ԱՍՏԾՈ ՊԱՏԿԵՐՈՎ

Անդրադառնանք Ավետարանի իմաստալի պատմություններից մեկին: Փարիսեցիները Հիսուս Քրիստոսի մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին` տալու ընդամենը մեկ հարց: Այս հարցը բավականին խորամանկ էր: Փարիսեցիները երկար ժամանակ խորհելուց հետո այնպիսի մի հարց էին գտել, որի բոլոր հնարավոր պատասխանները շատ վտանգավոր էին պատասխանողի համար:

Փարիսեցիների աշակերտները հարցրեցին Քրիստոսին. «Օրինավո՞ր է կայսերը հարկ տալ»: Բացասական պատասխան տալով` Քրիստոս կհամարվեր կայսեր թշնամին, իսկ դրական պատասխանը կզայրացներ հրեաներին, որովհետև նրանք չէին ցանկանում հարկ վճարել, սակայն հռոմեացիների հպատակներն էին, քանի որ Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության ներքո:

Եվ Հիսուս ասաց. «Հարկի դահեկա՛ն ցույց տվեք»: Եվ նրանք մի դահեկան բերեցին: Եվ Նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: Նրանք ասացին` կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22.15-22, Մարկ. 12. 13-17, Ղուկ. 20. 20-26): Իր պատասխանով Տերը ցույց տվեց, որ Իր վարդապետությունը բարձր է մարդկային բոլոր գիտություններից:

Դրամի վրայինը կայսեր պատկերն էր, այսինքն` պատկերը հենց ինքը կայսրը չէր: Այդպես էլ և մենք պատկերն ենք Աստծո, սակայն նույնը չենք, ինչ Աստված։ Մեր բնությունը, կարելի է ասել, երկակի է. մեկը նման է աստվածայինին, մյուսը` բաժանված սեռերի։

Եվ մարդը պատկերն է Աստծո առաջին հերթին իր ազատ կամքով, նաև հոգու անմահությամբ: Դրամի վրայի պատկերը մնում է անփոփոխելի, բայց մենք կարող ենք փոխել մեզանում Աստծո պատկերը:

Եվ Աստծո պատկերը մեր հոգիներում անաղարտ պահելու համար քրիստոնեությունը մեզ պատվիրաններ է տալիս, որոնցով մենք կարող ենք ապրել աստվածահաճո ընթացքով և արժանանալ Երկնքի Արքայության` տալով կայսրինը կայսեր և Աստծունը` Աստծուն: