ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂՈԹՔ

Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթայի մեջ յուրաքանչյուր կիրակի իր հատուկ խորհուրդներն ու պատգամներն ունի: Դատավորի կիրակին բերում է մշտատև աղոթելու պատգամը:

Այս հորդորը մեր Տերը` Հիսուս Քրիստոս, տալիս է աշխարհում, ինչպես նաև մեր երկրում պատահող իրողության նկարագրությամբ: Մի այրի կին դիմում է դատավորին իր դատը տեսնելու: Բայց այս դատավորն անիրավ էր, և ինչպես երևում է, անգամ արդար գործի մեջ նյութական շահ պիտի ունենար, որպեսզի իր ծառայությունն աներ: Դրա համար էլ մերժում է կնոջը, որից որևէ նման օգուտ ստանալ չէր կարող:

Բայց կինն այնքան է դիմում դատավորին, որ նա ի վերջո ասում է. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի» (Ղուկ. 18.4-5):

Եվ Քրիստոս ասում է, որ եթե նույնիսկ անիրավ դատավորն այսպես վարվեց, ապա առավել ևս Աստված իսկույն արդարություն կանի Իրեն գիշեր-ցերեկ աղաղակող ծառաներին (Ղուկ. 18.6-7):

Անիրավ դատավորի մասին առակի մեջ մենք տեսնում ենք պայքար անարդարության դեմ: Բայց այստեղ հետաքրքրական է պայքարի ձևը: Քրիստոս չի ասում, որ շատ անգամներ անիրավ դատավորին դիմելուց հետո այրի կինն այնուհետ առճակատման գնաց անիրավ դատավորի հետ:

Ի՞նչ կլիներ այդ դեպքում: Անիրավ դատավորը, իր պես այլ անիրավ պաշտոնյա ծանոթներ ունենալով, կա՛մ այս այրի կնոջը կփակեր բանտում, կա՛մ նրան վնաս կպատճառեր: Աշխարհի փորձն էլ ցույց է տալիս, որ հեղափոխությունները կամ մեր օրերում էլ շարունակվող քաղաքացիական հակամարտությունները լավ արդյունքների չեն հանգեցրել: Այլ այրի կինը արդարության հասավ՝ համառորեն շարունակելով իր օրինական պայքարը:

Առաքյալները ևս ճշմարիտ հավատքի և աստվածային արդարության տարածման համար անգամ կայսրությունների հաղթեցին Տիրոջ խոսքի քարոզչությամբ: Ուրեմն, արդարության անդադար պահանջը ի վերջո ծնում է արդարություն, և անգամ այրի ու անօգնական կնոջ համառությունը` հանուն արդարության, հաղթանակ տարավ հզոր ու անաստված դատավորի հանդեպ:

Այրի կնոջ այս համառությունը աղոթքի հարատևության խորհրդանիշն է: Աղոթքի մեջ և աղոթքի միջոցով ենք մենք զորություն ստանում, շնորհների արժանանում, հոգու ուժը ամրապնդում այս կյանքի դժվարությունները հաղթահարելու, մեր կյանքում երջանկություն հաստատելու համար:

Բայց եթե Աստված ամենագետ է, ուրեմն ինչո՞ւ ենք աղոթում, և ինչո՞ւ է Քրիստոս մեզ մշտական աղոթքի հորդոր տալիս անիրավ դատավորի մասին առակով: «Եթե Աստված պատվիրում է աղոթել,- ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- ապա ոչ թե նրա համար, որ կարիք ունի մեր հիշեցման, այլ որպեսզի իմանանք, որ միայն Նրա օգնությամբ ենք ամեն ինչ անում, և որպեսզի անընդհատ աղոթքով Նրան հաճելի լինենք»։

Աղոթքով մենք դուրս ենք գալիս այս ժամանակավոր աշխարհի  տարածությունից և հոգու կարողություններով ներթափանցում հավիտենության տարածք ու միանում Աստծուն: