ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ, ՊԱՀՔ ԿԱՄ ԴԻԵՏԱ

Առաջավորաց պահքը համարվում է Հայոց առաջին ազգային պահքը: Այն սկսվում է Սուրբ Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի՝ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հրաշքով բուժում է Տրդատ արքային, ժողովրդի մեջ տարածում քրիստոնեության լույսը, քարոզում Քրիստոսի վարդապետությունը և պատվիրում հինգօրյա պահք պահել:

Այս պահքն Առաջավորաց է կոչվում` որպես առաջին պահք, կամ էլ որպես Մեծ Պահքի առաջընթաց: Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցիներում արարողություններին Սուրբ Գրքից ընթերցումներ չեն լինում, և Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է նաև հիշատակվում, իսկ Ադամի ժամանակ Գիրք և մարգարեներ գոյություն չունեին:

Եկեղեցական պահքի մեջ կենտրոնական տեղ է գրավում առաջին հերթին ոչ թե որևէ ուտելիքից, այլ հատկապես վատ սովորույթներից հրաժարվելը։ Սա շեշտում է Աստված հատկապես Եսայու մարգարեության մեջ (58.3-6):

Այսօրվա մարդկանց համար նշենք, որ եթե որևէ մեկը չափից ավելի է կապված հեռուստացույցի կրքահարույց ֆիլմերին կամ այլ ներկայացումներին կամ էլ որևէ վատ սովորություն ունի, ապա պահքի ընթացքում խիստ պետք է սահմանափակի իր ցանկությունները հենց այս ոլորտում` այդուհետ վատ իրողություններից հեռու մնալու որոշումով։

Եթե պահքի մեջ հոգևոր մտադրություն չկա, ապա  այն դադարում է պահք լինելուց, քանի որ նաև գիրության հետ կապված խնդիրներից ելնելով` շատեր հրաժարվում են տարբեր տեսակի պարարտ կերակուրներից։ Այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը պետք է կարողանա հստակ տարբերություն տեսնել պահք պահելու և պարզ դիետա պահելու միջև։