ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ

Հորոսկոպների հրատարակություն, աստղագուշակությունների, տարվա խորհրդի մասին պատմող ամսագրեր, թերթեր, հեռուստատեսային հաղորդումներ. ի՞նչի համար է այս ամենը, ժամանցի՞, թե՞ բիզնեսի:

Իրապես, ինչո՞ւ են զանգվածային լրատվական միջոցները` հրատարակվող թերթեր, համացանցային ժամանցի և անգամ լրատվական կայքէջեր, ցավոք, նաև հասարակության վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստատեսությունը` տարբեր հեռուստատեսային ընկերություններով, մեծ տեղ տալիս աստղագուշակություններն ազդարարելուն:

Այս գործելակերպի հիմքում, իհարկե, շահույթն է: Իմանալով, որ սնահավատ, քրիստոնեահեթանոս, նախապաշարմունքներին զոհ գնացող մարդիկ որոշակի քանակ են կազմում հասարակության մեջ, այս զանգվածային լրատվամիջոցները հրապարակում կամ եթեր են հեռարձակում նմանատիպ գուշակություններ` լսարան, դիտող կամ ընթերցող ապահովելու, իբր թե խորհրդավոր իրողություններով մարդկանց դեպի իրենց ձգելու համար:

Որքան շատ հեռուստադիտող և պահանջարկ ունի հեռուստաընկերության տվյալ հեռուստաալիքը, այնքան ավելի թանկ արժեն դրանով հեռարձակվող տարբեր գովազդները, որքան ընթերցողները շատ լինեն, այնքան թերթն ավելի կվաճառվի, որքան կայքէջ այցելողների թիվը մեծ լինի, այնքան շատ առաջարկներ կլինեն նաև այդ կայքէջում դրվող գովազդների:

Մի խոսքով` կապիտալիստական չոր մոտեցմամբ, մարդկանց դարձնում են միջոց սեփական նյութական շահերի համար: Ոչ թե մտածում են երևույթի ճիշտ կամ սխալ լինելու, մարդկանց հոգևոր օգուտ բերելու, վնասից զերծ պահելու մասին, այլ իրենց համար նյութական եկամուտներ ունենալն են ապահովում:

Դա նշանակում է, որ աստղագուշակությունը ևս դարձել և գործածվում է, այսօրվա բառապաշարով ասած, բիզնես ծրագրերի համար` մարդու հատկապես հոգուն պատճառվող վնասի կատարյալ արհամարհումով ու անտեսումով: Այդ երևույթին է նաև վերաբերում մամոնային` փողին ծառայողների վերաբերյալ Քրիստոսի հանդիմանությունը (Մատթ. 6.24, Ղուկ. 16.13):

Այս նույն նպատակն ունեն նաև աստղագուշակները, որոնց միջից դժվար է գտնել մեկին, որն անկեղծորեն աստղերի անձնուրաց հավատացյալ է: Թերևս նրանց մեջ նույնպես կան սնահավատությամբ մոլորվածներ, բայց նրանց նպատակն էլ աստղագուշակություններ վաճառելով փող ձեռք բերելն է:

Այսպիսով, կյանքի, մասնագիտությունների տարբեր օգտակար բնագավառներում իրենց իրացնել չկարողացած անձեր իրենց տեղն են գտնում աստղագուշակության մեջ` իբրև գուշակներ կամ աստղերի մասնագետներ, դրանց «լեզուն» հասկացողներ, և իրենց թյուրիմացությունն են սփռում հասարակության մեջ, նպաստում սնահավատությունների խորացմանը, նյութապաշտությանը, երբեմն նաև սիրավեպերի համար բարեհաջող օրերի կանխատեսումով` անբարոյականության տարածմանը:

Այս բոլոր դատողություններով բացահայտվում է ներկա աստղագուշակության նպատակը, որը շահամոլությունն է: «Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է» (Ա Տիմ. 6.10),- ասում է առաքյալը: Եվ այս դեպքում դա վերաբերում է նաև աստղագուշակությանը և այն տարածելուն: