ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԱՆԴԵՊ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ է Աստվածաշունչը թարգմանվել հայրեն նախ ասորերենից, ապա հետագայում թարգմանությունն ավելի է ճշգրտվել հունարեն բնագրերի համեմատությամբ: Պետք է ասել, որ քիստոնեության վաղ շրջանում բացի Աստվածաշնչի բուն գրքերից եղել են նաև պարականոն գրքեր, որոնք գրվել են կեղծ հեղինակների կողմից:

Եկեղեցին լուրջ քննությունից հետո հաստատել է Աստվածաշնչի կանոնը և Սուրբ Գրքի անաղարտությունը դարեդար պահելով` հասցրել է մինչև մեր օրերը: Այսինքն՝ Եկեղեցին ինքն է Սուրբ Հոգու ներշնչմամբ հաստատել Աստվածաշնչի գրքերի կազմությունը:

Այսօր, սակայն, բազում աղանդավորներ, օգտագործելով Եկեղեցու ծոցում կազմավորված և Եկեղեցու ծոցում պահպանված Աստվածաշունչը, փորձում են ապացուցել, թե ճիշտ չէ հենց այդ Եկեղեցին կամ էլ նրա որոշ դիրքորոշումներ: Հետաքրքիր է, թե որտեղ էին նրանք, երբ քրիստոնեական Եկեղեցու ներսում գրվում էին Նոր Կտակարանի գրքերը, կամ որտեղ էին, երբ Եկեղեցին այդ Աստվածաշունչը սրբությամբ պահելով հասցնում էր հետագա սերունդներին:

Իսկ որոշ աղանդներ էլ աղավաղում են Աստվածաշնչի շատ և շատ նախադասություններ` իրենց հետևորդներին մոլորեցնելու համար: Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցու թարգմանությունը` կատարված Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու նրանց աշակերտների կողմից, ողջ աշխարհում ճանաչված է որպես Թարգմանությունների թագուհի:

Սա նշանակում է, որ Եկեղեցին է նախանձախնդիր ճշմարտության պահպանմանն ու տարածմանը, և ճշմարտությանը հետևելու համար պետք է անդամ լինել ոչ թե տարաբնույթ աղանդների, այլ առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու: