ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՁԵՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Առաքյալների քարոզչությամբ հեթանոսները դարձի եկան, հրաժարվեցին իրենց արատավոր սովորություններից և նույնիսկ նահատակվեցին հանուն քրիստոնեության: Եթե նրանց` հեթանոսությունից նորադարձներին, համեմատենք այսօրվա շատ քրիստոնյաների հետ, մեծ տարբերություն կտեսնենք:

Կարո՞ղ ենք արդյոք պատկերացնել, որ վաղ շրջանի քրիստոնյաները, ովքեր վախով, մահվան սպառնալիքի տակ աստվածպաշտության համար հավաքվում էին գետնափոր խորշերում, քարանձավներում` կատակոմբներում, աղոթավայր մտնելով` միայն մեկ կամ մի քանի մոմ վառեին ու դուրս շտապեին` մտածելով, թե մոմ վառելով ապրեցին իրենց քրիստոնեական կյանքը:

Այն ժամանակ նախանձախնդիր էին հատկապես ողջախոհության համար: Միչդեռ երեք դար առաջ ապրած փիլիսոփաներից մեկն ասում է, որ կանացի ողջախոհությունը դա մասնավորապես միայն հոգատարություն է բարի անվան և հանգստության համար։ Ակներև է, որ եթե հանգիստը և բարի անունը չխաթարվեր, ոմանք նաև այլ քայլերի պիտի դիմեին: Կամ կարո՞ղ ենք պատկերացնել այն ժամանակվա ողջախոհությանը նախանձախնդիր կին քրիստոնյաներին, որ հեռու լինեին աղոթքից, աստվածպաշտությունից և կամ քարանձավ-աղոթավայրում մի քանի րոպե աղոթելուց հետո շտապեին իրենց տները` հեռուստացույցով դիտելու ֆիլմեր, սերիալներ, կամ այն ժամանակներին հատուկ թատերական ներկայացումներ, որոնցում ցուցադրվող շատ տեսարաններ և կամ որոնց գաղափարն ընդհանրապես հակասում է ողջախոհության գաղափարին:

Կամ պատկերացնենք, որ այն ժամանակի նորադարձ քրիստոնյաները Աստվածաշունչ ունենային, բայց այն օգտագործեին ոչ թե ընթերցանության, այլ ցուցադրության համար. դնեին գրքերով լի գրադարակի ցուցափեղկի դիմացը` երեսով դեպի դուրս, որպեսզի իր տուն եկողները տեսնեն, որ ինքը Աստվածաշունչ ունի: Եվ կամ Աստվածաշունչը գործածեին գեղագիտական նպատակների համար, այն դնեին գրադարակի առջևում, որովհետև ոսկե տառերով կամ վրան խաչով Աստվածաշունչը գեղեցիկ է նայվում գրքերով լի գրապահարանի ֆոնի վրա:

Եվ կամ աստվածպաշտության հետ մեկտեղ նաև զբաղվեին աստղագուշակությամբ և աստղագուշական տեսություններին հետևելով, որոնք այսօր լայնորեն սփռվում են հեռուստացույցով և այլ միջոցներով: Զավեշտալի է այս ամենը պատկերացնելը այն ժամանակի քրիստոնյաների համար: Եվ մենք պետք է ձգտենք բարձր պահել մեր ժողովրդի պատիվը` իբրև աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդ, ամեն ջանք ներդնելով, որպեսզի հանկարծ մի օր մեր աստվածպաշտությունը երբեք չվերածվի ձևապաշտության: