ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Հնագույն ժամանակներից աշխարհի, մարդկության ստեղծումն ու գոյությունը կապված է եղել գերբնականի վերաբերյալ ընկալման հետ, ընդունելի էր համարվում աստվածային ներազդեցությունը մարդկության կյանքում: Սակայն հատկապես ուշ միջնադարի ժամանակաշրջանից սկսեցին գերիշխող դառնալ մատերիալիստական գաղափարները: Ինչպիսի՞ հակասություն առաջ բերեց այդ իրադրությունը:

Քրիստոնեությունը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն մարդու հոգևոր աշխարհի զորացման, ճշմարիտ աստվածպաշտության հաստատման, այլև գիտական, գրական, մշակութային առաջընթացի մեջ: Թեև այլ կրոնի հետևորդներ ևս համամարդկային գիտությանն ու մշակույթի զարգացմանը կարևոր նպաստ են բերել, սակայն քրիստոնեության տարածումից հետո քրիստոնեական աշխարհն զգալի ներդրում ունեցավ մարդկության առաջընթացի գործում:

Դրանով հանդերձ քրիստոնյա մարդկությունը զերծ չեղավ սայթաքումներից, չարի գայթակղություններից, որոնք պատճառ էին դառնում անգամ Կայենի և Աբելի ողբերգական պատմության ցավալի կրկնությունների:

Արդի ժամանակներում մարդկությունը բարձրացավ գիտության, նյութական առաջընթացի ու զարգացման իր բարձրակետին, սակայն հաճախ սայթաքեց հոգևոր ոլորտից: Փորձ արվեց մարդկանց հետ Աստծո մշտապես լինելու իրողությունը հեռացնել մարդկության գիտակցությունից պատմության նյութապաշտական ընկալմամբ` Աստծուն դուրս դնելով մարդկության կյանքում նախախնամական միջամտությունից ու հոգածությունից:

Արարչագործությունը պատկերվեց որպես պատահականության արդյունք, որտեղ գլխավոր տեղում է ոչ թե սերը, որով Աստված ստեղծեց աշխարհն ու տիեզերքը, այլ նյութական երևույթներն ու եղելությունները: Նաև Եկեղեցին սկսեցին ներկայացնել որպես նյութական հաստատություն` եկեղեցիացյալ ժողովուրդ լինելու, Քրիստոսի խորհրդական մարմինը լինելու սուրբգրական հիմնավորման (Ա Կորնթ. 12.27, Եփես. 1.23, 4.12, Կող. 1.24, 2.19) անտեսումով:

Այսպիսով, աստվածային հայտնությունը փոխարինվեց մարդկային հայտնությամբ` առաջ եկած գիտության մատերիալիստական տարբեր ենթադրություններով ու տեսություններով: Գիտությունն իր օգտաշատ ձեռքբերումներով նաև վնասակար շահարկումների, մարդու աստվածաշնորհ կյանքին սպառնացող վտանգների, սոսկ նյութականության պնդումների առկայությամբ երբեմն դարձավ բաբելոնյան աշտարակ, որով վերընթացը պատճառեց մարդու և Աստծո, մարդու և իր նմանի միջև սիրո, համերաշխության, խաղաղության խաթարումը:

 

image147Ներկա գաղափարախոսությունների, դարվինիզմի և նյութապաշտ այլ տեսությունների ազդեցությամբ հաճախ փոխվել կամ աղավաղվել է մարդու աշխարհընկալումը և անգամ ինքնընկալումը: Այդ փոփոխություններում կամ հանընդհանուր նյութականացմանը միտված իրավիճակներում որո՞նք են առկա վտանգները:

Ներկա աշխարհի քաղաքական, տնտեսական ընկալումներն ու գործունեությունները մեծապես ազդվել են մարդկության ծնունդն ու գոյատևումը կենդանական աշխարհի իրողությունների նմանությամբ գոյության կռվի ու պայքարի համատեքստում պատկերող, դարվինիզմի վրա հիմնված տարբեր տեսություններից, որոնցում բացառված է Աստծո և Նրա հայտնության, քրիստոնեության հիմնարար դերն ու նշանակությունը:

Եվ Բարձրյալի հանդեպ հավատքը հաճախ դիտարկվում է ոչ թե կյանքում Տիրոջ մշտական ներկայությամբ, «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` միչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28.20) Քրիստոսի խոսքերի վավերականությամբ, այլ իբրև պարզապես զուտ անձնական զգացում և ներապրում: Այսպիսի իրավիճակում մարդու գոյության կարևոր նպատակը շրջափակվում է միայն այս կյանքի կարիքների ու կրքերի բավարարման շեշտադրությամբ:

Հավիտենությունը նկատվում է անիրական կամ հեռավոր, իսկ մարդու ընթացքը` զերծ երկնայինի ու աստվածայինի ներթափանցումից: Մինչդեռ դեպի հավիտենություն ընթանալն սկսվում է այս կյանքից, ինչպես ասում է Քրիստոս. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե` ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17.20-21):

Այս կյանքը սոսկ ժամանակավորի ու անցողիկի սահմաններում պարփակված պատկերացնելը և մարդկության պատմության մեջ Աստծո միջամտությունը բացառելն ստվերում է մարդու ընկալումը որպես Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծյալ, կյանքի ընկալումը` որպես գերագույն արժեք, սիրո դրսևորման ընկալումը` որպես աստվածանմանություն, մարդու ընթացքի ընկալումը` ոչ թե ուղղված դեպի գերեզման և քայքայում ու ոչնչացում, այլ դեպի հավիտենություն ու Երկնքի արքայություն:

Կարդալ նաև`