ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հին աշխարհից մինչև մեր օրերը շատ բան է փոխվել մարդու մտքում և պատկերացումներում: Եվ չնայած «համակարգչային մտածողության» ազդեցությանը մեր աշխարհընկալման մեջ ու կենսակերպում, չնայած գիտության առաջընթացին, չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են հավատալ աստղագուշակներին, աստղերի ու մոլորակների ազդեցությանը մեր ճակատագրում ու կյանքում: Որովհետև այն, ինչ ասվում է նրանց կողմից, խորհրդավոր է և գրավիչ:

Նվազ կրթվածությունը և հոգևոր գիտելիքների պակասը, ինչպես նաև ապագան իմանալու ձգտումը բերում են այն տխուր իրողության, որ շատ մարդիկ իրենց կյանքում կախված են լինում աստղագուշակություններից, հորոսկոպներից, նաև չինական աստղագուշակության մեջ տարիները խորհրդանշող կենդանիների կերպարներից` դրանք վերագրելով իրենց, իրենց աստվածանմանությունը փոխելով կենդանիներին նմանության, աստվածային պատկերը փոխելով անասնական աշխարհի կերպարների հետ:

Եկեղեցական հեղինակներն իմաստուն հիմնավորումներով ցույց են տվել աստղագուշակության սին և դատարկ լինելը: Մեր վաղ շրջանի եկեղեցական հեղինակներից աստղագուշակության և ճակատագրապաշտության դեմ խոսել են Եզնիկ Կողբացին, Անանիա Շիրակացին: Աստղագուշակությունը մեծապես տարածվել է մանավանդ քաղդեացիների կողմից, որոնք Միջագետքի հարավում ապրող ժողովուրդ էին:

Եզնիկ Կողբացին, մատնանշելով աստղագուշակության սխալները, սուտ է համարում մարդկանց կյանքի ընթացքի, նրանց մահվան վերաբերյալ գուշակությունները: Կողբացին հաստատում է, որ Աստված է կյանք պարգևում մարդկանց, նաև մահից ազատում, ինչպես Եզեկիա թագավորի արցունքների համար նրա կյանքը Աստված երկարացրեց տասնհինգ տարով (Դ Թագ. 20.26, Եսայի 38.25), Նինվեացիներին չկործանեց մարգարեի քարոզչությամբ նրանց ապաշխարության համար (Հովն. 3.10):

Եզնիկ Կողբացին նաև նշում է մարդկանց բախտավորությունն ու թշվառությունը աստղերի հետ կապելու անհիմն լինելը, մարդկանց գուշակված ճակատագրերի անհեթեթությունը ցույց տալիս պատերազմի օրինակով, որի դեպքում տարբեր տարիքի, տարբեր ժամանակներում ծնված մարդիկ` ծերեր թե երիտասարդներ, ողբերգական իրադարձությունների մեջ նույնանման և միաժամանակյա մահ են ունենում:

Անանիա Շիրակացին, ով միջնադարի մեր մեծագույն գիտնականներից է` փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, Հայաստանում ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիրը, քննադատում է քաղդեացիների ներմուծած աստղագուշակությունը: Նա նշում է, որ քաղդեացիները հմուտ էին աստղաբաշխության մեջ, սակայն ջանալով ավելի խորը գիտելիքներ ունենալ` ընկան մոլորության մեջ:

Փոխանակ երկնային մարմինների արարչության ճանաչողությանը հասնելու, չկարողացան երկնային զարդերի դիտարկումներից վեր բարձրանալ և լուսատուներին ու համաստեղություններին աստվածներ համարեցին` դրանց վերագրելով մարդկանց ճակատագրերի վրա ազդելու հատկություններ: Այսպիսով, աստղագուշակությունը ևս կարելի է կռապաշտության մի տեսակ համարել:

Անանիա Շիրակացին, հերքելով լուսատուների աստվածներ լինելը, քանզի դրանք մոլորությամբ դեգերում են, շեշտում է, որ նրանց անհրաժեշտաբար շարժման մեջ է դնում հզորագույն Արարիչն Աստված:

Նախկինում աստղագուշակները արեգակնային համակարգի ոչ բոլոր մոլորակների գոյության մասին գիտեին և լուսատուների վերաբերյալ ներկայիս գիտելիքները չունեին, որով և սուտ է նրանց ճանապարհը, որի վրա էլ և հիմնված է նաև ներկայիս աստղագուշակների մոլորեցնող ուսմունքը: Բացի դրանից, աստղերը մարդու վրա ազդում են նրա գոյավորմա՞ն, թե՞ ծննդյան պահից:

Առաջինն ընդունելու դեպքում` մարդու մասին (իբր աստղերի ազդեցության հետ կապված) գուշակությունները խախտվում են մինչև ինը ամսով: Նաև նույն ծնողներից, նույն օրը, նույն ժամին, նույն վայրում ծնված երկվորյակների կյանքի տարբեր ընթացքները, նրանց բնավորության հաճախ միանգամայն ակնհայտ տարբերությունները նույնպես վկայում են աստղագուշակության սին և դատարկ լինելու մասին:

Աստղագուշակությունը տանում է ճակատագրապաշտության կամ էլ նույնանում դրա հետ, որովհետև այն անհիմն հասկացությունն է բերում, թե մարդու համար ինչ կանխորոշված է, այն էլ լինում և լինելու է: Աստղագուշակությունը նպաստում է նաև ճակատագրապաշտության նմանությունն ունեցող դետերմինիզմի սխալ հիմնավորմանը, ըստ որի` մարդու նախկին արարքները, կյանքի նախկին ընթացքն է կանխորոշում նրա ապագան, որով և մարդը զորություն չունի իր ապագայի վրա:

Այս կերպ, սակայն, անցյալի գերիշխանությունն է շեշտվում ներկայի և ապագայի նկատմամբ, գրեթե բացառվում է մարդու ազատ կամքը, քանզի կյանքը դիտարկվում է միայն որպես անցյալից բխող անխուսափելի հետևանք և համարվում է պայմանավորված սոսկ անցյալի պատճառներով:

Նման տեսակետները մերժելի են քրիստոնեության կողմից, որն ընդունում է բոլոր հանգամանքներում ազատ կամքի լիովին դրսևորումը, աստվածային նախախնամությունը մարդու, աշխարհի, ողջ արարչագործության նկատմամբ:

Շատ մարդիկ կարող են հավատալ Աստծուն, բայց յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում: Ոմանք աստվածային ներկայությունն ընկալում են նաև աստղագուշակության մեջ և, հնարավոր է, մտածում են, թե աստղերի միջնորդությամբ Աստված է նշաններ ուղարկում. չէ՞ որ այս կյանքում ամեն ինչ, նաև աստղերն Աստծո ստեղծագործություններն են:

Աստղերը ևս Աստծո ստեղծագործություններն են: Ծննդոց գրքում ասվում է, որ չորրորդ օրը Աստված ստեղծեց լուսատուները, սակայն չի նշվում, որ դրանց զորություն տվեց մարդկանց վրա ազդելու, մարդկանց կյանքը կանխորոշելու (Ծննդ. 1.1419): «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմ. 18.2),- ասում է սաղմոսերգուն:

Նաև Աստծո ստեղծագործություններն են ցույց տալիս Աստծո մեծությունն ու փառավորությունը: Սակայն ինչո՞ւ է Աստված ստեղծել այդքան աստղեր, եթե դրանք չեն օգտագործվելու կամ անապատային, անկենդան մոլորակներ են: Պատասխաններից մեկն այն է, որ ստեղծված են մարդուն Աստծո մեծագործությունները ցույց տալու, նաև մարդուն հիացմունք պատճառելու համար:

Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մենք ևս նույն կերպ ենք վարվում, երբ տուն ենք կառուցում: Առաստաղները նորոգում ու գեղեցկացնում ենք, զարդարում տարբեր զարդերով ու ջահերով, բայց ինքներս երբեք չենք քայլում կամ ապրում դրանց վրա, այլ պարզապես օգտվում ենք դրանցից, նայում դրանց: Այսպիսի երկնային առաստաղ էլ նաև աստղազարդ երկինքն է մեզ համար:

Ավետարանում հիշվում է Բեթղեհեմի աստղը, որը հայտնեց Փրկչի ծնունդը և առաջնորդեց դեպի մանուկ Հիսուսը (Մատթ. 2.2, 7, 9-11): Սակայն այդ աստղը մոգերի համար էր, ովքեր մոլորվել էին աստղագուշակության արատի մեջ, և ինչով որ մոլորվել էին, Աստված դրանով էլ նրանց բերեց ճշմարտության, ճշմարիտ Աստծուն երկրպագության:

Այդպես էլ աստղագուշակությամբ տարվածները, աստղագուշակության մեջ բոլոր մոլորվածները պետք է թողնեն իրենց մոլորությունը և գան ճշմարիտ աստվածպաշտության: