ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի և բնության հետ մարդու հարաբերությունը մեկնաբանող ամենահին երևույթներից մեկն էլ աստղագուշակությունն է` անկախ նրա հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից: Ոմանց կարծիքով այն հավատալիքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը մեկնաբանում է տիեզերական մարմինների ազդեցությունն ու նշանակությունը մարդու ճակատագրում, ոմանց կարծիքով` կեղծ գիտություն, սնահավատություն է: Ի՞նչ է աստղագուշակությունը: Ինչպե՞ս բնութագրել այն:

Մարդու կյանքում հնուց ի վեր տարածված է եղել սնահավատությունը, անիրական երևույթներին հավատալը, դրանց զորություն վերագրելը: Այդ սնահավատությունների շարքում տեղ են գրավում նաև տարբեր գուշակությունները, որոնցից է աստղագուշակությունը` աստղերի, համաստեղությունների դիրքով մարդու կյանքի կամ իրադարձությունների մասին գուշակությունների կատարումը:

Հին աշխարհում աստղագուշակությունը հավակնում էր գիտության աստիճանին կանգնելու և երբեմն նույնիսկ հավասարազոր էր համարվում գիտության տարբեր ճյուղերին: Սակայն մարդկության զարգացումով և գիտության առաջընթացով պայմանավորված` առավել ճշգրիտ գնահատական տրվեց աստղագուշակությանը և այն դուրս հանվեց գիտության ոլորտից` համարվելով պարզապես սնոտիապաշտություն:

Այսօր գիտնականներն ընդհանրապես բացառում են աստղագուշակության թեկուզև փոքր առնչությունը ճշգրիտ գիտության հետ, որով և ստացվում է, որ աստղագուշակները զբաղվում են խարդախությամբ ու խաբեությամբ: Ճիշտ այսպիսի գնահատական է տալիս աստղագուշակներին նաև Աստվածաշունչը:

«Արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորվեք» (Բ Օր. 4.19): «Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ինչ է գալու քո գլխին: Ահավասիկ նրանք բոլորը, ինչպես խռիվ, պիտի այրվեն կրակի մեջ և իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից»,- ասում է Բարձրյալի մարգարեն (Եսայի 47.13-14):

Աստղագուշակությունը տարածված է եղել հին աշխարհի երկրներում` Ասորեստանում, Բաբելոնում, Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և ողջ Առաջավոր Ասիայում: Պատմիչները նշում են, որ պարսկական արքունիքում աստղագուշակները դասվում էին արքունական պաշտոնյաների շարքը: Հին Հայաստանում տարածվա՞ծ էր աստղագուշակությունը: Ունե՞նք հիշատակություններ կամ գրավոր աղբյուրներ, ձեռագրեր այդ մասին:

Հնում աստղագուշակները մեծ հարգանք էին վայելում և կային անգամ պալատական աստղագուշակներ: Սա ենթադրել է տալիս, որ մեր հեթանոս թագավորների օրոք էլ եղել են նման աստղագուշակներ, ովքեր իրենց ծառայությունն են բերել արքունիքում:

Մեր գրավոր աղբյուրներից հիշատակելի է 16-րդ դարում հայ առաջին տպագրիչի` Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված գրքույկը` «Աղթարք» վերնագրով, որտեղ հավաքված են մեծ մասամբ արաբերենից և պարսկերենից թարգմանաբար հայերենի փոխադրված ժողովրդական հավատալիքներ, նախապաշարմունքներ` կապված երազների մեկնության, աստղագուշակության, բժշկության իրողությունների հետ:

Հակոբ Մեղապարտը 1512 թ. առաջինը հրատարակել է «Ուրբաթագիրքը», որն աղոթքների ժողովածու է, այնուհետև` 1513 թ., «Պատարագատետրը» և հետո` «Աղթարքը»: Ենթադրելի է, որ Հակոբ Մեղապարտը եղել է հոգևորական, որովհետև կարծիքներ կան, որ նրա տպագրած գրքերը, որոնք բաժանվում են կրոնական և աշխարհիկ բովանդակության, շատ ավելի գրագետ են կազմված եղել, քան նույնիսկ նրա հաջորդ տպագիրչների գործերը, իսկ կրոնական գրականության տպագրությունն այսքան գրագետ կարող էր կազմակերպել համապատասխան բարձր կրթություն ստացած անձնավորությունը:

Հետաքրքրական կարող է թվալ, որ աղոթքների ժողովածու, Պատարագատետր հրատարակողը, հանկարծ նույն թվականներին հրատարակում է նաև բովանդակությամբ ու նշանակությամբ իր տպագրած գործերի բովանդակությանը հակառակ մի գիրք` «Աղթարքը»` գուշակությունների, ժողովրդական զրույցների հավաքածուն:

Սակայն տրամաբանական է, որ Հակոբ Մեղապարտը դեմ է գնացել ոչ թե կրոնական համոզումներին կամ դիրքորոշումներին, այլ «Աղթարքը»` նաև աստղագուշակություններ պարունակող գիրքը, տպագրել որպես ժողովրդական բանահյուսության կամ ստեղծագործության թարգմանական օրինակ, ինչպես նույն 1513 թ. հրատարակված «Տաղարանը», որը գեղարվեստական գիրք է, հայ հայտնի հեղինակների չափածո երկերի ժողովածու:

Կարդալ նաև`