ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻԺԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հղիության արհեստական ընդհատումն օրենքով արգելված չէ Հայաստանում: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը:

Դեռևս քրիստոնեության վաղ շրջանում հաստատված եկեղեցական կանոններն արգելում են արհեստական վիժեցումը: Բարսեղ Կեսարացու կանոններով արհեստական վիժեցումը կապվում է երկու մեղքի հետ` ինքնասպանության և մարդասպանության: Արհեստական վիժեցման գնացող կինը վտանգում է իր կյանքը, իսկ կյանքն Աստծո կողմից տրված պարգև է յուրաքանչյուր մարդու:

Անգամ բժշկության զարգացած մեր դարում քիչ չեն դեպքերը, երբ կանայք, դժբախտաբար, մահացել են արհեստական վիժեցման պատճառով: Արհեստական վիժեցումը նաև մարդասպանություն է համարվում, որովհետև քրիստոնեական ընկալմամբ` ձևավորված սաղմն արդեն մարդ է և հոգի ունի, ինչպես ասում են եկեղեցական հեղինակները: image36

 

«Նա, որ պիտի մարդ լինի, արդեն իսկ մարդ է»,- ասում է քրիստոնեության վաղ շրջանի եկեղեցական հեղինակներից Տերտուղիանոսը:

 

Հոգին առկա է մարդկային բեղմնավորված սաղմի մեջ, ինչպես որ կրակի մեջ առկա է նրան հատուկ լույսը: Դրա համար էլ արհեստական վիժեցումը դիտվում է նաև մարդասպանություն կամ մանկասպանություն: Եկեղեցական կանոններով այս քայլին դիմած կանանց արգելվում է եկեղեցի մտնել, նրանք զրկվում են Սուրբ Հաղորդություն ստանալուց, և այդպիսիներին միայն վերջին հաղորդություն է տրվում մահվան մահճում:

Այս կանոնը մինչև այսօր խստությամբ պահպանվում է Կաթոլիկ Եկեղեցում, որի հավատացյալներից արհեստական վիժեցման դիմած կանայք զրկվում են եկեղեցում Սուրբ Հաղորդություն ստանալուց: Սակայն եկեղեցական այդ կանոնը ներկայումս չի գործադրվում մեր Եկեղեցում, այլ առավել չափով ներողամտություն է ցուցաբերվում` զուգահեռաբար դաստիարակչական, կրթական աշխատանքի կատարմամբ, որպեսզի կինը և տղամարդն առավել լավ հասկանան կրոնական մոտեցումը և մարդու գերագույն արժեքը:

Մինչդեռ Կաթոլիկ Եկեղեցում վերստին շեշտվեց արհեստական վիժեցում կատարող կանանց Հաղորդությունից զրկելը, և անգամ Բենեդիկտոս 16-րդ Հռոմի Պապը 2007 թ. Հարավային Ամերիկա իր այցելության ժամանակ հատուկ կերպով հաստատեց այս տեսակետը` այդ քայլին դիմած կանանց Սուրբ Հաղորդությունից զրկելու դիրքորոշումով: Հռոմի ներկա Պապ Ֆրանցիսկոսը, սակայն, քայլեր է ձեռնարկում եկեղեցական ժողովի միջոցով այդ մոտեցումը մեղմելու համար:

Կարդալ նաև`