ԱՇԽԱՏԱՆՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի՞նչ սկզբունքով պետք է առաջնորդվել աշխատանք ընտրելիս, Աստվածաշունչը մեզ ցուցումներ տալի՞ս է:

Աշխատանք ընտրելիս պետք է առաջնորդվել ըստ նախասիրությունների և ջանալ ձեռք բերված աշխատանքով ոչ միայն ինքդ քեզ և կամ միայն քո ընտանիքին օգուտ բերել, այսինքն` աշխատանքը ինքնանպատակ դարձնել, այլև օգտակար լինել հայրենակիցներին, քո երկրին ու ժողովրդին: Առաքյալի խոսքը նաև այս է ակնարկում. «Միայն մե՛զ համար հաճելի չլինել. այլ մեզնից յուրաքանչյուր ոք թող ընկերոջը հաճելի լինի` ի շինություն բարի գործերի» (Հռ. 15.12):

Այստեղ ուրիշներին օգուտ բերելու, միմյանց սիրելու քրիստոնեական մեծագույն պատվիրանը պետք է գործի: Առաքյալները նախ քարոզում էին իրենց ժողովրդին, բայց երբ տեսան, որ հրեաները հակառակվում են, դարձան դեպի հեթանոսները (Գործք 13.46), այսինքն` քարոզչական աշխատանքով նախ իրենց ժողովրդին ու երկրին օգտակար լինելու նպատակն ունեին:

Վկայության խորանը` հրեաների սրբարանն ու դրա սպասքը, Հին Ուխտի տապանակը, որի մեջ ամփոփվելու էին Աստծո կողմից տրված տասը պատվիրանները` նոր քարե տախտակների վրա գրված (Ելք 34.1), մանանայով լի ոսկե սափորը (Ելք 16.32-35) և Ահարոնի ծաղկած գավազանը (Թվեր 17.1-11), ինչպես նաև քահանայական զգեստները պատրաստելու հորդորով Աստված Մովսեսին ուղղարկեց հատուկ արհեստավորի և նրա օգնականների մոտ (Ելք 31.1-11), որովհետև Մովսեսը չէր կարող ինքն զբաղվել այդ իրերի և աղոթավայրի պատրաստությամբ: Հետևաբար, ամեն մեկը մասնագիտություն և աշխատանք պետք է ընտրի իր կարողություններին ու նախասիրությունների համապատասխան:

Այսօրվա գործազրկության պայմաններում, սակայն, մարդիկ գնում են այն աշխատանքին, որը գոնե կարողանում են ճարել: Այդպիսի աշխատանքի մեջ էլ պետք է գործեն բարության ու ազնվության սկզբունքները: Օրինակ` փոքրիկ երեխա ունեցող ծնողը գիշերը մեծ տհաճություն է զգում` քաղցր քունը թողնելով և հոգնած վիճակում իր երեխայի լացին ընդառաջ նրան խնամելով:

Բավականին դժվար է նաև երեխա ծննդաբերելը, սակայն այս ամենն արվում է սիրով, որ նշանակում է, թե մի բան կարող է և հաճելի չլինել, բայց միևնույն ժամանակ կարող է շատ օգտակար և սիրելի լինել: Այդպես էլ նաև աշխատանքը կարող է երբեմն հաճելի չլինել, բայց մարդը, ունակ լինելով այդ աշխատանքը կատարելու, այն պետք է դիտի օգտակարի տեսանկյունից:

Մենք հիմա ապրում ենք կապիտալիզմի ժամանակաշրջանում, և կապիտալիստական հասարակարգում իշխում է նաև նյութականի առաջնայնությունը կարևորող գաղափարախոսությունը, որի համաձայն` գործողություններն իրականացվում են կապիտալի կուտակման նպատակով: Այսպիսի պայմաններում մարդն այլևս երկրորդական է դառնում, նաև նկատվում է որպես միջոց գլխավոր նպատակի` նյութականի, կապիտալի ձեռքբերմանն ու կուտակմանը հասնելու:

Գործատուի կամ կապիտալիստի կողմից մարդն օգտագործվում է տնտեսական շահ ունենալու համար, մարդը դառնում է շահույթի ձեռքբերման գործիքներից մեկը: Այս իրադրության մեջ մեծապես օգտակար է առաքյալի խրատը. «Իմացե՛ք, որ յուրաքանչյուր ոք` թե՛ ծառա և թե՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նույնն էլ կստանա Տիրոջից: Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց հանդեպ` մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացե՛ք, որ և՛ նրանք, և՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա» (Եփ. 6.89):

Սակայն հակառակ պատկերն էլ կա: Երբ մարդն աշխատում է ոչ ըստ իր նախընտրության, այլ ըստ առկա աշխատատեղի, անհրաժեշտ հոգածությամբ չի վերաբերվում աշխատանքին կամ աշխատավայրին: Հայտնի է տաճար կառուցող շինարարների խրատական օրինակը, երբ մեկն ուրախությամբ ասում է, որ իր Աստծո համար տաճար է կառուցում, իսկ մյուսն այն կարծիքին է, որ տքնաջան, ծանր ու չարքաշ աշխատանք է կատարում` իր և ընտանիքի կարիքները հոգալու համար:

Աշխատանքը մարդկանց ծառայելու և սիրելու քրիստոսավանդ պատվիրանների կատարման հնարավորություններից մեկն է: Մարդը ևս տաճար է Սուրբ Հոգու (Ա Կորնթ. 3.16, 17, 6.19, Բ Կորնթ. 6.16, Եփ. 2.21-22, Ա Պետ. 2.5), և քանի որ աշխատանքի պտուղները մարդկանց օգտակարությանն են ծառայում, ապա մեր աշխատանքը ևս պետք է դիտել այս տեսանկյունից: