ԱՍՏՎԱԾ ԽՈՍՈՒՄ Է

Աստված հայտնեց Իրեն մարդկությանը, խոսեց մարգարեների հետ, տեսիլքներով հաղորդակցվեց սրբերի հետ` տալով Իր պատգամներն ու պատվիրանները: Այսօր մարդիկ կան, ովքեր ասում են, թե իրենք լսում են Աստծո, հրեշտակների ձայները և երբեմն նույնիսկ տեսնում նրանց:

Այս երևույթը շատ է հետաքրքրում նաև հոգեբաններին, ովքեր բավականին ուսումնասիրություններ են արել և պատասխաններ տվել: Որոշ հոգեբաններ ասում են, որ այս կյանքից դժգոհ և հիասթափություններ ունեցող մարդիկ իրենց երևակայության մեջ ստեղծում են իրենց սեփական աշխարհը, որտեղ նրանք պայքարում են չարի դեմ և հաղթում:

Սակայն կրոնական տեսակետի համաձայն` այս տեսակի մարդիկ նախանձախնդրություն ունեն Աստծո հանդեպ, իրենց միամտության մեջ ուզում են տեսնել և լսել Աստծուն, և երբեմն որոշ մարդկանց պարագայում չարն օգտագործում է այս առիթը` մարդկանց գցելով իր ազդեցության տակ: Ոմանք էլ, իրոք, հաղորդակցվում են հոգևոր աշխարհի հետ գերբնական ձևով:

Հոգեբանները հաճախ հաջողություններ չեն ունենում իրենց կողմից հիվանդ համարվող, պատրանքային տեսիլքների հաղորդակցվող մարդկանց բուժելու գործում, որովհետև նրանք չեն տեսնում խնդրի հոգևոր կողմը և փորձում են բժշկել որևէ մեկին` այդպիսի վիճակը բացատրելով միայն ֆիզիկական տեսանկյունից` ուղեղի վրա ուռուցքներ, գլխուղեղի կեղևի ֆունկցիաների խախտում, գլխուղեղի արյունատար անոթներում արյան շրջանառության վատթարացում և այլն:

Բազում մարդիկ պատրանքներ, հալյուցինացիաներ են ունենում, նրանք լսում են ձայներ, տեսնում հրեշտակների կամ տարբեր անձեր ու պատկերներ: Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրի վրա ապրող հարյուր մարդուց մեկը այսպիսի մղձավանջային վիճակի մեջ է:

Սակայն մենք կսխալվենք, եթե մարգարեների, սրբերի վարքն ու բարքը բացատրենք հոգեկան հիվանդությամբ: Մարգարեներն իրականում լսել են Աստծո ձայնը և հրաշքներով, իրենց մեծ գործունեությամբ ապացուցել են, որ նրանք ընտրյալներ են Աստծո կողմից:

Այն փաստը, որ մենք մարգարեներ չենք, և Աստված Ինքն ուղղակիորեն չի խոսում մեզ հետ, չի նշանակում, որ Աստված անտեսում է մեզ կամ ավելի քիչ սիրում, քան մարգարեներին: Օրինակ` Աստված խոսեց Մովսեսի հետ Վկայության վրանի, դրանում դրվելիք սպասքի, քահանաների զգեստների պատրաստության մասին (Ելք 26-30), բայց Մովսեսը պիտանի չէր վրանի կառուցման և մյուս պիտույքների պատրաստման համար: Դրա համար Աստված ցույց տվեց այն արհեստավորներին, ովքեր կարող էին կատարել այդ գործը (Ելք 31.16):

Նման երևույթ կարող ենք տեսնել նաև բնության մեջ: Տանձենին չի կարող անգամ մի փտած խնձոր պտղաբերել, իսկ խնձորենին չի կարող տանձ ունենալ իր ճյուղերին: Նույն կերպ մշակույթի որևէ բնագավառում տաղանդավոր մարդը չի կարող իր տանը հմտություն պահանջող անգամ փոքր կենցաղային գործ անել, որն իրականացվում է մի պարզ արհեստավորի կողմից:

Նաև մենք մարգարեներ չենք, որոնց հետ Աստված խոսեց, սակայն յուրաքանչյուրն արժեքավոր է իր բնագավառում, և Աստված սիրում է մեզ նույն հոգատարությամբ և խոսում ամենքիս հետ Սուրբ Գրքի և այլ աղբյուրների միջոցով: