ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Մարդկանց հետաքրքրում է ապագան` սկսած եղանակի տեսությունից մինչև տնտեսական ցուցանիշներ: Աստվածաշունչը բազում կանխատեսումներ և մարգարեություններ է պարունակում: Որքանո՞վ են դրանք ճշգրիտ:

Մարգարեությունները տարբերվում են սովորական գուշակություններից: Գուշակություններն առավելաբար վերաբերում են միայն մոտ ժամանակներին և հիմնականում` կենցաղային հարցերին, իսկ մարգարեությունները տարածվում են մինչև ժամանակների վախճանը, ընդգրկում են մարդկության պատմության լայն շերտերը:

Աստվածաշնչում տրված է, թե ինչպես պետք է ստուգել մարգարեության վավերականությունը. այն պետք է ճշգրտությամբ կատարվի, այլապես մարգարեացողը համարվում էր սուտ մարգարե և ենթակա էր դառնում քարկոծման (Բ Օր. 18.22):

Աստվածաշնչյան մարգարեների կանխատեսումներն իրենց ժամանակների մասին կատարվել են նրանց կյանքի օրոք, իսկ այն մարգարեությունները, որոնք վերաբերում են Քրիստոսի ծննդյանը, փրկագործությանը, նույնպես ճշգրտությամբ կատարվել են այդ մարգարեների ապրած ժամանակաշրջանից դարեր հետո: Եվ այս իրականացված մարգարեությունները ցույց են տալիս, որ պիտի կատարվեն նաև աշխարհի վերջի մասին մարգարեությունները:

Աստվածաշնչում կա՞ն հարատև սկզբունքներ, որոնք կարող են օգնել բոլոր ռասսաների, էթնիկական խմբերի և ազգերի մարդկանց` իրենց կյանքը բարելավելու համար:

Պողոս առաքյալն ասում է, որ Քրիստոսով այլևս խտրություն չկա հրեայի և հեթանոսի, ծառայի և ազատի, արուի և էգի միջև (Գաղ. 3.28): Սա նշանակում է, որ քրիստոնեությունը նաև ջնջում է ազգերի խտրականության վերաբերմունքը և Քրիստոսով բոլորին հավասար հռչակում: Սա վերացնում է նացիզմը և ռասիզմը` մարդկանց ի մի հավաքելով Քրիստոսի Եկեղեցու մեջ:

Իհարկե, հայրենիքի գաղափարը չի վերանում, ազգային պատկանելության գիտակցությունը չի ջնջվում և բացարձակ կոսմոպոլիտիզմի քարոզչություն չի իրականացվում: Սակայն առաքյալի հայտարարությամբ, ազգերի հարաբերությունների մասին քրիստոնեության դիրքորոշումով այլևս արգելվում է խտրականությունն ազգերի միջև, մեկ ազգի` իրեն մյուս ժողովուրդներից ավելի վեր դասելու միտումը:

Քրիստոս բերում է բոլոր մարդկանց և ժողովուրդների միջև վարվեցողության կարևորագույն սկզբունքը, Իր մեծագույն պատվիրանը, որն ասում է. «Սիրեցեք միմյանց»: Մարդկանց, ժողովուրդների միջև գժտությունները, հակամարտությունները փաստում են աստվածային նախանշած ուղուց շեղվելու, ինչպես նաև աշխարհն ալեկոծող աղետները վերացնելու համար կյանքն աստվածային կամքի համաձայն հաստատելու անհրաժեշտության մասին: