ԱՎԵՏԱՐԱՆԻ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ

«Ավետարան» բառը հունարեն «էվանգելիոն» բառի համարժեքն է, որ նշանակում է բարի լուր: Ավետարանը մեզ բերում է Քրիստոսով փրկության, Աստծո շնորհների, պարգևների ավետիսը, որպեսզի լինենք հուսառատ, բարի սպասումներով, հոգևոր մխիթարության և ուրախության զգացումներով:

Մեր առօրյան, սակայն, ամբողջական հակադրությունն է ավետարանական բարի լուրի: Ամեն ժամ մարդկանց մեջ սերմանվում են հոռետեսությունն ու հուսաբեկությունը: Եթե գիտակից կերպով մի պահ սթափվեք առօրյայի թմրեցնող ու միանման ընթացքից, անպայմանորեն կնկատեք, որ մարդկանց տներում ու մտքերի մեջ սփռվող լուրերն առավելաբար հիմնված են հոռետեսության, ժխտական ու բացասական իրադարձությունների քարոզչության վրա՝ պատերազմական իրավիճակ է, այսինչը սպանվել է, մեքենաների սարսափելի վթարներ են եղել, աղքատությունը մեծացել է, ահաբեկչական գործողությունների կամ աղետների, դժբախտ պատահարների հետևանքով այսքան մարդ է զոհվել:

Այսօր լրատվությունը հիմնականում հասկանում են ժխտական ու հուսահատեցնող իրողությունների բարձրաձայնում, և որքան ցավալի են դրանք, այնքան ավելի հաջողված են համարվում թողարկումները: Սրանց ավելանում են սրտաճմլիկ տարբեր հաղորդումներն ու սերիալները: Կարծես աշխարհում ոչ մի լավ բանի չի լինում: Այս ժխտականության ու հոռետեսության հորձանքներում, որ ամեն վայրկյան հեռուստատեսությամբ, համացանցով, զանգվածային լրատվության միջոցներով լցվում են հասարակության մեջ, դուրս են մղվում բարի լուրը, Ավետարանի բերած հույսի, սիրո, լավ ակնկալիքների զգացումները: Սա կարծես մի ինչ-որ ծրագիր լինի՝ մարդկանցից վերացնելու լավատեսությունը, ուրախ սպասումները, երազանքների իրականացման, նպատակների իրագործման հույսը, մարդկանց դարձնելու ավելի ճնշված ու մտահոգ, անընդհատ միայն խնդիրների մասին մտածող:

Այսպիսի վտանգավոր իրադրության մեջ ուշադրություն դարձրեք ինքներդ Ձեզ: Կտեսնեք, որ Ձեր ներաշխարհում հոռետեսության քանակն ավելի մեծ է, լավատեսությունն անհետանում է, ինքներդ Ձեզ հետ Ձեր մասին խոսելիս ավելի շատ օգտագործում եք ժխտական, քան դրական բառեր: Ժխտականության հետ առօրյա առնչումները բացահայտում են Ձեր ներքին վախերը այն իրադարձություններից, որոնցից կցանկանայիք փրկվել, փրկել Ձեր ընտանիքը, Ձեր երեխաներին ու հարազատներին:

Գուցե հենց սրանով է հասկանալի բացասական լուրերին հաղորդակցվելու մարդկանց հակվածությունը, քանզի այդ պահին մարդը մտածում է, որ այդ ամենն իրենից հեռու է, և ինքն այս կողմում ապահովության մեջ է: Բայց ներքին վախերի ու անհանգստությունների հստակեցումը նաև տեղեկություն է, որով չարն իմանում է, թե ինչով կարելի է վնասել Ձեզ:

Հոգևոր անդորրություն, մտքերի խաղաղություն, բարի գործերի հաջողության համոզվածություն, մշտատև լավատեսություն ունենալու համար դադարեք հոռետեսության աղբյուրներին հաղորդակցվելուց, բացասական բառապաշար օգտագործելուց, միշտ Ձեր սրտում ամուր պահեք Ավետարանի բարի լուրը, որպեսզի Ձեզ համար իրականանա մարդկությանն ուղղված Քրիստոսի հիասքանչ խոստումը. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհ. 10.10):