ԱՆՎԱՆԻ ԵՎ ՊԱՆԾԱԼԻ ԿԴԱՐՁՆԵՄ ՁԵԶ ԵՐԿՐԻ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ՄԵՋ

Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք` ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց: Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ` և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և Նա անտես արեց նրան (Սիրաք 2.11-12):

Տերն Իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը (Եսայի 52.10):

Տերը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էք, այլ նրա համար, որ Տերը սիրում էր ձեզ (Բ Օր. 7.7-8):

Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից և, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին: Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետև ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստությունը քո կողմը պիտի դառնա (Եսայի 60.4-5):

Պիտի ճանաչվեն նրանց սերունդը ազգերի մեջ և նրանց զավակները` ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե` «սրանք Աստծու օրհնյալ զավակներն են» (Եսայի 61.9):

Տերը պատասխանեց Իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ուղարկում եմ ձեզ ցորեն, գինի և յուղ, և դուք կկշտանաք դրանցով, ու այլևս ձեզ չեմ հանձնի ազգերի նախատինքին» (Հովել 2.19):

Հզորը` Տեր Աստված, քո մեջ է և կփրկի քեզ, ուրախություն կբերի քեզ, կնորոգի քեզ Իր սիրով և ուրախ կլինի քո մեջ զվարճությամբ, ինչպես տոնի օրը: Ես կհավաքեմ քո ցրվածներին: «Ահա թե ինչ կանեմ քեզ համար այն ժամանակ. կփրկեմ ճնշվածին, մերժվածին կընդունեմ և նրանց պանծալի ու հռչակավոր կդարձնեմ ամբողջ աշխարհում: Նրանք կամաչեն և՛ այն ժամանակ, երբ բարիք կանեմ ձեզ, և՛ այն ժամանակ, երբ կընդունեմ ձեզ, որովհետև անվանի և պանծալի կդարձնեմ ձեզ երկրի բոլոր ազգերի մեջ` ձեր աչքերի առաջ փոխելով ձեր գերության վիճակը», – ասում է Տերը (Սոփոնիա 3.17-20):

Քո Տեր Աստծուն ընտրի՛ր այսօր, որպեսզի Նա քեզ Աստված լինի. կընթանաք Նրա ճանապարհով, կպահպանեք Նրա օրենքներն ու կանոնները` կլսեք Նրա ասածը: Տերն այսօր քեզ ընտրեց, որ լինես նրա սեփական ժողովուրդը, ինչպես որ խոստացել է քեզ, որպեսզի պահես Նրա բոլոր պատվիրանները և բոլոր ազգերից բարձր լինես: Նա քեզ դարձրել է անվանի, բարգավաճ ու փառավոր, որպեսզի ըստ իր խոստման լինես քո Տեր Աստծու սուրբ ժողովուրդը (Բ Օր. 26.17-19):

Տերը քեզ համար կբացի Իր բարիքների շտեմարանը` երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին, կօրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի: Եթե լսես քո Տեր Աստծու պատվիրանները, որ պահելու և կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրա կիշխես, բայց քեզ վրա չեն իշխի: Քո Տեր Աստվածը քեզ կդարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կլինես և ոչ թե` ցած (Բ Օր. 28.12-13):

Եթե լսեք մեր Տեր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է` հետևելով Նրա պատվիրաններին` կատարեք դրանք, ապա ձեր Տեր Աստվածը ձեզ երկրի բոլոր ազգերից ավելի բարձր կդասի: Այս բոլոր օրհնությունները կիջնեն քեզ վրա ու կգտնեն քեզ, եթե լսես քո Տեր Աստծու ձայնը (Բ Օր. 28.1-2):