ԱՊՐԵԼ ՆԵՐԿԱՅՈՎ

«Ահա հիմա է ընդունելի ժամանակը»,- ասում է Պողոս առաքյալը (Բ Կորնթ. 6.2): Առաքյալի այս խոսքերը, իհարկե, հավատքի մեջ հաստատվելու և փրկության համար չհապաղելու մասին են, բայց ավելի լայն իմաստով դրանք վերաբերում են հիմա-ն, ներկա-ն արժևորելուն և ներկայով ապրելուն: Գիտակցական ու մտային առումով Դուք, ամենայն հավանականությամբ, շատ հազվադեպ եք ապրում ներկայում, անընդհատ թափառում եք անցյալի հիշողություններում ու վերլուծություններում և ապագայի՝ Ձեր կողմից հորինվող հնարավոր բազմազան տարբերակներում: Ընդ որում, այդ ամենն անում եք առավելաբար բացասական մտորումներով:

Անցյալի արարքները, մանավանդ փոխհարաբերությունները հաճախ կասկածամտության, հոռետեսական երանգներով են պատկերվում, իսկ ապագան՝ հիմնականում մտավախություններով, գալիք ենթադրվող իրադարձությունների բացասական զարգացումների մասին անհանգիստ մտածումներով: Մարդը, լինելով մշտատև ներկայում, գիտակցությամբ ու մտքերով բացակայում է ներկա պահից և հետ ու առաջ անում անցյալի ու ապագայի երևակայական ոլորտներում: Այստեղից է գալիս հոգսերի, մտահոգությունների տակ ընկճված, ճնշված լինելու վիճակը: Մեծ մասամբ հոգսերը վերաբերում են անցյալի զղջումներին և գալիքի մտացածին սպառնալիքներին: Ասվածը չի առնչվում մեղքերի համար զղջմանն ու ապաշխարությանը, հոգևոր խորը ապրումներին, այլ՝ կենցաղային իրողություններին:

Ներկան զերծ է հոգսերից, լի է խաղաղությամբ ու հանգստությամբ՝ բացառությամբ ծայրահեղ աղքատության ու պատերազմի խնդիրների: Ներկայում չկա հարատև ալեկոծություն, դժվարություններ ու սրտնեղություններ: Այդ բոլորը անցյալի մտատանջություններն ու ապագայի նախազգացումներն են: Երբ Ձեզ ազատեք այդ երկու երևակայական ոլորտերից, կյանքը կդառնա տևական ներկա, ուր մտացածին հոգսերը տեղ չունեն: Երբ իրական հոգսը գա, այն ժամանակ հաղթահարելու քայլ կանեք: Ասվածն իհարկե չի նշանակում, որ ծրագրեր չպետք է ունենաք, այլ՝ իրական ներկան չփոխարինեք հիշողության ու երևակայության աշխարհներում ու իրադարձություններում մշտապես թափառելով:

Ձեր այսօրվա վիճակը նման է մի ֆանտաստիկ սցենարի, որտեղ մարդը նստած է համակարգչի առջև, ուղեղով միացված է համակարգչային մի իրականության և իր գիտակցական ու մտային ողջ ժամանակն անցնում է այս աշխարհից դուրս, էլեկտրոնային աշխարհում: «Վաղվա մասին հոգ մի արեք» Քրիստոսի պատվիրանը (Մատթ. 6.34) հենց այսպիսի անիրական հոգսերի չտրվելու, անիմաստ տեղը հոգսախեղդ չլինելու հորդոր է: Եթե տվյալ պահին մեծագույն դժվարություններ չկան, պետք է վայելել խաղաղությունը, անդորրը, զգալ երջանկությունը, որոնք Ձեր ներսում ու Ձեր շուրջն են, իսկ երբ հասնեք դժվարության ու նեղության, Աստված կօգնի դրանք հաղթահարել ու նորից հանգստավետ ներկան վայելել:

Տարիներ շարունակ ներկայից Ձեր բացակայելը չեք կարող միանգամից շտկել: Այդ վիճակին հակազդեցությունը գիտակցումն է: «Ո՞ւր էի ես այս պահին, երբ նստած էի, կամ երբ քայլում էի, կամ երբ խոսում էի, երբ մեկի համար բարձրաձայն ընթերցում էի»,- սթափեցնող այս հարցումը արթնացնում է գիտակցումը և Ձեզ վերացական անցյալից կամ ապագայից վերադարձնում ներկա: Այս նույնը կատարվում է նաև աղոթքի պահին: Աղոթում ես ինչ-որ բանի համար և մինչ աղոթում ես, այդ նույն ժամանակ լինում է, որ մտքով սկսում ես թափառել կատարված իրադարձությունների կամ ապագայի՝ դեռ իրականում չհայտնված խնդիրների մեջ: Աղոթքի մեջ ևս պետք է գիտակցումն արթուն պահել և ներկայում լինել:

Անհանգիստ միտքն անընդհատ փորձելու է պայքարել ներկայում մնալու Ձեր որոշման ու քայլերի դեմ: Իզուր չէ, որ եկեղեցական Հայրերը խոսում են նաև չարի կողմից ներմուծվող մտքերի մասին, որոնք խաթարում են հոգևոր անդորրն ու խաղաղությունը: Ուրեմն, սեփական հակվածությանն ավելանում են նաև չարի հարձակումները: Ներկայում մնալու համար պետք է անել հետևյալը: Նախ եկեղեցում գտնվելիս հայացքը հառել սրբապատկերին, խաչին կամ նվիրագործված որևէ եկեղեցական առարկայի, որպեսզի ուշադրությունը կարողանա կենտրոնացած մնալ աղոթական ներկայի վրա: Առօրյայում ներկայի մեջ լինելու համար նայեք ձեր շուրջը, ուշադրություն դարձրեք լույսին, օդին, գույներին, ձայներին, արթուն պահեք այստեղ լինելու գիտակցումը: Կզգաք, թե ինչ նոր գույներով ու հնչյուններով է ներկայանում աշխարհը, որքան անդորր ու հանգստություն, խաղաղություն ու երանություն կա ներկայի մեջ: Կզգաք, որ հոգսերն ու մտատանջությունները հիմնականում կապ չունեն ներկայի հետ, առավելապես երևակայական են, և որքան ցանկալի չէ ներկայից դուրս ելնել և վերացական անցյալում ու ապագայում հոգսեր հորինել ու դրանցով տանջահար լինել:

Վայելել ներկան, հնարավորինս երանություն ու երջանկություն զգալ, խաղաղությամբ ու հանգստությամբ համակվել, իսկ խնդիրներն էլ կկարողանաք լուծել, երբ որ դրանք ծագեն իրականում և ոչ թե մտքերում, երևակայության մեջ: Երանություն ու ներքին հանգստություն զգալու համար Աստծո շնորհները խնդրելով ապրեք ներկայում ոչ միայն արտաքնապես, այլև ներքին էությամբ և Ձեզ համար կբացվի բոլորովին նոր իրականություն: Ահա այս իրողությամբ ավելի լավ կընկալեք Քրիստոսի խոսքը. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք` ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.31-33):