ԱՊԱՀՈՎԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Երբ փոքր երեխան նոր է քայլել սովորում, սովորաբար ծնողները հատուկ ուշադրություն են դարձնում տան անվտանգությանը` փակելով վարդակները, թաքցնելով սուր առարկաները և այլն: Ինչպե՞ս կարելի է ապահովել երեխայի բարոյական անվտանգությունը պատանեկության տարիներին:

Երեխայի հոգևոր-բարոյական անվտանգությունն ապահովելու համար երեխան պետք է լինի Եկեղեցու ներսում: Եկեղեցի ասելով` մենք նախ հասկանում ենք հավատացյալների հավաքականությունը: Այս իմաստով երեխան պետք է շրջապատված լինի հավատավոր մարդկանցով, զգա նրանց բարերար ազդեցությունը, ստանա բարի խրատներ և օրինակներ: Սակայն շատ կարևոր է նաև եկեղեցի-աղոթավայրի ներսում երեխայի հաճախակի գտնվելը:

Միայն եկեղեցում է մարդն ունենում այնպիսի հոգեվիճակ, մտքի այնպիսի ընթացք, հոգու անդորր ու խաղաղություն, որ որևէ այլ տեղ ունենալ չի կարող: Եկեղեցու ներսում հոգևոր երգեցողությունը, հնչող աղոթքները, արարողություններն այնպիսի ներդաշնակություն և հանգստություն են բերում մարդու մտքին ու հոգուն, որը մեկ այլ վայրում զգալ հնարավոր չէ: Ճիշտ է, կարող ենք ցանկացած տեղում էլ աղոթել, և Աստված Իր ամենակարողությամբ ու ամենագիտությամբ մեզ ամեն տեղից էլ կլսի, բայց եկեղեցու ներսում է լինում արդյունավետ աղոթքը, որ միասնություն ու հաղորդակցություն է Աստծո հետ:

Եկեղեցու ներսում սրբապատկերները, խաչի պատկերները, հավերժություն խորհրդանշող առարկաները չեն թողնում, որ մեր միտքը ցրվի այլ բաներով, և այն բարձրացնում են դեպի Աստված: Նաև այս իրողությամբ եկեղեցու ներսում մարդը կարող է հոգով առավել զորանալ: Հետևաբար, երեխայի հոգևոր և բարոյական անվտանգության, առաքինի կյանքի հաստատման համար շատ կարևոր է, որ երեխան լինի եկեղեցու ներսում:

 image32Որոշ ծնողներ փորձում են քսանչորսժամյա հսկողության տակ պահել իրենց դեռահաս զավակներին` պտտվելով նրանց շուրջը և հսկելով յուրաքանչյուր քայլը: Երբեմն ծնողների նման պահվածքն է դրդում պատանուն հմտորեն թաքցնել արդեն գործած արարքը: Պարզ է, որ հսկողությունը հարցի լուծում չէ: Իսկ որո՞նք են լուծումները:

Մշտական հսկողությունը, պարտադրանքը կարող են հակառակ հետևանքների հանգեցնել: Քրիստոնեությունը պարտադրանքներով չի հաստատում իր ճշմարտությունը և մեծապես կարևորում է ազատ ընտրությունը: Երբ Քրիստոս իր առաքյալներին երկու-երկու ուղարկեց քարոզչության (Մարկ. 6.7, Ղուկ. 10.1), ասաց. «Եթե մի քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թոթափեցե՛ք» (Մատթ. 10.14, Մարկ. 6.11, Ղուկ. 10.11):

Քրիստոս սովորեցրեց, որ ազատ կամքի ընտրությամբ պետք է հաստատվեն քրիստոնեական բարձր արժեքները, ապրելակերպը: Այսպես նաև երեխային պետք է ոչ թե պարտադրել, այլ թողնել ազատ ընտրության` ճիշտ ուղղորդելով նրա ընտրությունը: Պետք է քրիստոնեական պատվիրանները, ապրելակերպը մատուցել հրապուրանքով, որպեսզի դրանք ցանկալի լինեն երեխաներին:

Երբ երեխաները սկսում են հավատալ, նրանց հավատը մեծահասակների հավատից ավելի ուժեղ է լինում առ Աստված վստահության մեջ, որովհետև նրանց մտքերը, հոգին, հայացքը պարզ ու վճիտ են և դեռ չեն ընդարմացել մեղքերով: Սրա համար էր, որ Քրիստոս իր մոտ կանչեց մի մանուկ և նրան ցույց տալով` ասաց աշակերտներին. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18.2-3):

Երեխան մեծապես սիրում է Աստծուն: Մենք երեխային չենք սովորեցնում սիրել լույսը. նրանում արդեն այդ ձգտումը, հակումը կա: Այսպես և երեխային չենք սովորեցնում սիրել Աստծուն, այլ փոքրիկը, իմանալով Աստծո մասին և հավատալով Նրան, մեծապես սիրում է: Դրա համար երեխաների դաստիարակությունը հարկ է իրագործել մանկական հոգեբանության լուրջ գիտակցումով:

Չպետք է չոր ու կտրուկ կարգադրություններ անել` սա չի՛ կարելի, սա արգելվա՛ծ է, պե՛տք է անես այս կամ այն, ինչը բռնության զգացում և հակառակություն է բերում: Այլ հարկ է սովորեցնել և ասել` Աստված պատվիրել է անել այս կամ այն, Աստված ուզում է, որ այսպես վարվենք, Աստծուն դուր չի գա, երբ այդ արարքը գործես, Աստծուն կտխրեցնես քո այս մի քայլով: Եվ երեխան, իմանալով Աստծո կամքը, Աստծո հանդեպ իր մեծագույն սիրով կջանա անել Աստծուն հաճելի արարքներ և հեռու մնալ այն քայլերից, որոնք տանում են դեպի մեղքը: