ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Դրախտում Ադամն ու Եվան չէին աշխատում: Աշխատանքն ի հայտ եկավ Ադամի և Եվայի դրախտից վտարվելուց հետո: Աշխատանքով Աստված պատժո՞ւմ է մարդուն:

Սուրբ Գրքում մանրամասն չի ներկայացվում, թե կորուսյալ դրախտում ինչպիսին պիտի լիներ կյանքը, կամ ինչպիսին պիտի լինի մարդկային գոյությունը Երկնքի արքայության մեջ: Մեզ տրված են հիմնականում այս կյանքում ապրելու համար անհրաժեշտ հոգևոր սկզբունքներ, որոնք պետքական են մեր երկրավոր ընթացքի և հավիտենությանն արժանանալու համար:

Անդրաշխարհի որպիսին լինելը բացահայտ տեսնելու ենք այնտեղ, ինչպես և ասում է Պողոս առաքյալը. «Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ» (Ա Կորնթ. 13.12): Ադամն ու Եվան կարճ ժամանակ մնացին դրախտում, և այնտեղ իրենց կյանքը չպիտի պարապությամբ անցկացնեին, այլ պետք է գործեին: Ծննդոց գրքում ասվում է, որ երբ ստեղծվեց երկիրը, մարդ չկար, որ մշակեր հողը (2.5):

Սա նշանակում է, որ հող մշակելու, աշխատելու նախատեսում եղել է դեռ մարդու ստեղծումից առաջ: Աստված նաև Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի նա մշակի ու պահպանի այն (Ծննդ. 2.15): Մարդու անկումը, սակայն, վնաս պատճառեց ողջ տիեզերքին, բերեց նաև հողի բերքատվության հատկության խիստ նվազում:

Հետևաբար, աշխատանքը պատիժ չէ, այլ անկում ապրած առաջին մարդուն նյութական հացի հայթայթման համար քրտնաջանորեն առավել աշխատելն էր տրված: Մարդու փրկության համար շեշտվում է հավատքի և գործի կարևորությունը: Այստեղ պետք է հիշենք Հակոբոս առաքյալի` առանց գործերի հավատքը մեռած է սկզբունքը (Հակ. 2.20, 26): Այսինքն` հավատքը ևս պահանջում է գործեր, և, հետևաբար, աշխատանք:

Սովորաբար աշխատանքի երկու տեսակ է տարբերակվում` ֆիզիկական և մտավոր: Երկուսից ո՞րն է համարվում ավելի առաջնային կամ կարևոր:

Արիստոտելն առավել կարևոր էր համարում մտավոր աշխատանքը, որի մեջ էլ և տեսնում էր երջանկությունը: Իրականում երկուսն էլ կարևոր են: Առաքյալներն իրենք ֆիզիկական գործ անողներ էին` մեծ մասամբ ձկնորսներ, ովքեր Քրիստոսի կողմից կանչվելուց հետո անցան նաև մտավոր աշխատանքի` աղոթքի, քարոզչության, Ավետարանների գրության, բայց նաև շարունակում էին զբաղվել ձկնորսությամբ:

Պողոս առաքյալը քարոզելուց հետո աշխատում էր իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար, զբաղվում էր վրանագործությամբ և դրանով էր իր ապրուստը վաստակում (Գործք 18.3): Ենթադրելի է, որ Քրիստոս մինչ իր առաքելությունը սկսելն օգնում էր իրեն խնամակալող հորը` Հովսեփին, ով հյուսն էր (Մատթ. 13.55, Մարկ. 6.3), այլ բառով ասած` կահույքագործ:

Աշխատանքի տեսակների մեջ առաջնային համարելու առումով, թերևս կարևոր համարենք մտավորը, բայց ոչ թե միաժամանակյա մտավոր և ֆիզիկական աշխատողների նկատառումներով, որովհետև նրանք ամեն մեկն իր հերթին անհրաժեշտ գործ են անում, այլ գիտության, տեխնիկական առաջընթացի, գյուտերի առումով, որոնք սկզբնական խթան են հանդիսանում կյանքի զարգացման ու առաջընթացի համար:

Առաքյալն ասում է, որ ամեն մեկին տրված են տարբեր շնորհներ (Հռ. 12.6): Կյանքում և Եկեղեցու մեջ այդ տարբերությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ, հավատացյալները միմյանց կարիքն են զգում ու նաև այդպես միավորություն կազմում: Այսպես և աշխատանքի մեջ ամեն մեկին տարբեր շնորհներ են տրված, բայց մարդիկ միմյանց կարիքն են զգում` մեկը՝ ֆիզիկական աշխատանքի բարիքները վայելելու, մյուսը` մտավոր աշխատանքի բարի արդյունքներից օգտվելու:

Կարդալ նաև`