ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փոխնակ մայրության ճանապարհով ծնված մանկանը Եկեղեցին մկրտո՞ւմ է, համարո՞ւմ է իր համայնքի լիարժեք անդամ:

Եկեղեցին մկրտում է երեխաներին, քանի որ նրանք մասնակից չեն իրենց ծնողների մեղքերին և չի զրկում Աստծո շնորհներն ընդունելու, Երկնքի արքայության ժառանգորդ դառնալու հնարավորությունից: Երբ առաքյալներն արգելեցին երեխաներին Քրիստոսին մոտենալ, մեր Տերը` Քրիստոս, երեխաների մասին ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին Ինձ մոտ գալ և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև Երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19.1314):

Բացի դրանից Քրիստոս երեխաներին օրինակ բերեց բոլոր հավատացյալների համար` ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18.3): Ուրեմն, Եկեղեցին հայրերի ու մայրերի մեղքերը չվերագրելով զավակներին` մկրտում է երեխաներին, որպեսզի Աստծո շնորհները սփռվեն երեխաների վրա, և նրանք դառնան լավ ու բարի մարդիկ, աստվածահաճո քրիստոնյաներ և արժանի լինեն փրկության ու հավիտենական կյանքի:

Կարծիք կա, որ այդ երեխաներին չպետք է մկրտել, որովհետև նրանց լույս աշխարհ գալը հակառակ է բնությանը, և հետևանք է աստվածային կամքին հակառակ գնալու ծնողների մեղքի: Ըստ այդ տեսակետի` եթե ամուսինները երեխաներ չեն ունենում, ապա դա նշանակում է, որ Աստված չէր ցանկանում նրանց երեխա ունենալը, քանզի զրկել էր որդեծնության օրհնությունից` միևնույն ժամանակ նրանց կարծես թե ուղղորդելով որբ երեխաների որդեգրության, սերն ու խնամքը ծնողազուրկ երեխաների վրա տարածելու:

Սակայն միայն Աստծո չկամենալը որպես պատճառաբանություն բերելն իրողության ճշգրիտ արտացոլում չի լինի, քանզի այսօր զարգացել է բժշկությունը, և տարբեր վիրահատական, բժշկական այլ միջամտություններ են կատարվում` մարդկանց կյանքը փրկելու, կյանքը երկարացնելու, առողջացնելու համար: Վերոնշյալ տրամաբանությամբ կարելի էր ասել, որ Աստված չէր կամենում ծանր հիվանդության մեջ ընկած մարդկանց ավելի երկար ապրելը կամ որևէ տկարություն հաղթահարելը, դրա համար նրանց զրկել էր առողջությունից` հնարավորություն տալով ավելի շուտ ավարտելու այս երկրավոր, անցողիկ կյանքը և փոխադրվելու դեպի հավիտենություն:

Բայց մենք ընդունում և ճիշտ ենք համարում գիտության, բժշկության նոր նվաճումներն ու ձեռքբերումները և դրանց կիրառումը մարդկային կյանքում, եթե դրանք լուրջ վտանգներ չեն պարունակում և հակառակ չեն մարդու, կյանքի վերաբերյալ աստվածաշնչյան վարդապետությանը, չեն հակադրվում աստվածային կամքին:

Փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների պարագայում, սակայն, պետք է շեշտել ոչ թե Աստծո չցանկանալը երեխայի ծննդի, այլ ամուսինների հակառակ ընթացքը մարդկային բնությանը, ինչպես նաև ընտանեկան, ամուսնական փոխհարաբերությունների, որդեծնության քրիստոնեական գաղափարներին: