ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻԺԵՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իսկ եթե արհեստական վիժեցման որոշում ընդունող կինը կամ ընտանիքը զուտ սոցիալական կամ առողջական խնդիրներ ունի և պարզապես չի կարող երեխային պահե՞լ:

Սոցիալական խնդիրները չեն կարող արդարացնել չծնված երեխաների սպանությունը: Այլապես մենք կարող ենք արդարացնել աղքատության պատճառով արդեն իսկ ծնված երեխաների, կամ մի քանի տարեկան մանուկների սպանությունը ծնողների կողմից: Հետաքրքրական է, որ սոցիալական պատճառներով իր նորածին երեխային սպանած մորը հասարակությունը, օրենքը դատապարտում են, իսկ դեռ չծնվածի սպանությունն առ ոչինչ է համարվում: Սա ցույց է տալիս, որ ընկալման սխալ կա, քանի որ բժշկության մեջ հայտնի են դեպքեր, երբ երեխաները վաղահաս են ծնվում և հատուկ պայմաններում պահվում են բժիշկների խնամքի ներքո հատուկ տարաներում, մինչև որ վերջնականապես ձևավորվում են և հանձնվում ծնողներին:

Ուրեմն, սխալ հասկացողությունն այն է, որ մոր որովայնում գտնվելը մարդուն մարդ չի դարձնում, իսկ հիվանդասենյակում գտնվելը մարդու արժեք է տալիս, կամ` դեռ չծնվածը, մոր որովայնից դեռևս դուրս չեկածը մարդ չէ, իսկ հենց նոր ծնվածն արդեն մարդ է: Այս սխալ ընկալման դեմ է, որ պայքարում է եկեղեցական, քրիստոնեական դիրքորոշումը, քանի որ կենդանություն ունեցող մարդկային էակը մարդ է` լինի ծնված, թե դեռ չծնված:

Արհեստական վիժեցմանն առնչվող մի դրվագ կա Աստվածաշնչում, որում խոսվում է վիճող տղամարդկանց կողմից պատահաբար հղի կնոջը վնասելու մասին: Ըստ Սուրբ Գրքի` եթե պտուղը ձևավորված չէ, այսինքն` շատ վաղ հղիություն է, ապա վնասող մարդը պատժի ենթակա չէ, այլ պետք է տա այն, ինչ կնոջ ամուսինը հարմար գտնի, այսինքն` որևէ ունեցվածք կամ դրամական փոխհատուցում վնասի դիմաց: Սակայն եթե պտուղն արդեն ձևավորված է, ապա ձևավորված պտղին մահ պատճառելը համարվում է մարդասպանություն, և այդ արարքը գործած մարդը ենթարկվում է մահապատժի` «կյանքի դիմաց կյանք» Հին Կտակարանի սկզբունքի համաձայն (Ելք 21.22-23): Բայց ամեն պարագայում պետք է հիշել, որ նման դեպքերում գործ ունենք ձևավորված կամ դեռևս չձևավորված, սակայն մարդկային էակի հետ:

Նոր Կտակարանում հիանալի պատմություն կա հղի Աստվածածնի մասին: Երբ նա հանդիպում է Եղիսաբեթին` Հովհաննես Մկրտչի մորը, ով նույնպես հղի էր, մանուկը խաղում է Եղիսաբեթի որովայնում Սուրբ Մարիամի ձայնից: Եվ Եղիսաբեթը մարգարեանալով` ասում է. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, և օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա. որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1.42-44): Ճիշտ է, այստեղ խոսքը մանուկ Հիսուսի, Հովհաննես Մկրտչի պես մեծությունների մասին է, ովքեր պիտի ծնվեին, սակայն սա ևս ցույց է տալիս, որ երեխաները կապված են իրենց մոր հետ, դեռ վաղահաս շրջանում նույնիսկ ազդվում են այն ամենից, ինչ կատարվում է իրենց մայրերի հետ:

Սա ապացուցել է նաև բժշկությունը, իսկ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության արհեստական ընդատման ժամանակ պտուղները ջանում են հեռու փախչել և զգում են պատառոտվելու ու սպանվելու ցավը: Այնպես որ պետք է լավ մտածել արհեստական վիժեցում կատարելուց առաջ, քանի որ դեռ չծնված փոքրիկները նույնպես մարդ են, և նրանց սպանելը մարդասպանություն է:

Այսօր շատ բժիշկներ կան աշխարհում, ովքեր, նորովի մտածելով մարդկային կյանքի մասին, երկար տարիների պրակտիկայից հետո արդեն հրաժարվել են արհեստական վիժեցում կատարելուց: Առողջական խնդիրների պատճառով մոր կյանքին սպառնացող վտանգի դեպքում եկեղեցական տեսակետով ոչ թե ճշմարտացի, այլ թույլատրելի է համարվում հղիությունն ընդհատելը` կնոջ կյանքը փրկելու համար: