ԱՆԴԱՄՆԵՐ ՄԵԿ ՄԱՐՄՆԻ

Բժիշկը դեղ է դնում ցավեցող անդամին` այն բուժելու համար: Նույն կերպ Աստված միջոցներ է գործի դնում` մարդկանց հատկապես մեղքերից բուժելու համար: Մտքով մեղանչողներին Աստված հաճախ տալիս է մտահոգություն, որպեսզի միտքը շեղվի մեղավոր մտածումներից, տեսողությամբ մեղանչողներին Աստված տալիս է աչքի տկարություն, ձեռքով մեղանչողներին` մարմնի այդ անդամի տկարություն և այլն:

Մեր մարմնի անդամները մեզ խրատ են տալիս ճիշտ կյանքի. ոտքերն ու ձեռքերը չեն նախանձում իրենցից վեր գտնվող աչքերին, և աչքերն էլ իրենց լույսից չեն զրկում մարմնի մյուս անդամներին, որ նշանակում է, թե սոցիալապես կամ գիտելիքով անհավասարության դեպքում չպետք է նախանձել առավել ունեցողներին, և ունևորներն էլ իրենց ունեցվածքից պետք է բաժին հանեն կարիքավորներին:

Այսպես նաև մեծ բժիշկ Հիպոկրատի խոսքն է վկայակոչում Սուրբ Գրիգոր Տաթևացին. «Մարմնի մի անդամի ցավը մեղմացնում է մյուս անդամի ցավը»: Այս վկայակոչումը համընկնում է Պողոս առաքյալի խոսքի հետ. «Ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ» (Հռ. 12.15), որ նշանակում է, թե զորակցության դրսևորմամբ, քրիստոնեական վարմունքով պետք է օգնել մյուս մարդկանց:

Այսպես մեր մարմնի անդամների օրինակով մենք էլ իբրև անդամներ մեկ այլ մարմնի` Քրիստոսի խորհրդական մարմնի, որն է Եկեղեցին (Ա Կորնթ. 12.27; Եփես. 1.23, 4.12; Կող. 1.24, 2.19), միմյանց չնախանձենք, օգնենք ու զորակցենք` Աստծուն փառավորելով ոչ միայն խոսքերով, այլև գործերով: