ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԱՐԴԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ

Անիրավ տնտեսի առակի մեջ տեսնում ենք, որ մի վճռական պահի տնտեսի դիրքորոշումն ամբողջովին փոխվում է: Նա տիրոջ պարտապաններին ներում է պարտքի մի մասը, ըստ մեկնության՝  այն նյութականը, որը նրա հասանելիքն էր այդ գործարքներից, և մարդկանց հաճությանն ու հավանությանն է արժանանում:

Մինչ այդ պահը նրա համար մարդը միջոց էր նյութականի համար, իսկ հիմա ամբողջովին հակառակ դիտավորությունն է դրսևորվում. նյութականը դառնում է միջոց մարդկանց օգուտ բերելու համար: Ավետարանական այս առակը կարևոր սկզբունք է հաստատում, որը ճիշտ հարաբերությունների ու մտադրությունների վրա է դնում անձնական, հասարակական, պետական կյանքը:

Միջանձնային հարաբերություններում մեկ այլ մարդու հետ կապ պահպանելը` հանուն նյութական շահերի և օգուտների, գովելի չէ և նույնիսկ դատապարտելի է քրիստոնեական տեսանկյունից: Հասարակական կյանքում մարդկանց տարբեր հնարավորություններ են տրվում ինչ-որ գործ ձեռնարկելու, որպեսզի տնտեսությունը զարգանա: Պետությունն էլ նաև հանդես է գալիս որպես հարկահավաք և քաղաքացիներին դիտում որպես հարկատուներ, որպեսզի նրանցից հավաքված հարկերով պետական բյուջե ձևավորվի, և պետությունը կարողանա տարբեր գործառույթներ իրականացնել:

Սակայն Քրիստոսի պատմած առակում հիշատակված սկզբունքը գալիս է այլ կարգ հաստատելու: Այն գալիս է ասելու, որ մարդը չէ նյութականի համար, այլ նյութականն է մարդու համար, մարդը չէ տնտեսության համար, այլ տնտեսությունն է մարդու համար, մարդը չէ պետության համար, այլ պետությունն է մարդու համար: Այս կարգի մեջ արտաքին հարաբերությունները չեն փոխփոխվում. մարդը պետք է շարունակի ապրել օրինահարգությամբ և օրինապահությամբ:

Բայց փոխվում է ներքին մտադրությունն ու դիտավորությունը: Միայն ճիշտ դիտավորության մեջ կարող է արտահայտվել Քրիստոսապատվեր սերը, իսկ մարդիկ ավելի մեծ արդյունքներ կարող են ունենալ այդ սիրո մեջ, քան թե փոխադարձ տրտունջների և դժգոհությունների մեջ: