ԱՊԱՎԻՆԻՐ ՏԻՐՈՋԸ

Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս Քեզ վրա եմ դնելու (Սաղմ. 26.3):

Տերն իմ օգնականն է ու պաշտպանը. Նրա վրա դրեց իր հույսը սիրտն իմ, և մարմինս գոհացավ ու զվարճացավ. ես հոժարակամ պիտի փառաբանեմ Նրան: Տերը զորությունն է իմ ժողովրդի, ապավենն Իր օծյալի փրկության: Փրկի՛ր Քո ժողովրդին, և օրհնի՛ր Քո ժառանգորդներին, հովվի՛ր ու հավետ բարձրացրո՛ւ նրանց (Սաղմ. 27.7-9):

Ես հույսս դրի Տիրոջ վրա, պիտի ցնծամ և ուրախանամ Քո տված փրկությամբ: Տեսար իմ նվաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից (Սաղմ. 30.8):

Բայց ես, Տե՛ր, հույսս դրի Քե՛զ վրա` ասելով. «Դո՛ւ ես Աստվածն իմ, և Քո ձեռքում է իմ ժառանգությունը: Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից և իմ հալածիչներից: Ցո՛ւյց տուր երեսդ Քո այս ծառային, պահպանի՛ր ինձ, Տե՛ր, Քո ողորմությամբ» (Սաղմ. 30.15-17):

Որքա՜ն շատ է Քո ողորմության քաղցրությունը, Տե՛ր, որ պահեցիր երկյուղածներիդ համար: Դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց հույսը դրել են Քեզ վրա մարդկանց որդիների առջև (Սաղմ. 30.20):

Քաջալերվեցե՛ք ամեքդ, որ հույս էք դրել Տիրոջ վրա, և ձեր սրտերը թող զորանան (Սաղմ. 30.25):

Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց (Սաղմ. 31.10):

Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի Նա մեր օգնականն է ու պաշտպանը: Նրանով թող ուրախանան մեր սրտերը, և մենք Նրա սուրբ անվան վրա հույս դնենք: Թող ողորմությունդ, Տե՛ր, լինի մեզ վրա, ինչպես որ մեր հույսը դրինք Քեզ վրա (Սաղմ. 32.20-22):

Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը. երանելի է այն մարդը, որ հույսը դրել է Նրա վրա (Սաղմ. 33.9):