ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ, ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրքերի հսկայական քանակը կարող է շփոթեցնել գրադարանում առաջին անգամ գտվող մարդուն: Սակայն երբ նրան բացատրեն, թե ինչպես են գրքերը դասավորված, նա շուտով կսովորի գտնել դրանց տեղերը: Աստվածաշունչը մի քանի տասնյակ մատյանների ժողովածու է: Ինչպե՞ս դյուրին կլինի կողմնորոշվել:

Աստվածաշնչի հինկտակարանյան հատվածները, որոնք Իսրայելի ժողովրդի պատմական տեղեկություններն են պարունակում, հագեցած են բազմաթիվ անուններով, տեղանուններով, և Աստվածաշունչ առաջին անգամ ընթերցողը, Հին Կտակարանից սկսելով ընթերցումը, կարող է խճճվել այս անունների մեջ:

Դրա համար Աստվածաշնչին չպետք է մոտենալ որպես գեղարվեստական գրքի, որն սկսում են կարդալ սկզբից, այլ կարելի է նախ ընթերցել Նոր Կտակարանը, որտեղ հիշատակություններ կան հինկտակարանյան գրքերից, դեպքերից, որից հետո Հին Կտակարանի ընթերցումը հասկանալի է դարձնում կապը Նոր Կտակարանի հետ:

Դժվարին պահերին, նեղության մեջ կարելի է ընթերցել սաղմոսները, որոնք Աստծո օգնության և օրհնության հոգեբուխ հիանալի ստեղծագործություններ են, ինչպես նաև համապատասխան հոգեվիճակ են ստեղծում աղոթքի համար: Այնուհետ կարելի է նաև պատմական գրքերն ընթերցել, որոնք հրեա ժողովրդի պատմության միջոցով ցույց են տալիս Աստծո ներգործությունը, նախախնամությունը մարդկության հանդեպ:

Ուրեմն, եթե մեկն առաջին անգամ է ձեռքն առնում Աստվածաշունչն ընթերցանության համար, ցանկալի է նաև խորհրդակցել հոգևորականի հետ, ով կսովորեցնի, թե ինչպես է նախընտրելի ընթերցել` ավելի լավ ընկալելու համար:

Անգլիացի գիտնական Նյուտոնը գրել է, որ ինքն արժանահավատության ավելի վստահելի նշաններ է գտնում Աստվածաշնչում, քան որևէ աշխարհիկ պատմության մեջ: Կարելի՞ է Աստվածաշնչին վստահել: Արդյո՞ք այն իրական անձանց է հիշատակում կամ պատմում իրականում գոյություն ունեցած դեպքերի ու վայրերի մասին:

Աստվածաշնչում հիշատակված պատմական դեմքերի, թագավորությունների, իրադարձությունների վավերականությունը հաստատված է նաև պատմիչների աշխատություններով, ինչպես նաև հնագիտական պեղումներով: Հնագիտական պեղումները կամ հայտնագործությունները մեծապես նպաստել են նաև հաստատելու Սուրբ Գրքի վավերականությունը, հնությունը և դարերի ընթացքում անփոփոխ լինելը:

Քրիստոնեության առաջին դարին պատկանող գտածո տեքստերի պատառիկները` գրված պապիրուսների վրա, ցույց են տալիս հենց առաջին դարում նորկտակարանյան գրքերի գրված լինելը: Իսկ ավելի վաղ շրջանի գտածոները փաստում են հինկտակարանյան բնագրերի անփոփոխ մնալը ժամանակների ընթացքում:

Օրինակ` 1947 թ. Մեռյալ ծովի մոտակայքում` Քումրանի քարանձավներում գտնված բազմաթիվ հինկտակարանյան ձեռագիր տեքստերը բառացիորեն համընկնում են այսօրվա մեր ունեցած Աստվածաշնչի տեքստի հետ: Այսպիսով, պատմական վկայություններով, հնագիտական պեղումներով և գտածոներով ևս ապացուցվում են Սուրբ Գրքի նկարագրած դեպքերի վավերականությունը և Աստվածաշնչի ճշմարտացիությունը: