ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻԺԵՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ի՞նչ հետևանքներ, առողջական-հոգեբանական վնասներ կարող են հետևել արհեստական վիժեցմանը:

Արհեստական վիժեցմանն իրապես հաջորդում են առողջական և հոգեբանական խնդիրներ: Լավ է, երբ կանայք շուտ կազդուրվում են, սակայն հաճախ էլ առողջական բարդացումներ են լինում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քիչ չեն այն կանայք, ովքեր տարբեր բարդացումներով արհեստական վիժեցումից հետո նորից բժշկի են դիմում:

Հոգեբանական-զգացական խնդիրները ևս ակնհայտ են դառնում: Եթե ամուսինները հավատացյալ են, բայց սոցիալական կամ այլ պատճառներով դիմել են արհեստական վիժեցման, միևնույն ժամանակ իմանալով Եկեղեցու դիրքորոշումը, ապա այդուհետ ապրում են մեղքի մշտական գիտակցությամբ, դեպքը հիշելիս` ճնշված կամ տխուր զգացումներով: Դրա հետևանքով կարող են տուժել ամուսինների փոխհարաբերությունները, իսկ դրանից արդեն` իրենց երեխաների հանդեպ վերաբերմունքը:

Մեր Եկեղեցում աշխատանքներ են տարվում` պատրաստելու Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը, որն անդրադառնալու է նաև այսպիսի հարցերի: Կաթոլիկ, Ուղղափառ Եկեղեցիներն ունեն իրենց սոցիալական հայեցակարգը` տարբեր դեպքերի, հանգամանքների համար սահմանված պատասխաններով: Սակայն դրանցում բացասական երևույթ կա: Այդ պատասխանները հիմնված են եկեղեցական հեղինակների, Աստվածաշնչի դիրքորոշման վրա, բայց երբեմն սեղմ են և միայն ժխտական և ոչ` ուսուցողական բնույթի:

Այդպես է պարագան նաև արհեստական վիժեցման առնչությամբ: Ասվում է, որ դա ընդունելի չէ Եկեղեցու կողմից աստվածաշնորհ կյանքի, ապրելու իրավունքի նկատառումով: Սակայն չի ասվում, թե ինչպե՞ս պետք է վարվեն ամուսիններն իրենց ամուսնական կյանքի ընթացքում: Ամուսնացյալ կինն ու տղամարդն ամեն օր չեն կարող ճգնավորի պես ապրել, բայց նաև տասնամյակների ամուսնության ընթացքում ամեն տարի չեն կարող երեխա ունենալ: Հայտնի է, որ կանայք երբեմն մինչև 50 տարեկան, իսկ տղամարդիկ մինչև 80-90 տարեկան ընդունակ են երեխա ունենալու:

Կաթոլիկ Եկեղեցին վերջին տարիներին արհեստական վիժեցման դեմ խիստ դիրքորոշումը վերահաստատելուց հետո նաև արգելեց և դատապարտելի համարեց բեղմնավորումը կանխող միջոցների օգտագործումը, քանի որ դրանք նպաստում են անբարոյականության և սեռական անբուժելի հիվանդությունների, ինչպես օրինակ` ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակների տարածմանը:

Արհեստական վիժեցման խնդիրներին վերաբերող եկեղեցական կանոնները հիմնականում հաստատվել են ամուսնական կյանքով չապրած, միջնադարյան եկեղեցական հեղինակների, գործիչների կողմից, ովքեր այդպես էլ մանրամասն չեն բացատրել ամուսինների կեցության և արհեստական վիժեցումից խուսափելու քայլերը` բերելով միայն արգելող կամ դատապարտող հայտարարություններ:

Սա բավական չէ և ուղղորդող չէ ամուսինների համար: Հոգևորականները պետք է բացեն փակագծերը և բացահայտ ցուցումներ տան հավատացյալ ամուսիններին` հիմնված քրիստոնեական վարդապետության, Սուրբ Գրքի ուսուցման վրա: Եթե ասելիքը պատշաճ չէ կամ տեղին չէ հոգևորականի բառապաշարի համար, ապա Եկեղեցին ամուսինների դաստիարակությունը պետք է իրականացնի նաև հավատավոր բժիշկների միջոցով, ովքեր մասնագիտորեն խորհուրդներ կտան:

Արհեստական վիժեցման խնդրի լուծումը մարդկային գիտակցության մեջ ամրապնդելն է մարդու կյանքի գերագույն արժեք լինելու գաղափարի, կյանքի աստվածաշնորհ լինելու և դեռ չծնված երեխայի արդեն իսկ մարդ լինելու և հաստատելու ընկալումը ապրելու իրավունքի մասին: