ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ` ԳԻՐՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Երբ մահանում է լեզուն, որով գրված է գիրքը, փաստորեն այն ևս մահանում է: Քչերը կարող են կարդալ այն հին լեզուներով, որոնցով գրվել է Աստվածաշունչը: Սակայն գիրքը ողջ է: Ինչպե՞ս է այն վերապրել և սովորել խոսել մարդկության ժամանակակից լեզուներով:

Աստվածաշունչը գրվել է եբրայերեն և հունարեն: Եբրայերեն գրվել է Հին Կտակարանը, հունարեն` Նոր Կտակարանը: Նոր Կտակարանի հունարեն լեզուն տարածված էր հռոմեական կայսրության սահմաններում, որը և նպաստեց նաև նորկտակարանյան գաղափարների տարածմանը, քրիստոնեական հավատքի հաստատմանը: Այնուհետ Աստվածաշունչը թարգմանվեց նաև տարբեր լեզուներով:

Աստվածաշնչի հարատևության պատճառը ոչ թե մարդկային այս կամ այն հասկանալի լեզվով գրված լինելն է, այլ նախ և առաջ այն, որ Աստվածաշունչը գրված է մարդու հոգու լեզվով, այսինքն` մարդկային հոգևոր նվիրական ապրումներն ու զգացումները, առ Աստված ձգտումը, առօրյայի, մտահոգությունների, կյանքի և մահվան, հավիտենական կյանքի գաղափարներն արտացոլված են Աստվածաշնչում և հոգեհարազատ են մարդուն:

Բացի դրանից, Աստվածաշունչը նաև այլ զորություն ունի. Սուրբ Գրքի ընթերցանությունը զորացնում է մարդուն հոգեպես և դա զգալի է լինում մարդու կյանքում: Աստվածաշնչի այս հրաշալի հատկությունը բացատրվում է նրանով, որ այն Աստծո հայտնությունն է մարդկանց, պարունակում է Աստծո խոսքը, որը մեծ հզորություն ունի:

Հնում Աստվածաշնչի օրինակներ քիչ կային, քանի որ տպագրության գյուտից առաջ ձեռագիր Ավետարանները կամ Աստվածաշունչը շատ քչերին էր հասանելի: Հոգևորականները պարզապես կարդում էին Սուրբ Գիրքը և բացատրում հավատացյալներին: Այդպես էր նաև Հայաստանում, երբ Սուրբ Գրքի լեզուն հայերենը չէր, այլ հունարենը կամ ասորորենը, քանի որ հայերեն գրեր չկային:

Այս հանգամանքը մեծապես դժվարացնում էր Սուրբ Գրքի գաղափարների քարոզչությունը, մինչև որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն գրերը, և Աստվածաշունչը թարգմանվեց հայերեն: Այսօր Աստվածաշունչը թարգմանված է աշխարհի շուրջ 2500 լեզուներով: Սրանք այն լեզուներն են, որոնցով խոսում է աշխարհի բնակչության շուրջ 90 տոկոսը:

Կան մարդիկ, որոնք որոշակի կարծիք ունեն Աստվածաշնչի մասին, սակայն անձամբ չեն կարդացել: Նրանք թերևս գնահատում են նրա գրական և պատմական արժեքները, բայց զարմանում են, թե ինչպե՞ս կարող է հազարամյակներ առաջ գրված գիրքը ժամանակակից աշխարհին հարմար լինել: Կարո՞ղ է Աստվածաշունչը ներկայի համար գործնական և օգտակար լինել:

Աստվածաշունչը բոլոր ժամանակների համար է, որովհետև Աստծո խոսքը չի հնանում: Քրիստոս նաև ասում է. «Երկինք ու երկիր կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մարկ. 13.31, Ղուկ. 31.33): Սա նշանակում է, որ ժամանակներից վեր է Աստծո խոսքը և բոլոր ժամանակների մարդկանց իր ասելիքն ունի, իր ազդեցությունն է սփռում բոլորի վրա: Մարդիկ զգում են Աստվածաշնչի կարիքը և դրա ներգործող մեծ ուժն ու զորությունը:

Այսօր Աստվածաշունչն աշխարհում ամենաշատ բաշխվող և ամենաշատ վաճառվող գիրքն է: Տարեկան այն բաժանվում կամ վաճառվում է հարյուր միլիոնավոր օրինակներով: Աստվածաշնչային Միացյալ Ընկերության 1998 թ. տեղեկատվության համաձայն` Աստվածաշունչը ամբողջական, ինչպես և Հին ու Նոր Կտակարաններով կամ առանձին գրքերով բաժանվել և վաճառվել է 585 միլիոնից ավելի օրինակներով:

Այսօր բոլորիս տանն էլ Աստվածաշունչ կա: Սակայն մեր հասարակության մեջ նաև այն բացասական երևույթն է առկա, որ չնայած Աստվածաշունչ գրեթե բոլորն ունեն, սակայն շատերն այն չեն ընթերցում, այլ դնում են գրադարակներում ցուցադրության նպատակներով: Սա ընդունելի չէ, որովհետև, ինչպես ասում է Քրիստոս, միայն հացով չի ապրում մարդ, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից (Մատթ. 4.4, Ղուկ. 4.4):

Միայն մարմինը սնելը բավարար չէ, մարդը պետք է սնի նաև իր հոգին, և այդ հոգևոր սնունդն Աստծո խոսքն է: Մարդիկ հաճախ փորձության են ենթարկվում Աստծո խոսքը չընթերցելու, ժամեր են անցկացնում՝ ֆիլմեր, սերիալներ դիտելով, հեռախոսազրույցներ ունենալով, սակայն մի փոքր ժամանակահատված դժկամում են նվիրել Աստծո խոսքի ընթերցանությանը կամ աղոթքին, զրուցել Աստծո հետ, փառաբանել Նրան Իր տված բարիքների համար:

Սա ևս չարի փորձություն է, որով չարը ցանկանում է մարդուն ետ պահել Սուրբ Գրքով զորանալուց, Աստծո հետ հաղորդակցությունից` նրան մեղքերի մատնելու և դժոխքի դատապարտելու համար: Այս ամենը գիտակցելով` քրիստոնյան պետք է հետևողական լինի Աստծո խոսքով սնվելու, Աստծո հետ աղոթքով հաղորդակցվելու և աստվածաշնորհ բարիքներ ստանալու համար:

Կարդալ նաև`