ԱՆԿԱՏԱՐ ԱՂՈԹՔՆԵՐ, ԼԻՆԵԼ ՀԱՐՈ՞ՒՍՏ, ԹԵ՞ ԵՐՋԱՆԻԿ

Մեզ երբեմն թվում է, որ աղոթական մեր որոշ խնդրանքներ այդպես էլ չեն իրականացել, չնայած որ մեծ ցանկությամբ ենք դիմել Աստծուն: Սակայն մեր այդպիսի աղոթքները գուցե իրագործվել են:

Պատահում է՝ Աստված մեզ տալիս է ոչ թե այն, ինչ մենք խնդրում ենք, այլ այն, ինչ մեզ պետք է:

Դա պատկերավոր տեսնելու համար մի պահ անիրավ դատավորի մասին առակից անցում կատարենք անիրավ տնտեսի պատմության մի հատվածին:

Անիրավ տնտեսն իր տիրոջ պարտապանների մուրհակները փոխեց` պարտքի կեսը միայն նշելով, ըստ մեկնության` հրաժարվելով այս գործարքների միջոցով իրեն հասանելիք նյութականից: Եվ նյութապաշտությունից հրաժարվելով նա արժանացավ տիրոջ գովեստին, ձեռք բերեց ներքին խաղաղություն ու անդորրություն, որովհետև ազատվեց հետո պատժված լինելու վախից, ընդունելի դարձավ մարդկանց կողմից:

Մինչ շատերիս թվում է, թե մենք այդ ամենին, բարօրությանը կարող ենք հասնել փողի, նյութականի կուտակումով, անիրավ տնտեսը հակառակն է ցույց տալիս, ցանկալի բաները ստանում նյութապաշտությունից հրաժարվելով:

Սա ավելի հասկանալու համար պետք են հետևյալ հարցերը. «Ի՞նչ ես ուզում լինել` հարո՞ւստ, թե՞ երջանիկ, ունևո՞ր, թե՞ պատվավոր»: Այս թվարկվածների մեջ առաջինները պարտադիր պայման չեն երկրորդների համար, իսկ երկրորդներն էլ կարող են առաջինների հետ լինել:

Այսինքն` հարստությունը, մեծ ունեցվածք ունենալը պարտադիր պայման չեն երջանկության, իսկ երջանկությունը կարող է լինել հարստության հետ, երբ ուղեկցվում է բարեգործություններով, ընթանում Աստծո համար հաճելի ճանապարհով:

Այսպիսով, մեր կյանքի երջանկությունը, պատիվը ունեցվածքի առատության մեջ չէ, այլ բարի վարքի, աստվածային օրհնությունների առատության մեջ: Դա, իհարկե, չի նշանակում, թե պետք է միայն սպասել, որ աստվածային օրհնությունները վերևից անձրևի նման թափվեն մեզ վրա, քանզի Հակոբոս առաքյալն էլ ասում է` հավատքը մեռած է առանց գործերի:

Նաև ժողովրդական իմաստուն առածն է խրատում. «Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքիցդ մի գցիր»:

Ուրեմն, մեր որոշ նվիրական ցանկություններ, որ անիրավ դատավորի առակի հորդորի համաձայն՝ աղոթքի մեջ լինելով արտահայտել ենք և կարծում ենք, թե չեն իրականացել, գուցե դրանք արդեն իսկ կատարվել են Աստծո կողմից, քանզի Աստված մեզ տվել է ոչ թե այն, ինչ մենք խնդրել ենք, այլ այն, ինչ մեզ պետք է: