ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻԺԵՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Քրիստոնեությունն ազատությունը սահմանափակող կրոն չէ: Իսկ մարդն ազատ է` իր մարմինը տնօրինելու: Ուրեմն, ինչո՞ւ է մեղք համարվում աբորտը` արհեստական վիժեցումը:

Արհեստական վիժեցումը կյանքի դեմ գործվող մեղք է համարվում: Մարդն ազատ է տնօրինելու իր մարմինը միայն իր անձի, իր մարմնի բարօրության, խնամքի համար, այլ ոչ թե վնասելու և սպանելու համար: Մինչդեռ արհեստական վիժեցումն անգամ կյանքին է վնաս բերում, առողջության դեմ գործողություն է: Բացի դրանից, չծնված երեխայի մարմինը, որ ձևավորման ընթացքի մեջ է, մոր մարմնի հետ նույնական չէ, և իր մարմինը տնօրինելու կնոջ իրավունքը չպիտի խախտի իր զավակի ապրելու իրավունքը և չպիտի վերաբերի զավակի մարմնին: Այսինքն` կինը վիժեցման գնալով միայն իր մարմինը չէ, որ տնօրինում է, այլև իր զավակի մարմինը, ինչն անթույլատրելի է:

Քրիստոնեական ազատության հասկացությունը տարբեր է ազատության աղճատված ընկալումներից, քանզի շատերը «ազատություն» հասկանում են որպես սանձարձակություն, ամեն ինչ անելու թույլտվություն: Մինչդեռ քրիստոնեության մեջ ազատությունը նախ և առաջ ազատություն է մեղքից ու չարից, իսկ մեղք գործելու թվացյալ ազատությունը մարդուն գերի է դարձնում հենց մեղքին և հպատակ` չարին: Պետրոս առաքյալը հակիրճ բացատրում է ազատության իրական գաղափարը` ասելով. «Ազատությունը չարիքի պատրվակ մի՛ դարձրեք» (Ա Պետ. 2.16): Ուրեմն, մարմինը տնօրինելու ազատությունը ևս պետք է դիտարկել այս գաղափարով:

Պետք է տեսնել նաև պատճառները, որոնք կանանց դրդում են արհեստական վիժեցման: Սովորաբար միայն կանանց չպետք է մեղադրել, որովհետև ընտանիքներում նաև ամուսիններն են մասնակից այս մեղքին: Արհեստական վիժեցման պատճառներից է անցանկալի հղիությունը, երբ զույգերի համար անսպասելի է լինում ապագա զավակի լույս աշխարհ գալու փաստը, և որոշում են ազատվել զավակից:

Անմահության ձգտումը, այս աշխարհում սեփական գոյությունը չդադարեցնելու մահկանացու մարդու ցանկությունը բերում է սևեռուն միտքը տղա երեխա ունենալու, ով շարունակելու է իր արմատները, ազգը, սերունդը, իր տեսակը: Այդ իսկ պատճառով, երբ բոլորովին վերջերս բժշկական տեխնոլոգիաների զարգացումով մարդիկ կարողացան կանխատեսել երեխայի սեռը, ավելի շատացավ արհեստական վիժեցումների քանակը, քանի որ մարդիկ սկսեցին ազատվել չծնված աղջիկ զավակներից: Սա խնդիր դարձավ նաև Հայաստանում, որի առնչությամբ անգամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դիտողություն արեց Հայաստանին:

Եվ այսօր մեր երկրում աշխատանքներ տարվեցին համապատասխան օրենք սահմանելու` չծնված երեխայի սեռը բժշկի կողմից ծնողներին բացահայտելն արգելելու համար, որպեսզի կանխվեն աղջիկ երեխաների սպանությունները: Կարծում եմ` մեր ժողովուրդը, որ ազգային ավանդույթների, բարոյական արժեքների կրողն է, աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունողը, չպետք է հասներ այն վիճակի, որ դրսից մեզ դիտողություն անեին, և մենք էլ ուրիշների արած դիտողությամբ փորձեինք շտկել իրավիճակը: Այս փաստը պատշաճ չէ մեր ազգի համար:

Հայաստանում կատարված մի ուսումնասիրության համաձայն` շատերն էլ ցանկանում են տղա ունենալ ոչ թե ազգի շարունակելիության համար, այլ այն նպատակով, որ իրենց ունեցվածքը, ողջ կյանքում աշխատածը չթողնեն փեսաներին, այլ իրենց արյունն ունեցող որդիներին: Այսպիսի մտածումներն են, որ խթանում են աբորտների կատարումը: Սակայն մեր ցանկությունն իրագործելուց առաջ պետք է փնտրենք կյանքը ստեղծող Աստծո կամքը և վարվենք Տիրոջ կամքի համաձայն: