ԱՍՏԾՈ ԱՆՎԱՆ ԵՎ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ո՞րն է «Աստված» բառի մեկնաբանությունը:

Խոսրով Անձևացին` Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրը, իր «Ժամակարգության մեկնության» մեջ ասում է, որ «Աստված» բառն արարչագործության ակնարկումն ունի, նշանակում է «աստ էած», այսինքն` գրաբարից թարգմանաբար` մեզ այստեղ բերեց, այս կյանքի բերեց:

Ըստ մեկ այլ կարծիքի` Խոսրով Անձևացին իր բացատրության մեջ նկատի ունի ոչ թե «աստ»` «այստեղ» բառը, այլ «աստ» ասելով` հաստումն, ստեղծումն, ինչը նշանակում է, որ ստեղծման բերեց, ստեղծեց, ընդհանուր իմաստով` արարչագործեց:

Ներսես Լամբրոնացին Պատարագի իր մեկնության մեջ նշում է, որ «Աստված» նշանակում է այստեղ բերող, այսինքն` չգոյությունից այս գոյությանը բերող: Մեկ այլ բացատրությամբ «Աստված» նշանակում է «աս տված»` ասել, խոսել, շունչ տված:

Հին Կտակարանում հիշատակվող Աստծու անունը` Եհովա, Աստվածաշնչի թարգմանություններից շատերում «Տեր» է թարգմանվում։ Ի՞նչ է նշանակում Եհովա:

Աստված հայտնվեց Մովսես մարգարեին անկեզ մորենու միջից և հայտնեց իր անունը` «Ես եմ` Ես այն Աստվածն եմ, որ Է» (Ելք 3.2, 6, 14): Սա «ես» դերանվան ներկա ժամանակի բայաձևի հետ գործածումն է, որը եբրայերենում օգտագործված է միայն տետրագրամմայի` չորս տառերի տեսքով («տետրագրամմա» բառը հունարեն «չորս» և «տառ» բառերի միացությամբ է առաջացել), քանի որ եբրայերենում չէին գրում ձայնավորները: Այս պատճառով տետրագրամման փոխադրում կամ արտասանում են երկու ձևով` Եհովա կամ Յահվե:

Եբրայական գիտնականներն ավելի ճիշտ են համարում «Յահվե» ձևը: Ներկա ժամանակաձևով «Ես եմ, որ Է» արտահայտությունը` ասված Մովսեսին Աստծո կողմից, ցույց է տալիս Աստծո հավերժական գոյություն ունենալը:

«Աստված» բառին իբրև հոմանիշ եբրայական Աստվածաշնչում գործածված են «Ադոնայ» և «Էլոհիմ» եբրայական բառերը, որոնք թարգմանվում են` Ադոնայ – իմ Տեր, Էլոհիմ – Աստված: Հրեաները «Եհովա» անվան արտասանության փոխարեն հաճախ նախընտրել են «Ադոնայ» բառը: Այս պարագայում բավականին հետաքրքրական է, որ «Ադոնայ», «Էլոհիմ» բառերը հոգնակի են, սակայն գործածվում են եզակի թիվ ցույց տվող բայի հետ, ինչպես օրինակ մարդու արարման պատմության մեջ:

«Ադոնայ» բառի եզակին է «Ադոնա»: «Էլոհիմ» բառը ևս միաժամանակ և՛ եզակիության, և՛ հոգնակիության նշանակությունն ունի, գործածվում է ինչպես եզակի, այնպես էլ հոգնակի թվով բայերի հետ` եզակի թվով բայերի հետ գործածման պարագայում շեշտելով Աստծուն, հոգնակիության դեպքում` առավելաբար կուռքերին` չաստվածներին կամ իշխանություններին: «Էլոհիմ» բառի մեջ եբրայական «իմ» վերջավորությունը բառը հոգնակի է դարձնում:

Աստվածաշնչում Աստծո համար գործածված է նաև «Էլ» բառը, որին հանդիպում ենք եբրայական հատուկ անունների բաղադրիչներում, ինչպես օրինակ` Իսրայէլ – Աստծո հետ մարտնչող, Եզեկիէլ – Աստված կզորացնի, Դանիէլ – Աստված է իմ դատավորը, Միքայէլ – ո՞վ է Աստծո (Էլի) նման, Գաբրիէլ – Աստված է իմ զորությունը, Ռաֆայէլ –  Աստված բժշկում է:

Եկեղեցական հեղինակները հատկապես «Էլոհիմ» հոգնակի բառի և դրան վերաբերող եզակի բայի գործածումը, որը թարգմանության մեջ նաև արտահայտվում է «Աստված» եզակի և բայի հոգնակի ձևով, բացատրում են Սուրբ Երրորդության և մի Աստվածության նախանշման փաստով, մանավանդ, որ մարդու արարչագործության պատմության մեջ բացի Աստծուն նշանակող հոգնակի թվով բառի և եզակի բայի օգտագործումից, Աստված ևս հոգնակիության գործածումով ասում է. «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ»…»: Այստեղ գործածված է «Էլոհիմ» (եբրայերեն գրությամբ` אֱלֹהִים) հոգնակի ձևը (Ծննդ. 1.26-28): Եսայի մարգարեն Քրիստոսին առնչվող մարգարեության մեջ Նրան կոչում է «սքանչելի խորհրդակից» (9.6)` ցույց տալով աշխարհի արարման գործողությամբ Սուրբ Երրորդության անձերի գործակցությունը, որը և երևում է մարդու ստեղծման ժամանակ Աստծո խոսքից:

Մուսուլմանության մեջ Աստծուն ասում են «ալլահ»: Այն արաբերեն ձևն է «Էլի» բառի, որը նշանակում է Աստված իմ: «Էլի» ձևն Աստվածաշնչից հայտնի է հատկապես 21րդ սաղմոսից և խաչի վրա Քրիստոսի արտասանած խոսքից. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն` Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46, Մարկ. 15.34, Սաղմ. 21.2): Աստվածաշնչում գործածվող «Էլոհիմ» բառի եզակին առանց եբրայական հոգնակիակերտ «իմ» ածանցի կլինի «Էլոահ», որտեղից էլ և արաբական ձևը` «ալլահ»:

Հինդուիզմում կան բազմաթիվ աստվածություններ, որոնցից է Բրահմանը` գերագույն, տիեզերական հոգին: Այստեղ «աստված» հասկացության համար գործածվում է նաև «Իշվարա» բառը, որը նշանակում է գերագույն էակ, բացառիկ զորությամբ էակ: Հինդուիզմում կրոնական տարբեր ճյուղեր օգտագործում են իրենց պատկերացմամբ աստծո համար տարբեր անուններ, որոնցից են Վիշնու` Բարձրագույն Աստված, Կրիշնա` Վիշնուի ութերորդ մարմնացումը և այլն:

Կարդալ նաև`