ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Աստղագուշակները պնդում են, որ աստղերի նկատմամբ Արեգակի, լուսնի և այլ մոլորակների ունեցած դիրքերով կարելի է գուշակել մարդու ապագան և նույնիսկ համաշխարհային նշանակության իրադարձություններ: Ի՞նչ է սա նշանակում` իշխել մարդու մտքի ու հոգու վրա՞:

Աստղագուշակությունները սովորաբար ոչ թե մասնավոր, այլ հիմնականում ընդհանուր և վերացական ինչոր իրողությունների մասին են` հաջողություններ, փորձանքների հաղթահարում, ճանապարհորդություն, մարդկանց հետ շփումների բարեպատեհություն կամ անցանկալիություն և այլն:

Այսօր, ցավոք, տարածված են նաև զանգվածային լրատվական միջոցներով ամենօրյա կամ ամենշաբաթյա աստղագուշակությունները կենդանակերպի տարբեր նշանների ներքո ծնված անձանց վերաբերյալ, որոնք նույն ընդհանուր, աբստրակտ ոճի մեջ են` այս օրը կամ շաբաթը հաջող կամ հաջող չէ նոր գործ ձեռնարկելու, լավ է ընտանեկան միջավայրում անցկացնելու, ամուսնանալու, ֆինանսական գործառույթներ իրականացնելու համար, վտանգ կա նյութական կորուստների, մեծ է հավանականությունը հետաքրքիր ծանոթությունների, կարող են լինել փոքր թյուրիմացություններ, բարենպաստ ժամանակ է ինքնադրսևորման, նոր ծրագրեր մշակելու, հնարավոր են առողջական խնդիրներ, կարելի է սկսել սիրավեպեր:

Նման ընդհանուր բաներ մեկը կարող է ասել բոլորին, և եթե կենդանակերպի նշանների տեղերը փոխենք յուրաքանչյուրի համար ասվածի բովանդակության համեմատ, ապա ոչ մի էական տարբերություն չի լինի: Բոլորն էլ օրվա և առավելաբար շաբաթվա ընթացքում ունենում են տարբեր մարդկանց հետ շփումներ, խորհում են իրենց ծրագրերի վերաբերյալ, պատահում են որոշ ձախորդություններ, մտածում են իրենց նյութական վիճակի մասին և այլն:

Այնպես որ, աստղագուշակները խորամանկությամբ մտածում են այնպիսի բաներ, որոնք շատ ընդհանրական լինելով` կհամապատասխանեն այս կամ այն մարդու առօրյային:

Եթե համեմատելու լինենք նոր ժամանակների աստղագուշակությունների բովանդակությունը հին շրջանի գուշակությունների հետ, կտեսնենք, որ բառապաշարի մեծ փոփոխություն է տեղի ունեցել` ըստ ժամանակներին հարմարվելու ճարպկության:

Ներկա աստղագուշակությունների մեջ կարելի է հանդիպել հետևալ ուշագրավ բառերին ու բառակապակցություններին` «ֆինանսական, մասնագիտկան, կոնֆլիկտ, գրասենյակային, բիզնես ծրագրեր, չնախատեսված գնումներ, հաջող գնումներ, շահավետ ներդրումներ, գումարային շահույթ, ալկոհոլ և սուրճ» և այլն: Հետաքրքիր է, որ աստղերի արդիական հուշումներում բավականին զարգացել և արդիականացել է նրանց բառապաշարը: Աստղագուշակները սիրում են կրկնել. «Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում»:

Այստեղ հետաքրքիր խորամանկություն է բանեցվում, որպեսզի, երբ իրենց «մարգարեությունը» չիրականանա, արդարանան, թե աստղերը պարզապես հուշել էին և չէին պնդել կանխատեսվածի անպայման իրականություն դառնալը: Դրանով գուցե ցանկանում են նաև պաշտպանվել գուշակություններում ասվածին մարդկանց նախատրամադրելու մեղադրանքից:

Իրենց սպասվելիքի մասին տեղեկացած սնահավատ մարդիկ արդեն կախված են լինում լսած կամ կարդացած գուշակություններից, սպասելով, թե դրանք որ պահին են կատարվելու: Աստղագուշակությանը թերահավատությամբ մոտեցող, բայց այն վերջնականապես չմերժող մարդիկ ընկնում են երկվության մեջ` կարծելով, որ գուցե կատարվի գուշակությունը:

Սա նշանակում է, որ աստղագուշակությունը, կամա թե ակամա, ծրագրավորում է մարդկանց ու նրանց ապագան: Սնահավատները գուշակություններից մեծ կախվածության մեջ են ընկնում և իրենց հետագա քայլերն ու անելիքները կատարում են` մեկնարկելով իրենց վերաբերող աստղագուշակությունից: