ԱՆՁՆԱԿԱՆ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՆԱՑ ԾԱՌ

Խաչը փոխաբերական իմաստով դարձել է նաև մեղքերից ազատվելու ճանապարհ: Երբ մարդը հրաժարվում է մարմնի ստոր, բայց հույժ ցանկալի կրքերից, իրեն չարչարանքների է մատնում` կարծես ինքն իրեն խաչելով: Սակայն այս նեղ ճանապահը հետագայում դառնում է քաղցր և ցանկալի:

Մեր Եկեղեցու սրբերից Գրիգոր Տաթևացին ասում է, որ սատանան տարբեր չար սերմեր է ցանում մարդկանց մեջ: Թագավորների և իշխանավորների մեջ սերմանում է գոռոզություն, նախանձ և կռիվ, վաճառականների մեջ` խաբեություն, արհեստավորների մեջ` ստախոսություն, որպեսզի վատ գործը գեղեցիկ ցույց տան և լավ գնով ծախեն, որովայնամոլների մեջ` հարբեցողություն, որոշ կանանց մեջ՝ պճնասիրություն, որպեսզի մարդկանց հոգիները գերեն և մատնեն սատանային, շատ կանանց մեջ էլ՝ շատախոսություն, որպեսզի հատկապես եկեղեցում զրուցեն ու աղմուկ հանեն և այլն:

Սակայն այս ամենի մեջ ամենամեծ մեղավորը մենք ենք, որ ցանված մեկ չար սերմի դիմաց բազում անգամ պտուղներ ենք տալիս: Եվ ահա Եկեղեցում կարգված Սուրբ Խաչի տոները մեզ դարձյալ հիշեցնում են խաչով փրկվելու անհրաժեշտությունը, ինքներս մեզ խաչելը, այսինքն` մեր ստոր մտքերից ու ձգտումներից մեծ ջանքերի գնով հրաժարվելը:

Քրիստոսի Խաչը համեմատում են նաև Կենաց ծառի հետ, որը դրախտի մեջտեղում էր (Ծննդ. 2.9)։ «Կենաց ծառ» արտահայտությունը փոխաբերական այլ իմաստներով գործածվում է նաև Աստվածաշնչի Առակաց գրքում և Հովհաննու Հայտնության մեջ (Առակ. 3.18, 11.30, 13.12, 15.4, Հայտն. 2.7, 22.2)։

Դրախտի Կենաց ծառը Խաչն է, իսկ դրա պտուղը` Քրիստոս, այսինքն` Կենաց ծառը խորհրդանշում էր Խաչը, որի պտուղը Քրիստոսի Մարմինն է` որպես Հաղորդություն, որի ճաշակմամբ մարդն ընթանում է դեպի հավիտենական կյանք: