ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Կրոնը միշտ չէ, որ բարեկամաբար է վերաբերվել գիտությանը: Անցյալ դարերում որոշ աստվածաբաններ դիմադրել են գիտական հայտնագործություններին` կարծելով, որ դրանք սպառնալիք են հանդիսանում Աստվածաշնչի իրենց մեկնաբանությունների համար: Գիտությունն իրո՞ք Աստվածաշնչի թշնամին է:

Գիտությունը երբեք հակառակ չէ Աստվածաշնչին, այլապես իրենք գիտնականները պետք է բարձրաձայնեին դա և բողոքեին: Նրանք, ովքեր խոսում են Աստվածաշնչի և գիտության հակառակության մասին, գիտնականներ չեն, այլ իմաստակներ, ովքեր իրենց անհավատությանը փորձում են արդարացում գտնել: Մինչդեռ աշխարհահռչակ բոլոր մեծ գիտնականները հավատացյալ են եղել և մեծ հարգանքով են վերաբերվել Աստվածաշնչին:

Ֆիզիկոս Նյուտոնը, օրինակ, ոչ միայն հավատացել է Աստծուն և ընդունել Աստվածաշնչի հեղինակությունը, այլև իր գիտական աշխատանքներից զատ նաև մեկնություններ է գրել Աստվածաշնչի որոշ գրքերի վերաբերյալ` ի մասնավորի Դանիելի մարգարեության և Հովհաննու Հայտնության մասին: Մաթեմատիկոս Բլեզ Պասկալը բացի գիտական մեծ նվաճումներից նաև հոգևոր աշխատություններ է գրել` խոսելով հավատքի, Աստծո, Աստվածաշնչի մասին` բազում մեջբերումներ կատարելով Սուրբ Գրքից:

Գալիլեո Գալիլեյն ասում էր, որ բնությունն Աստծո երկրորդ գիրքն է, որից մենք չպետք է հրաժարվենք և որը մենք պարտավոր ենք կարդալ: Գալիլեյը նաև մեկ այլ հիանալի միտք է արտահայտել Աստվածաշնչի մասին` ասելով. «Սուրբ Գրքի նպատակն այն է, որ մեզ սովորեցնի, թե ինչպես ընթանանք երկինք, և ոչ թե այն, թե ինչպես է ընթանում երկինքը»:

Միխայիլ Լոմոնոսովն ասում էր, որ Արարիչը մարդկությանը երկու գիրք է տվել, մեկում ցույց է տվել իր փառավորությունը, մյուսում` Իր կամքը: Առաջինը տեսանելի աշխարհն է, իսկ երկրորդը` Սուրբ Գիրքը: Ամերիկացի մեծ գյուտարար Թոմաս Էդիսոնը, որի բազմաթիվ գյուտերից է էլեկտրական լամպը, ասել է. «Իմ մեծագույն հարգանքը և հիացմունքը բոլոր ինժեներներին, հատկապես նրանցից ամենահանճարեղին` Աստծուն»:

Ֆիզիկոս Ջոզեֆ Թոմսոնը, ով հայտնագործել է էլեկտրոնը և ֆիզիկայի ոլորտում իր նվաճումների համար արժանացել Նոբելյան մրցանակի, ասել է. «Մի՛ վախեցեք լինել անկախ մտածողներ: Եթե դուք բավականին ուժեղ եք մտածում, ապա դուք անխուսափելիորեն գիտության միջոցով կգաք առ Աստված հավատքին, որը կրոնի հիմքն է: Դուք կտեսնեք, որ գիտությունը թշնամի չէ, այլ կրոնի օգնականը»:

Հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Յուրաքանչյուր լուրջ բնախույզ պետք է ինչոր կերպ հավատավոր մարդ լինի: Այլ կերպ նա ընդունակ չէ պատկերացնելու, որ այն անհավանական նուրբ փոխազդեցությունները, որոնք ինքը դիտարկում է, մտածված են ոչ իր կողմից: Անսահման տիեզերքի մեջ ի հայտ է գալիս անսահմանորեն կատարյալ Բանականության գործունեությունը: Իմ մասին սովորական պատկերացումը` որպես աթեիստի, մեծ մոլորություն է: Եթե այդ պատկերացումը քաղված է իմ գիտական աշխատություններից, ապա կարող եմ ասել, որ իմ աշխատությունները հասկացված չեն»:

Քվանտային մեխանիկայի հիմնադիրներից Մաքս Բոռնը ասել է. «Բազմաթիվ գիտնականներ հավատացյալ են: Նրանք, ովքեր ասում են, թե գիտությունների ուսումնասիրությունը մարդուն աթեիստ է դարձնում, հավանաբար ինչ-որ ծիծաղելի մարդիկ են»: Քվանտային ֆիզիկայի հիմնադիրներից Կարլ Հեյզենբերգն ասել է. «Առաջին ումպը գիտության անոթից մեզ դարձնում է աթեիստ, բայց այդ անոթի ներքևում մեզ սպասում է Աստված»:

Կրոնին և Աստվածաշնչին կողմ արտահայտված գիտնականների ցանկը կարելի է երկար շարունակել: Եվ եթե հայտնվի մեկը, ով գիտական իր կշիռով ու հեղինակությամբ, գիտության մեջ կատարած ներդրումներով հավասար կլինի այս բոլոր գիտնականների հանրագումարին և խոսի կրոնի կամ Աստվածաշնչի դեմ, այդ ժամանակ գուցե մտածենք այդպիսի մեկին լսելու մասին:

Բայց քանի դեռ այս և նման կերպ մտածող բոլոր գիտնականներին միասին վերցրած համահավասար մեկը չկա իր հեղինակությամբ ու գիտական վաստակով, ով հակառակ կարտահայտվի, ապա մնացածների ասածները, կարծիքները Աստվածաշնչի կամ քրիստոնեական կրոնի հետ գիտության հակադրության մասին, Աստվածաշնչի և քրիստոնեական կրոնի օգտին խոսող բոլոր գիտնականների կարծիքների և խոսքերի համապատկերի առջև պարզապես ծիծաղելի և անլուրջ են թվում: