիշ բառն է բանսարկությունը, հետևաբար, բամբասող և բանսարկու բառերը ևս հոմանիշներ են: Սուրբ Գրքում բանսարկու կոչվում է նաև սատանան (Հուդա 9), որովհետև չարն իշխանություն չունի մարդու վրա ստիպողաբար ազդելու և նրան ուղղակիորեն մեղքի, հանցագործության տանելու, այլ այդ ամենն անում է բանսարկությամբ, մարդու մտքի մեջ չար մտածումներ ներարկելով:

Դրա համար եկեղեցական հեղինակների բառապաշարում մեղավոր մտքերն ու մտածումները բնութագրվում են «եկամուտ մտքեր» արտահայտությամբ` դրսից մարդու մեջ սողոսկած լինելու իմաստով: Այսպիսով, կրոնական տեսակետով` բամբասանքը դասվում է մեղքերի շարքը, և եկեղեցում մեղքերի ընդհանրական խոստովանության ժամանակ նշվում է նաև բամբասանքը, որով և այն գործած մարդը պետք է զղջա և ապաշխարի:

Եթե մի մարդու մոտ որևէ բան ես պատմում կամ կարծիք հայտնում մի երրորդ անձի մասին, դա բամբասա՞նք է:

Բամբասանքը սուբյեկտիվ կարծիք կամ տեղեկություն է մի երրորդ անձի կամ անձերի մասին` արտահայտված նրանց բացակայության պայմաններում, որովհետև նրանց ներկայության դեպքում հնչած խոսքերը գուցե ընդհանրապես չասվեին: Մարդիկ քաջություն են ունենում նաև հրապարակավ սեփական զգացականի կամ սեփական կանխակալ մոտեցման ու դիրքորոշման դրսևորումով այդպիսի կարծիք հնչեցնել, եթե միայն հստակ գիտեն, որ տվյալ անձի հետ իրենք դեմառդեմ առնչություն չեն ունենալու:

Այդ տեսակի են հատկապես այսօրվա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող հրապարակումները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում բամբասանքի ժանրից եղող տեղեկատվությունները կամ ապատեղեկատվությունները, որոնց որոշ լրագրողներ լուրջ տեսք հաղորդելու համար, դրանք անվանում են մեկնաբանություններ կամ վերլուծություններ:

Բամբասանքները կարող են տանել կեղծավորության կամ երեսպաշտության, որովհետև խնդրո առարկա մարդու ներկայությամբ չեն ասվում և կամ եթե բարձրաձայնվում են այդ մարդու ներկայությամբ տվյալ անձի հանդեպ կանխակալ ու բացասական տրամադրվածությամբ, իրականության խեղաթյուրմամբ կամ չափազանցմամբ, ապա վերածվում են պարզապես զրպարտության:

Բամբասանք և չարախոսություն. դրանք տարբե՞ր բաներ են:

Չարախոսությունը կարող ենք համարել նաև բամբասանքի առավել ծանր ձևը, և «չարախոսություն» բառն ինքը հուշում է, թե որն է դրա իմաստը` չար խոսքեր ասել մեկի մասին, ինչն արվում է հիմնականում տվյալ անձի բացակայությամբ: Պողոս առաքյալը բամբասանքի և չարախոսության նույնություն չի անում, այլ սրանք երկուսը տարբեր մեղքեր է դիտարկում (Բ Կորնթ. 12.20):

Ի տարբերություն բամբասանքի, որի մեջ տեղեկությունը կարող է աղճատված, բացասական երանգավորումով ձևափոխված լինել, չարախոսությունը հիմնականում սուտ տեղեկության և միաժամանակ մեկի հասցեին վիրավորանք պարունակող լուրերի տարածումն է:

Բամբասանքի և չարախոսության մեջ չկա քրիստոնեական սիրո ոգին, քրիստոնեական ներողամտությունը, թշնամիներին սիրելու և ներելու Քրիստոսի պատվիրանների (Մատթ. 5.43-44) իրագործման ցանկությունը: Եվ քանի որ բամբասանքն ու չարախոսությունն իրենց էությամբ դեմ են քրիստոնեական սիրո սկզբունքին, դրանք վայել չեն քրիստոնյաներին և համարվում են մեղքեր, որոնցից պետք է հեռու մնալ:

Կարդալ նաև`