ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Կարծիք կա, որ միշտ հատկապես նոր սերունդն է ըմբոստանում ամեն տեսակի իշխանության դեմ: Արդյո՞ք իշխանության հանդեպ անվստահությունը հատկանշական է միայն երիտասարդներին:

Իշխանության հանդեպ անվստահությունը դրսևորվում է տարբեր տարիքի մարդկանց մոտ, եթե կա դժգոհություն այդ իշխանություններից: Այս դեպքում խոսքն առավելաբար քաղաքական իշխանության մասին է: Այնպես որ իշխանության հանդեպ անվստահություն կամ իշխանությունից դժգոհություն հատուկ է ոչ միայն երիտասարդությանը: Նմանատիպ երևույթ, որ հատուկ է միմիայն երիտասարդներին, տարբեր սերունդների միջև առկա հակասությունը կամ դժգոհությունն է:

Հետևաբար, դժգոհության զգացումը, որն առնչվում է միայն նոր սերնդին, պետք է տեսնել հայրեր-որդիներ հակադրության և ոչ թե քաղաքացիներ ու պաշտոնյաներ հակադրության մեջ: Երիտասարդներին ավելի շատ հատուկ է նախորդ սերնդին կամ հայրերին չհասկանալու, ավելի ճիշտ` նախորդների ունեցածով կամ ձեռքբերումներով չբավարարվելու և ավելիին ձգտելու հատկանիշը:

Հայրեր-որդիներ հակադրության խնդիր եղել է բոլոր ժամանակներում: Մենք ինքներս էլ կարող ենք հիշել մեր կյանքից, որ հաճախ չենք հասկացել ծնողների այս կամ այն տեսակետը, այն համարել ժամանակից հետ մնացած, փորձել առաջնորդվել ոչ թե ծնողների, այլ մեր մտածելակերպով` մերը համարելով ավելի ճիշտ և տրամաբանական: Նման իրողությունը թեև բացասական տարրեր ունի իր մեջ, սակայն հաճախ դառնում է նաև խթան նոր զարգացման և առաջընթացի:

Այսպես է, որ նախորդների ձեռքբերումներով չբավարարվելով կամ դրանց հետ համաձայն չլինելով` եղել են նոր նվաճումներ, ինչպես օրինակ մտքի ոլորտում` գիտության, փիլիսոփայության, տեխնիկական նոր գյուտերի առումով: Եվ քանի որ հայրեր-որդիներ խնդիրը միշտ առկա է, ապա Աստվածաշնչում տրվում են երկուստեք պատվիրաններ` ուղղված և՛ ծնողներին, և՛ զավակներին:

Տասնաբանյա պատվիրաններից մեկն ասում է` պատվի՛ր քո հորն ու մորը (Ելք 20.12), բայց նաև ծնողներին է պատվիրան տրվում. «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որպեսզի չհուսալքվեն» (Կող. 3.21): Հետևաբար, և՛ զավակները պետք է պատվեն ծնողներին, և՛ ծնողները պետք է չվշտացնեն իրենց զավակներին, այսինքն` պետք է փոխադարձ հարգանք, սեր, վստահություն լինի:

Քրիստոս հանդիմանում է փարիսեցիներին և օրենսգետներին, ովքեր հորդորում էին, թե տաճարին տրվող ընծայի, այսինքն` նախատեսված նվիրատվության պատճառով օգնություն չցուցաբերեն ծնողներին, այլ հօգուտ տաճարի նախապես որոշված ծրագրերն իրականացնեն: Քրիստոս վեր է դասում որդիական սերն ու ծնողներին պատվելու աստվածային պատվիրանի կատարումը առաքինի տարբեր ծրագրերի իրականացումից (Մատթ. 15.36, Մարկ. 7.11):

Հայրեր-որդիներ հակադրությունը սրվում է նաև այն ժամանակ, երբ որդիների համար ծնողները դադարում են իդեալներ լինելուց: Փոքրիկ հասակում ծնողները երեխաների համար մեծագույն հեղինակություններն են, նրանց իդեալները: Երեխան մինչև դպրոցական տարիքը հոգեբանորեն չի կարողանում իրեն նույնիսկ ծնողներից անջատ համարել: Կարելի է ասել, որ ծնողների մոտ էլ այսպիսի զգացում կա. փոքրիկ հասակի երեխաներ ունեցողներն զգում են, որ նրանք կարծես թե իրենց մի անբաժանելի մասնիկն են:

Բայց տարիների հետ երեխաները մեծանալով տեսնում են, որ ծնողները սովորական մարդիկ են մյուսների պես, ունեն նույնիսկ թերություններ, որոնք հաճախ դուրեկան չեն զավակների համար: Սակայն սա երբեք պատճառ չպիտի դառնա ծնողների հանդեպ հարգանքի և սիրո նվազման: Սա է մեզ ուսուցանում Աստվածաշունչը նաև Նոյի օրինակով:

Նոյ նահապետն իր զավակների համար մեծ հեղինակություն էր նաև այն պատճառով, որ Աստված խոսում էր նրա հետ: Եվ Նոյն աստվածային պատվերի համաձայն էր, որ կառուցեց տապանը և փրկեց իր ընտանիքին ջրհեղեղից: Բայց մի օր կրտսեր որդին` Քամը, տեսնում է իր հորը հարբած ու մերկ ընկած և գնում ասում է այս մասին եղբայրներին (Ծննդ. 9.22): Քամն արհամարհում է հորը` մտածելով, որ այս մարդն իբր մարգարե է, խոսում է Աստծո հետ, բայց ահա հիմա այն աստիճանի է հարբել, որ նույնիսկ մերկացել ու ընկել է գետնին: Սակայն ավագ եղբայրները, ետ-ետ գնալով, որպեսզի հոր մերկությունը չտեսնեն, մոտենում են և ծածկում նրան: Նոյն արթնանալով անիծում է Քամին նրա վերաբերմունքի համար (Ծննդ. 9.23-25):

Այս խրատական դրվագը ցույց է տալիս, որ ծնողներին պետք է հարգել, սիրել, պատվել, եթե անգամ նրանք ունենում են թերություններ, որովհետև Աստված մեզ ասում է, որ ծնողներին պատվելը հաճելի Իրեն: Առակաց գրքում շատ խրատներ կան ծնողներին հարգելու և պատվելու, ինչպես նաև զավակների հանդեպ հոգատարությամբ վերաբերվելու մասին: