ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ է առաքինությունը` մարդկային կենսակե՞րպ, մտածելակե՞րպ, Աստծուց տրված շնո՞րհ:

«Առաքինություն» ընդհանուր հասկացության տակ նկատի ունենք այն արարքները, որոնք համապատասխան են բարոյական բարձր չափանիշներին, և այդ արարքները, վարմունքները կոչվում են առաքինություններ: Առաքինությունը, քանի որ իբրև ընդհանուր հասկացություն ենթադրում է առաքինությունների ամբողջականություն, առաքինի վարմունքների ընդհանրացում, չենք կարող բնութագրել որպես կենսակերպ:

Կենսակերպ նշանակում է կյանքի, ապրելու ձև. գրաբարում «կեանք» բառը հայցական հոլովում դառնում է «կեանս», և այս ձևից բառակազմություններում հանդես գալիս սղված «ա» տառով, «կենս» ձևով, որով և «կենսակերպ» նշանակում է կյանքի կերպ: Առաքինություններն աստվածահաճո վարմունքներ են, և կյանքի կերպի հետ կապելով` կարող ենք ասել, որ կենսակերպ է առաքինություններով ապրելը:

Քրիստոս ցույց տվեց, որ մեղքն սկսվում է ոչ թե արտաքին գործողություններով, այլ դեռևս մարդկային ներաշխարհում մտքից սկզբնավորումով: Նմանապես և բարի վարմունքները, առաքինություններն սկսվում են մտքից, որով և դրանք առնչություն ունեն մտածելակերպի հետ:

Առաքինություններ գործելու կարողությունը նաև աստվածային շնորհի զորակցությամբ է ձեռք բերվում: Սխալ կլինի ասելը, թե հավատացյալներին տրվող աստվածային շնորհից հեռու գտնվողներն առաքինություններ չեն գործում, սակայն միայն աստվածային շնորհի գործակցությունն է կատարյալ դարձնում առաքինությունը:

Եկեղեցու սպասավորներից հաճախ ենք լսում. «Աստծուն ճանաչելով և սիրելով է հնարավոր առաքինի գործեր կատարել»: Ուրեմն, կարելի՞ է ենթադրել, որ առաքինի են լինում հիմնականում քրիստոնյաները, հավատացյալները:

Ճիշտ չէ պնդել, որ ոչ քրիստոնյաները, անհավատներն առաքինություններ չունեն, առաքինի գործեր չեն կատարում: Առաքինի, բարոյական լինում են նաև անհավատները, աթեիստները: Քրիստոնյաների կողմից կատարվող առաքինությունները նույնությամբ կարող են կատարվել նաև անհավատների կողմից: Սակայն հավատքն է, որ կատարյալ է դարձնում առաքինությունը: Անհավատի պարագայում նրա առաքինության մեջ ինքնանպատակ քայլ կա` իր համար նաև հաստատելու բարոյականության, առաքինության սկզբունքով ապրելու իր որպիսությունը:

Սրանից այն կողմ անցնելու կարողություն անհավատը չունի: Մինչդեռ հավատացյալը բարիքներ գործում է Աստծուն հաճոյանալու համար, ինչպես որ երեխաների կամ ծնողների հանդեպ բարիք ենք գործում նրանց հաճույք և ուրախություն պատճառելու, ոչ թե մեր բարոյական բարձր կարգավիճակում ինքնազգացողության հաստատման համար:

Անհավատի բարի վարմունքը մնում է մարդկային հարաբերությունների շրջագծում, հավատացյալի առաքինությունը նաև ելնում է այդ շրջագծից և բարձրանում դեպի Աստված` մեր սիրելի Հայրը, կյանքի Արարիչը: Առաքյալն ասում է, որ մենք Աստծո ժողովուրդ ենք, որպեսզի մեր առաքինությունները նվիրենք Նրան, ով մեզ խավարից կանչեց Իր սքանչելի լույսին (Ա Պետ. 2.9): Աթեիստը բարոյական կյանքով է ապրում և առաքինություններ գործում հանուն բարիքի, որն իրեն բարի համբավ ու պատիվ, նաև ուրիշներին օգուտ է բերում:

Այստեղ գործունեության արդյունքը հանգչում է մարդու վրա: Սակայն քրիստոնյայի նպատակն իր պատիվը կամ փառքը չէ, այլ իր կյանքով Աստծուն փառավորելը, ինչպես առաքյալն է ասում. «Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ (Ա Կորնթ. 6.20), «ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10.31):

Աստծո հանդեպ սերը վերացնում է առաքինության մեջ ինքնանպատակ ընթացքը և բերում ջերմությունը Երկնավոր Հորը հաճելի լինելու: Իսկ առանց հավատի, ինչպես ասում է առաքյալը, անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն (Եբր. 11.6):

Կարդալ նաև`