ԱՌՈՂՋԱՑՈՒՄ ՀՈԳԵՎՈՐՈՎ

Եկեղեցական հեղինակները հաճախ են համեմատություններ արել հոգևորականի և բժշկի ու նրա գործունեության միջև: Ինչպես մենք գնում ենք բժշկի մոտ, ասում մեր ցավը և բուժում ստանալով առողջանում, այդպես էլ հոգևորականի մոտ պետք է խոստովանել մեղքերը և հոգևոր բժշկում ստանալ: Նեղությունների ու փորձությունների վերաբերյալ բացատրությունները ևս արվել են բժշկի գործելակերպի հետ համեմատությամբ, ով հաճախ դառը դեղերով է բուժում հիվանդին:

Բայց մենք` որպես հավատացյալներ, բժշկության համար ու՞ր պետք է գնանք, հիվանդանո՞ց, թե՞ եկեղեցի, բժշկի՞ մոտ, թե՞ հոգևորականի: Հոգեվերլուծաբանության հիմնադիրներից մեկը, իր երկարամյա ուսումնասիրության արդյունքներից ելնելով, հաստատում է, որ որևէ հիվանդության ախտանշանները կարող են ծագել նաև հոգևոր ապրումների, ցնցումների պատճառով, օրինակ` մարմնի անդամի կաթվածահարություն, աչքերի շլություն և այլն:

Հոգեվերլուծաբաններն իրենց փորձը ցույց տալով ասում են, որ երբ հոգեվերլուծության շնորհիվ բացահայտում են հիվանդության և հոգևոր ցնցումի ներքին կապը, հիվանդը լավանում է, վերանում են անգամ վերը հիշված հիվանդագին նշանները: Հոգեվերլուծությունը, որ հաճախ ծաղրանմանությունն է քահանայի մոտ մեղքերի խոստովանության, կարելի է ասել` միայն ցավազրկող, ցավն ու հիվանդությունը մի կողմ տանող միջոց է, որովհետև շատ իրողություններ դիտում է միայն մարդու անձի ներսում:

Մինչդեռ հոգևորականի կողմից քրիստոնեական ճշմարիտ կրոնի լույսի ներքո ամեն ինչ քննվում է նաև մարդու` առ մյուս մարդիկ և առ Աստված հարաբերություններում, իրապես բուժվում է նաև հոգին, և Աստծո օրհնությունն է իջնում մարդու վրա: Եվ քանի որ հիվանդությունը կարող է լինել նաև հոգևոր պատճառով, ապա խորհուրդ է տրվում, որ բժշկության կարոտները նաև եկեղեցի գան և կամ համաձայն լինեն հանդիպելու հիվանդանոց այցելող հոգևորականներին, քանզի հատուկ բժշկության համար աղոթքներ և ավետարանական ընթերցումներ կան կարգված, որոնց հաղորդակցվելը բարիք կլինի մարդու համար, և առավել շուտափույթ կգա առողջությունը: