ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԸ 

Ավագ հինգշաբթի օրը հիշատակն է Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման։ Առավոտյան մատուցվում է բաց Պատարագ։ Քրիստոս ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ. 6.54): Քանի որ կերակրի պատճառով մարդը զրկվեց դրախտից և երանելի կյանքից, դրա համար էլ Աստված կարգեց, որ նույն ուտելու միջոցով` Սուրբ Հաղորդությունը ճաշակելով, մարդիկ մաքրվեն մեղքերից և զորանան հոգով: «Սա եղիցի քեզ ի քավություն և ի թողություն մեղաց»,- ասում է պատարագիչը հաղորդություն ստացողներին: Պատարագամատույցում  Սուրբ Հաղորդությունը կոչվում է նաև մարմնի և հոգու դեղ:

Հացն ու գինին առավել, քան որևէ այլ նյութ, մեզ հայտնապես ցույց են տալիս Քրիստոսի չարչարանքները, քանզի ցորենը աղացվում է և հացը հնոցում եփվում, և գինին պատրաստվում է հնձանում ճմլվելով: Եվ հացն ու գինին իրենցով մեզ հիշեցնում են Քրիստոսի ահավոր տառապանքներն ու չարչարանքները:

Ինչի՞ համար է Եկեղեցու այս խորհուրդը կոչվում Հաղորդություն: Վարդապետներն ասում են, որ սա նաև այլ անուններ ունի` ըստ զանազան ժամանակների: Այն նախ կոչվում է Պատարագ, որ ցույց է տալիս անցյալը, ըստ այն խոսքի, թե «Քրիստոս … ինքը իրե՛ն պատարագ մատուցեց» (Եբր. 7.27): Այս խորհուրդը կոչվում է նաև թոշակ և ցույց է տալիս հանդերձյալը, քանզի հանդերձյալ կյանքի համար էլ սրանով օգուտներ ենք ամբարում: Եվ մեռնողներին վերջին հաղորդություն տալու կարգի մեջ էլ հաղորդությունը թոշակ է կոչվում: Եվ կոչվում է հաղորդություն ներկայի համար, քանզի բազումներին հաղորդում է մեկի, այսինքն՝ անդամ լինել Քրիստոսի: «Մարմին Նրա մարմնից և անդամներ Նրա անդամներից»,- ասում է սուրբ առաքյալը (Ա Կորնթ. 12.27): Հաղորդ նշանակում է նաև ժողով. այն մեղքերով զանազանվածներիս ժողովում է մեկ սրբության:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը։ Խորանի վրա հոգևորականը լվանում և յուղով օծում է տասներկու հոգու ոտքերը։ Սա արվում է Քրիստոսի արարքի նմանողությամբ, երբ Քրիստոս ևս լվաց Իր տասներկու աշակերտների ոտքերը` խոնարհության նշան ցույց տալով, ու ասաց. «Մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13.15)։

Ավագ ուրբաթը հիշատակն է Քրիստոսի չարչարանքների և խաչելության։ Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո է օրը փոխվում, որով և Տիրոջ չարչարանքներին նվիրված արարողությունը կատարվում է հինգշաբթի ուշ երեկոյան։ Արարողության ընթացքում Ավետարաններից ընթերցումները ներկայացնում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին դեպքերը (Հովհ. 13.16-18.1, Ղուկ. 22.1-65, Մարկ. 14.27-72, Մատթ. 26.31-56, Մատթ. 26.57-75, Հովհ. 18.2-27, 18.28-19.6):  Ավետարանական յուրաքանչյուր ընթերցանությունից հետո խորանի վրա վառվող 13 մոմերից, որոնք  խորհրդանշում են Քրիստոսին և առաքյալներին, հերթով հանգցնում են երկուական մոմ։ Քրիստոսին խորհրդանշող մեջտեղի մոմը վերջում միայնակ վառվողն է դառնում՝ հիշեցնելով Հուդայի մատնությունից հետո առաքյալներից լքված Քրիստոսի միայնակ մնալը: Հուդային խորհրդանշող մոմը սև գույնի է լինում և չի վառվում։ Արարողության համապատասխան հատվածում հանգցնում են եկեղեցու լույսերը՝ ի հիշատակ խաչելության ժամանակ արեգակի խավարման: Արարողությունն ավարտվում է փառաբանական հոգևոր երգեցողությամբ:

Հետաքրքիր է իմանալ Քրիստոսի խաչելության վերաբերյալ մանրամասները: Քրիստոս Պիղատոսի մոտ դատի էր, ըստ Մատթեոսի, երբ առավոտ եղավ (27.1), իսկ Հովհաննեսը ավելի հստակ է նշում` այգաբաց էր (18.28), որը մեր ժամանակահաշվարկով առավոտյան մոտ ժամը վեցն է: Հետո Մարկոսը, ըստ հրեական ժամանակի, հստակ ասում է, որ խաչելությունը կատարվեց օրվա երրորդ ժամին (15.25), որ մեր ժամանակով առավոտյան ժամը ինն է: Այնուհետ բոլոր համատեսներն ասում են, որ խավար տիրեց օրվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը, այսինքն` խաչելությունից երեք ժամ հետո, որ մեր ժամանակահաշվարկով լինում է ժամը տասներկուսից մինչև ժամը երեքը: Խավարումը նաև իրականացումն էր Ամոսի մարգարեության (8.9-10): Փրկիչը խաչի վրա եղավ մոտ վեց ժամ:

Հրեաները ցանկացան Բարաբբային ազատել և Հիսուսին խաչել, և ինչպես հրեաներն ընտրեցին ավազակին ու մերժեցին Քրիստոսին, այնպես էլ Քրիստոս ընտրեց ավազակին՝ Իր աջ կողմում խաչվածին արժանացնելով փրկության, և մերժեց հրեաներին: Քրիստոս տեսնելով, որ սատանան խլեց Իր աշակերտներից մեկին, Ինքն էլ խլեց նրա աշակերտներից մեկին:

Քրիստոսի Խաչելության ժամանակ արևը խավարեց, որպեսզի նրանք, ովքեր Քրիստոսին չհավատացին լույսի ժամանակ, հավատան խավարի ժամանակ: 

Փառք, պատիվ և երկրպագություն մեր Տեր Հիսուս Քրիստոսին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: