ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աստվածաշնչում առաջին հայացքից ապշեցնում են այն հատվածները, որոնցում նկարագրված է, թե ինչպես է Աստված պատվիրում բնաջինջ անել ամբողջ ժողովուրդների: Աստված հրահանգում է ոչնչացնել յոթ ազգերի` քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին և աստվածային պատվերի համաձայն ոչ ոքի կենդանի չթողնել, որպեսզի նրանք իրենց գարշելի մեղքերը և կռապաշտությունը չտարածեն հրեաների մեջ (Բ Օր. 7.1-2, 20.16-17): Աստծո զորակցությամբ քաջալերված հրեաները Երիքովի գրավումից հետո սպանում են տղամարդկանց, կանանաց, ծերերին, երիտասարդներին և ընտանի անասուններին (Հես 6.21), Աստծո կողմից հրահանգվում է` նույն կերպ վարվել Գայիի թագավորի և ողջ բնակչության հետ (Հես. 8.2), կոտորել և ոչնչացնել ամաղեկացիներին, հարիմացիներին, նրանց կանանց, երեխաներին ու կաթնակեր մանուկներին (Բ Օր. 25.19, Ա Թագ. 15.3), բոլորին ոչնացնելու պատվերը զանց առնելու և ոմանց խնայելու համար պատժվում է Սավուղ թագավորը (Ա Թագ. 15.18-33):

Աստվածաշնչյան այս կոտորածների պատճառը, ինչպես և ասվում է Սուրբ Գրքում, պատժվող ժողովուրդների հոգևոր և բարոյական գարշելի վիճակն է եղել: Եվ ի տարբերություն նոր ժամանակների ցեղասպանությունների, որոնք իրականացվել են գաղափարական, քաղաքական, տարածքային նկատառումներով, հինկտակարանյան ազգերի բնաջնջումը նպատակ է ունեցել աստվածային արդարության իրագործումն ու մեղքի վերացումը: Մովսեսը սովորեցրել էր հրեաներին, որ «Աստծո գործերը ճշմարիտ են, ու Նրա ուղիները` օրինավոր: Աստված հավատարիմ է, և Նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ» (Բ Օր. 32.4): Հրեաների համոզմունքով Աստված Իր արդարությամբ և հեղինակությամբ լրիվ իրավասությունն ուներ կործանելու որևէ մեղսալի քաղաք կամ ժողովրդի, քանի որ Աստծո դատաստանը և իմաստությունը գերիվեր է մարդկայինից: Այս հավատը նրանց մղում էր ամբողջովին վստահելու Աստծուն, նույնիսկ եթե Աստված նրանց պատվիրում էր անել այն, ինչ իրենք չէին անի որևէ այլ մեկի պարտադրանքի դեպքում: Այդ պատճառով սպանությունների կարգադրությունները նրանց թվում էին աստվածային արդարադատության իրագործում: Այսպիսի համոզմունքով նաև Աբրահամը Աստծո կարգադրությամբ գնում էր իր հարազատ որդուն սպանելու (Ծննդ. 22.2, 10), որովհետև հավատում էր Աստծո արդարությանն ու ճշմարտացիությանը` միևնույն ժամանակ հավատալով մեռյալների հարությանը, քանզի նրան ասվել էր, որ հենց ա՛յդ որդու սերունդներով է բազմանալու իր ազգը (Ծննդ. 17.15-21):

Աստծուն վերագրվող մարդակերպական հատկանիշների օգտագործումով Սողոմոնի իմաստության գիրքն անդրադառնում է Աստծո կողմից ազգերի բնաջնջման հարցին` ասելով, որ Աստծո համար ատելի էին դարձել հրեաներին տրված երկրի հին բնակիչները իրենց կատարած գարշելի գործերի` կախարդությունների, անսուրբ զոհաբերությունների, մանուկների անողորմ կոտորածների և կռապաշտական ծեսերի ժամանակ մարդկային մարմնի փորոտիք և արյուն ուտելու համար: Ըստ Սուրբ Գրքի` Աստված գիտեր, որ նրանց մտածումները հավիտյան չեն փոխվելու, ու թեև Աստված անզոր չէր ամբարիշտների դեմ պատերազմելու արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով կամ հենց մի խոսքով կործանելով նրանց, բայց նախընտրեց այդ ազգերին պատժել հրեաների հայրերի ձեռքով (Իմաստ. 12.1-11): Այսպիսի պատժի համար Աստծուն ուղղված հնարավոր մեղադրանքներին անդրադառնալով` Սուրբ Գիրքն ասում է. «Ո՞վ կարող է Քեզ ասել, թե ինչ ես անում, ո՞վ կարող է դեմ կանգնել Քո դատաստանին, կամ ո՞վ կարող է Քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ Դու արել ես, և կամ ո՞վ կարող է Քեզ հակառակվել` անիրավ մարդկանցից վրեժխնդիր լինելու համար: Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, և Քո ուժին օտար է անարդար պատիժը» (Իմաստ. 12.12, 15):

Բնաջնջված վերոնշյալ ազգերը հիմնականում քանանական ցեղերի հետնորդներն էին, Նոյի կողմից անիծված նրա կրտսեր որդի Քամի  սերունդներից (Ծննդ. 9.6, 10.6-20): Անիծված Քամի սերունդներն անգութ ու վայրագ մարդիկ էին և ահավոր մեղքեր էին գործում` արյունապղծություն, կռապաշտություն, անասնապղծություն, միասեռականություն, ծիսական անառակություն, երեխաների զոհաբերություն` կենդանի մանուկներին այրելով: Այս Քամի որդի Քանանի սերունդներից էին բնակվում նաև պղծությունների և ահավոր մեղքերի համար կործանված Սոդոմ և Գոմոր քաղաքներում (Ծննդ. 10.19): Աստված զգուշացնում էր իսրայելցիներին չյուրացնել այդ ազգերի գարշելի սովորությունները, որոնք հատկապես իրենց երեխաներին` տղային կամ աղջկան, զոհաբերում էին այրելով (Ղևտ. 18.21, 24-30; Բ Օր. 12.31, 18.9-10; Դ Թագ. 4.27, 23.10; Բ Մնաց. 28.3, 33.6; Երեմ. 7.31, 19.4-5, 32.35):

Ինչպե՞ս կվարվեր մարդը, իր առջև տեսնելով մեկ այլ մարդու, որը պղծություններ կատարելով շարունակաբար սպանում է իր փոքրիկ և անօգնական երեխաներին, ովքեր գալարվում են ահավոր տանջանքների մեջ և մեռնում աննկարագրելի չարչարանքներով: Պղծությունն ու արյունահեղությունները վերացնելու համար արդյո՞ք մարդն ինքը քայլեր չէր ձեռնարկի: Զազրելի մեղքերի պատճառով բնաջնջվելը հաստատվում է նաև աստվածաշնչյան այն հավաստմամբ, որ Աստված չէր կործանի ժողովուրդներին, եթե նրանց մեջ արդար մարդիկ լինեին: Աստված խոստանում է չկործանել Սոդոմը, եթե այնտեղ գոնե տասը արդար գտնվեն (Ծննդ. 19.26-32), խոստանում է խնայել Երուսաղեմը, եթե այնտեղ գոնե մեկ արդար մարդ գտնվի (Երեմ. 5.1):

Աստվածաշնչյան «ցեղասպանությունները», որոնք պատիժ եղան ժողովուրդներին մեծ մեղքերի համար, նույնական չեն հայ ժողովրդի ցեղասպանության հետ, որը, չնայած իր ազգային-եկեղեցական կյանքում եղող թերություններին, միշտ ձգտել է հավատարիմ մնալ Աստծուն, պահպանել քրիստոնեական հավատքը: Երբ Կայենը սպանեց իր բարեպաշտ եղբայր Աբելին, Աստված չմիջամտեց ու չկանխեց արյունահեղությունը, բայց ասաց, որ թափված անմեղ արյան կանչը երկրից բողոքում է առ Աստված (Ծննդ. 4.10): Աբելի մեղավոր լինելու համար չէր, որ Աստված թույլ տվեց նրա սպանվելը, քանզի Քրիստոս ևս Աբելին «արդար» կոչեց (Մատթ. 23.35):

Սակայն ինչու՞ Աստված թույլ տվեց մեր ժողովրդի դաժան կոտորածը, մի՞թե Աստված ուզում էր Հայոց ցեղասպանությունը: Այս հարցի առջև, քրիստոնեական մի գրողի նման, դնենք մեկ այլ հարց` արդյո՞ք Աստված ցանկանում էր Իր Որդու չարչարանքներն ու մահը: Իմանալով Աստծո բարությունն ու սերը, գթությունն ու ողորմածությունը` կարող ենք ասել, որ Աստված չէր կամենում այդ արյունալի չարագործությունները: Մեր ժողովուրդը նմանվեց արդար Հոբին, ով կորցրեց իր զավակներին:

Ու՞ր էր արդյոք Աստված հայ ժողովրդի համար օրհասական այդ օրերին: Խաչյալ Քրիստոս մեզ հայտնում է Աստծուն, ով չարչարվում է մեզ հետ, չարչարվում է մեր կողմից և չարչարվում է մեզ համար: Ոչ մի աստվածաբանություն չի կարող թշվառացած ու զավակներ կորցրած Հոբի հարցադրումների մակարդակից ավելի ցած իջնել: Արդյո՞ք որևէ մեկն աստվածաբանորեն ավելի մոտ է եղել Հոբին, քան խաչված Քրիստոս Գողգոթայում: Անթրոպոմորֆիզմի կիրառությամբ կարող ենք ասել, որ Քրիստոս չարչարվում է յուրաքանչյուր տանջվող հավատացյալի հետ, ինչպես վկայում է քրիստոնյաներին հալածող Սավուղին ուղղված Քրիստոսի հարցը. «Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում Ինձ» (Գործք 9.4): Եվ Հայոց ցեղասպանության ժամանակ Քրիստոս Իր ժողովրդի մեջ էր, չարչարվում էր նրա հետ միասին` ծանոթ այն ահավոր տանջանքներին, որոնց միջից դուրս է թռչում գոչյունը. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46):

«Արդարև աստված մահ չի ստեղծել և Նա չի ուրախանում ողջերի կորստյան համար» (Իմաստ. 1.13): Աստվածաշնչի խոսքով` անզգամներին թվում է, թե նահատակվածները մեռան, և նրանց ելքն այս աշխարհից տանջանք համարվեց և կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ: Ու թեև մարդկանց թվում է, որ նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես և նրանք, ովքեր չխուսափեցին սակավ ինչ տառապանքներից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց արժանի գտավ Իրեն (Իմաստ. 3.1-5): Ինչպես ոսկին է բովի մեջ ավելի մաքրվում և սրբվում, այդպես էլ նահատակվածները փորձվեցին, այդ սպանվածներն ընդունվում են իբրև ողջակեզ (Իմաստ. 3.6): Հավիտենության մեջ նրանք, պսակավորված, պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը` անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար (Իմաստ. 4.2):

Կրկին անդրադառնալով Աստծո կողմից ժողովուրդներին վերացնելու և ցեղասպանությունների հարցին` հստակեցնենք, որ տարբերություն կա իսպառ ոչնչացնելու և երկրային կյանքից զրկելու աստվածային արարքի միջև, որով և կրոնական տեսակետով, վերոնշյալ բացատրությունների հիմնավորմամբ՝ ցեղասպանության մարդկային իրագործումը նույնական չէ մեղավոր ազգեր պատժելու աստվածային արարքին: Աստված նայում է հավիտենականի տեսակետից, մարդը` ժամանակավորի, մարդիկ բնաջնջում են իսպառ վերացնելու համար, իսկ Աստծո նկատառումով գոյությունը շարունակվում է հավերժության մեջ, որտեղ հավիտենական պարգև կամ պատիժ է տրվում. «Արդարոցն՝ կեանք յաւիտենական, եւ մեղաւորացն՝ տանջանք յաւիտենական»:

Բնաջնջող մարդը նկատի ունի այս աշխարհը, իսկ Աստված` անդրաշխարհն ու հավիտենական կյանքը: Մարդկության պատմության մեջ մեղքերի պատժման համար մեկ անգամ եղել է ջրհեղեղ և ժողովուրդների բնաջնջման աստվածային կարգադրություն` հրեաների պատմության որոշակի ժամանակաշրջանում: Այլևս ոչ ոք չպետք է հավակնի ասելու, որ աստվածային պատվիրանով է պայմանավորված որևէ խմբի կամ ժողովրդի սպանությունը, և մարդկային կամքով ու որոշմամբ նման ցանկացած արարք ցեղասպանություն է, հանցագործություն ողջ մարդկության ու մարդկայնության հանդեպ: Իսկ ցեղասպանության անմեղ նահատակները երկնքում` Աստծո մոտ, պիտի մեծ երանություն ու բերկրանք վայելեն, քանզի Աստված նրանց աչքերից սրբեց ամեն արտասուք (Հայտն. 7.16-17, 21.4):