ԱՍՏԾՈ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԴՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ժամանակի ընթացքում երդումը ձեռք է բերել զանազան ձևեր և արտահայտություններ: Շատ անգամ երդումն ուղեկցվում է իբր Աստծո կողմից պատժվելու ցանկությամբ` «թե սուտ ասեմ, Աստված տա` լույսը չբացվի վրաս» և նման այլ արտահայտություններ: Սա Աստծո անունն անձնական շահերի նպատակով օգտագործել չէ՞:

Ավետարանում մենք տեսնում ենք, որ չնայած Քրիստոսի կողմից դրված երդման արգելքին, Պետրոս առաքյալը երդվում է: Երբ Քրիստոսին բանտարկում են, Պետրոսը գնում է Նրա ետևից` Տիրոջը մոտ լինելու ցանկությամբ: Բայց երբ քահանայապետի բակում հավաքված մարդիկ ճանաչում են նրան` ասելով, թե դու էլ Քրիստոսի աշակերտներից ես, Պետրոսը երդվում է, թե Քրիստոսին չի ճանաչում (Մատթ. 26.72):

Պետրոսի երդումը և ուրացումը գալիս էր նրա վախից: Սրա համար առաքյալը հետո զղջաց և դառնապես լաց եղավ (Մատթ. 26.75): Աստվածաշնչում խոսվում է նաև Աստծո կողմից երդվելու մասին: Այս մասին կարող ենք կարդալ ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում: Աստված երդումով Աբրահամին խոստացավ նրա սերունդներին տալ ավետյաց երկիրը (Ծննդ. 24.7, 26.3, 50.24, Ելք 6.8, 33.1, Թվ. 32.11, Բ Օր. 1.8, 4.31, 6.10, 18 և այլն), Աստված երդվում է Իրեն անհնազանդներին զրկել խոստացված երկրից և հանգստից (Բ Օր. 1.34, 4.21, Եբր. 3.11, 17), երդվում է Դավթին, որ նրա սերնդից պիտի լինի Քրիստոսի ծնունդը (Սաղմ. 131.11):

Աստծո երդվելու վերաբերյալ Պողոս առաքյալն ասում է. «Աստված Աբրահամին Իր խոստումը տվեց, քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր, Նա Ինքն Իր վրա երդվեց» (Եբր. 6.13-14): Սուրբ Գրիգոր Աստվածաբանը բացատրում է, որ Աստծո յուրաքանչյուր խոսք երդում է, քանի որ Աստված չի կարող ոչ հավաստի բաներ ասել: Այդ իսկ պատճառով Աստծո ասածները համեմատվում են երդումի և Նրա խոստանալը` երդվելու հետ:

Ըստ Գրիգոր Աստվածաբանի` Հին Կտակարանում երդվելը գործածվում էր և երդումը գուցե շարունակական լիներ, եթե մարդիկ սուտ երդումներ չանեին, երդումը չօգտագործեին նաև խաբելու համար: Քրիստոս եկավ օրենքը լրացնելու, ինչպես Ինքն է ասում. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. 5.17): Եվ սա վերաբերում է նաև երդմանը:

Ըստ Գրիգոր Աստվածաբանի` Հին Կտակարանում պատժվում էին մեղքի համար, իսկ Նոր Կտակարանում արգելվում է անգամ մեղքի մտածումը, դեպի մեղքը շարժումը (Մատթ. 5.28): Այսպես էլ արգելվում է նաև երդումը: Կաթոլիկ եկեղեցական հեղինակներից Հերոնիմոսն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Քրիստոս արգելում է երդվել երկնքով կամ երկրով, սեփական անձով, բայց ոչինչ չի ասում Աստծո անունով երդվելու մասին, որի վերաբերյալ պատվեր կա Հին Կտակարանում (Բ Օր. 6.13):

Մարդը երդվում է իր համար ամենաթանկ բանով: Եվ քանի որ հավատացյալի համար ամենաթանկն Աստված է, ուրեմն, նաև նկատի ունենալով Հին Կտակարանի պատվիրանը, կարելի է երդվել Աստծով: Հերոնիմոսի այս տեսակետը, սակայն, անձնական, հեղինակային տեսակետ է, որը համընդհանուր տարածում չգտավ Եկեղեցու ուսուցումներում:

Մարդկանց երդվելը, իրապես, այն նկատառումով է ասվում, թե իր խոսքի կամ վկայության սխալ լինելու պարագայում ինքը պատիժ կստանա գերբնական ուժի, Աստծո կողմից: Դրա համար են նաև երդման ժամանակ հիշվում պատիժները:

Մարդիկ երդվում են նաև ծնողների արևով: «Արև» ասելով` նկատի է առնվում կյանքը, քանի որ կյանքի ընթացքում մարդիկ վայելում են կենսատու արևի լույսը, դրա համար էլ նմանատիպ երդումների մեջ կյանքի համարժեք է կարծես դառնում արևը: Արևով երդվելու հայերեն արտահայտությունները բառարաններում այլ լեզուների համարժեքներով ներկայացվում են որպես կյանքով երդվելու խոսքեր:

Նման երդումով նույնպես պատիժ է նկատի առնվում այն իմաստով, որ եթե ասված վկայությունը սուտ է, ուրեմն թող գերբնական պատիժ տրվի նրա կյանքին, ում անունով արվում է երդումը: Երդվելու սովորություն ունեցողները պետք է հիշեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի արգելքը և փորձեն ավելի զորացնել իրենց ազնվությունն ու այլ առաքինությունները, որով կվերանա երդվելու սովորությունը կամ անհրաժեշտությունը: