ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ

Այսօր գրեթե ամեն քայլափոխի մենք բախվում ենք քրիստոնեությունից տարբեր այլ «ճշմարտության», այլ օրենքների, որոնց շրջանցելը կամ որոնց միջով անցնելը երբեմն դժվար է, և կարծես թե պարտադրանք է լինում ենթարկվելու, հարմարվելու այդ ամենին: Մինչդեռ Աստված մարդուց պահանջում է ապրել առաքինի և անբասիր վարքով: Ինչպե՞ս դիմակայել այդ փորձություններին և միևնույն ժամանակ ապրել առաքինության բանաձևով:

Շատ կցանկանայի ասել, որ մենք ապրում ենք առաքինի ու քրիստոնեական միջավայրում: Բայց, դժբախտաբար, իրականությունն այլ է: Մեր այսօրվա իրականությունն իրենից ներկայացնում է քրիստոնեահեթանոսական մի խառնուրդ, որում լի են գայթակղություններն ու փորձությունները, հոգևոր կյանքի սպառնալիքները:

Հեռուստատեսությամբ, փողոցի տեսարաններով, համացանցով, մարդկանց մերկություն ու անառակություններ ցուցադրող և այդպիսի մեղսալի կյանքը քարոզող ու գովազդող, ինչպես նաև արյունալի տեսարաններ ներկայացնող ֆիլմերով այսօր մեր կյանքը հեղեղված է գայթակղություններով, քրիստոնեական, բարեպաշտական կյանքից շեղող վտանգներով: Այդ վտանգները հարվածում և վնասում են հատկապես երեխաներին, որոնց պաշտպանելու համար բավարար միջոցներ ձեռք չեն առնվում:

Երկրի օրենքները նախանձախնդիր չեն քրիստոնեական բարոյականության ամրապնդման, այլ պետական-հասարակական կյանքի կազմակերպման ու կարգավորման: Այս պայմաններում քրիստոնյայի վիճակն իրապես բարդանում է, քանզի քրիստոնեական վաղ շրջանում քրիստոնյաների հանդեպ ֆիզիկական հալածանքներն այսօր փոխարինվել են հոգեմտավոր հալածանքներով, որոնք հաճախ նույնքան կործանարար են:

Կարո՞ղ է արդյոք անկյալ քրիստոնյան ներկա իրավիճակը բերի որպես արդարացում քրիստոնեական արժեքներից, Աստծուց իր հեռացման և հավատքի, հոգևորի հանդեպ նկատվող իներտության ու պասիվության: Ղովտի պատմությունը Հին Կտակարանից ասում է, որ ո՛չ: Ղովտն իր ընտանիքով ապրում էր մեղսագործություններով լի, նույնասեռականությամբ, անբարոյականություններով պղծված Սոդոմ քաղաքում, սակայն իր ընտանիքով անգամ այդպիսի պայմաններում պահել էր Աստծո և Նրա խոսքի հանդեպ հավատարմությունն ու նախանձախնդրությունը (Ծննդ. 19.13,6, 14, 16):

Արդի աշխարհի փորձություններին, գայթակղություններին դիմակայելու համար հարկ է շարունակել ապրել հավատքով, աղոթքով, պահեցողությամբ: Խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ պետք է ճգնակեցությամբ զբաղվենք, թողնենք մեր առօրյան և ճգնավորներ դառնանք: Դրա համար առանձին մարդիկ իրենց հատուկ կոչումն ունեն:

Սակայն մենք չպետք է մոռանանք, որ հավատքի ջերմությունը կենդանի է մնում սիրո և աստվածպաշտության զորությամբ, և մեր մտադրություններում ու ներաշխարհում միշտ առաջին տեղում պիտի լինեն բարձր արժեքները, և սրանցից վեր` Աստված: Այս կարգավորությունը մեծապես կօգնի` հաղթահարելու փորձությունները և ամուր պահելու քրիստոնեական կյանքով ապրելու վճռականությունը:

Ինչու՞ է սերը համարվում առաքինությունների աղբյուր:

Պողոս առաքյալն ասում է, որ անգամ հզոր հավատքն առանց սիրո ոչինչ է (Ա Կորնթ. 13.13): Նրա ուսուցումով հավատի, հույսի և սիրո համեմատության մեջ սրանցից մեծագույնը սերն է: Սերը բոլոր առաքինություններից համարվում է մեծագույնը, բայց այն նաև կարելի է համարել առաքինությունների աղբյուր, որովհետև առաքինությունները գործվում են սիրով: Հին Կտակարանի բազում պատվիրանները Նոր Կտակարանում Քրիստոս ամփոփեց ընդամենը մեկ պատվիրանի մեջ` սիրեցեք միմյանց:

Մերձավորների հանդեպ սիրուն Քրիստոս ավելացրեց նաև թշնամիների հանդեպ սերը, որպեսզի մարդու սիրո ամբողջական արտահայտումը կատարյալ լինի: «Սերն է օրենքի լրումը», ասում է առաքյալը (Հռ. 13.10): Այսինքն` սիրո դրսևորումով արդեն իսկ կատարվում են բոլոր պատվիրանները, աստվածադիր օրենքները:

Սերն ավելի մեծ է հավատից ու հույսից, որովհետև սրանք վերանալու են, իսկ սերը մնալու է: «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. 13.13): Հավիտենության մեջ հավատքն իր տեղը զիջելու է տեսությանը, իսկ հույսը` տիրապետությանը, քանզի ինչին որ հավատում ենք, արդեն տեսնելու ենք, իսկ ակնհայտ իրողությունը հավատի կարիք չի զգում:

Ինչի հանդեպ որ հույս ենք տածում, այն ստանալու ենք, իսկ հույսը դադարում է հուսացվածի տիրապետությամբ: Միայն սերն է, որ մնալու է, և սիրով է, որ շարունակելու ենք միանալ Աստծուն, Ում մասին Սուրբ Գիրքն ասում է. «Աստված սեր է» (Ա Հովհ. 4.8, 16):