ԱՆԳԼԻԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, ՄԻԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անգլիկան Եկեղեցում պաշտոնականորեն միասեռականության ընդունումը և ողջունումը ցրեց ուղղափառության հետ անգլիկանիզմի միության բոլոր սպասումները: Կաթոլիկ Եկեղեցին, որ այլ Եկեղեցիների՝ իրեն միանալու անխախտ դիրքորոշմամբ չի մասնակցում էկումենիկ շարժմանը, սկսեց աշխուժություն ցուցաբերել հատկապես Վատիկանի Բ ժողովից հետո և իր ազդեցությունը մեծացնել միջեկեղեցական այս շարժման շրջանակներում:

Իր գերագույնության հաստատուն դիրքորոշումով հեռու մնալով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ լինելուց` Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին սկսեց դիտորդներ ուղարկել էկումենիկ ժողովներին և իր ձեռքը վերցրեց Անգլիկան Եկեղեցին իրեն միավորելու նախկին ուղղափառ նախաձեռնությունը: Այս նախաձեռնությունը հաջողություն ունեցավ հատկապես 2009 թվականի վերջում: Այն բանից հետո, երբ Անգլիկան Եկեղեցին սկսեց ձեռնադրել կանանց  կամ բացահայտորեն միասեռական եպիսկոպոսների և օրհնել միասեռականների միությունը, անգլիկան բազմաթիվ հավատացյալներ բաժանվեցին իրենց Եկեղեցուց և ցանկություն հայտնեցին միանալու Կաթոլիկ Եկեղեցուն:

2009 թ. հոկտեմբերի 20-ին Վատիկանի Հավատքի վարդապետության կոնգրեգացիայի ղեկավար Ուիլյամ Լևադան հայտարարեց, որ Բենեդիկտոս XVI պապը որոշել է պատասխանել այդ «բազմաթիվ խնդրանքներին»: Պապը պետք է փաստաթուղթ ստորագրեր` թույլ տալու համար անգլիկաններին մտնելու Հռոմի Եկեղեցի: Դա մասնավոր կարգավիճակ կստեղծեր նոր կաթոլիկների համար` թույլ տալով նրանց պահպանելու հոգևոր և ծիսական առանձնահատկությունները որոշ արևելյան Եկեղեցիների նման: Պաշտոնական հայտարարություն ստորագրվեց Քենթրբերիի անգլիկան արքեպիսկոպոս Ռոուան Վիլյամսի և Վեսթմինսթըրի (Լոնդոն) կաթոլիկ արքեպիսկոպոս Վինսենթ Նիքըլսի կողմից: Սրանում ստորագրող երկու պատասխանատուները երկու Եկեղեցիների միջև էկումենիզմի վկայությունն են տեսնում:

Դեռևս 2008 թվականից Անգլիկան Եկեղեցիների` Անգլիկան Հաղորդության Աֆրիկայի, Օկեանիայի, Հարավային Ամերիկայի երեք հարյուր եպիսկոպոսներ որոշեցին առանձնանալ և այլևս չժողովվել Լամբեթում տեղի ունեցող Անգլիկան Եկեղեցիների եպիսկոպոսաց ժողովին: Այս բաժանարար շարժման կողմնակիցներից ոմանք ցանկացան մնալ անգլիկան, իսկ ոմանք էլ նախընտրեցին միանալ Կաթոլիկ Եկեղեցուն: Տակավին 2007 թ. Ավստրալիայի արքեպիսկոպոս Ջոն Հեպվորդը Կաթոլիկ Եկեղեցուն միանալու դիմում էր ներկայացրել Բենեդիկտոս XVI-ին, և նույն թվականին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը դարձել էր նախկին անգլիկան, այսինքն` հրաժարվելով Անգլիկան Եկեղեցուց` դարձի էր եկել Կաթոլիկ Եկեղեցու գիրկը, ինչը մեծապես ողջունվեց Վատիկանի կողմից:

2009 թ. նոյեմբերի 9-ին Կաթոլիկ Եկեղեցին պաշտոնապես բացեց իր դռները Կաթոլիկ Եկեղեցուն միանալ ցանկացող անգլիկանների առջև: Սա բազմաթիվ բանավեճերի տեղիք տվեց: Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչներն սկսեցին հայտարարել, որ անգլիկաններին կաթոլիկության դարձնելը ունիատիզմ` ունիթորություն, միարարություն չէ, որպիսին դրսևորում էր Կաթոլիկ Եկեղեցին միջնադարում արևելյան Եկեղեցիների հանդեպ, այլ սա նախ և առաջ պետք է դիտել էկումենիկ տեսանկյունից: Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը հայտարարեց. «Մենք ձկնորսություն չենք անում անգլիկան լճերում»: Նման դիրքորոշումն արդարացվում է նրանով, որ Կաթոլիկ Եկեղեցուն միացած անգլիկանները, միևնույն է, արդեն առանձնացել են Անգլիկան Հաղորդությունից: Սակայն կաթոլիկ աստվածաբան Հանս Կյունգը չհապաղեց անգլիկաններին կաթոլիկության ընդունելու պապի վարմունքը որակել որպես անպատեհ և հակաէկումենիկ:

2011 թ. սկզբին Անգլիկան հինգ եպիսկոպոսներ` չորս անգլիացի և մեկ ավստրալիացի, և շուրջ հիսուն քահանաներ իրենց համայնքներով հանդերձ որոշում կայացրեցին կաթոլիկներ դառնալու` ընդառաջ անգլիկաններին ուղղված Բենեդիկտոս XVI պապի` Կաթոլիկ Եկեղեցուն միանալու հրավերի: 2009 թ. նոյեմբերին պապի հրապարակած Առաքելական սահմանադրությունը` Anglicanorum coetibus-ը (Անգլիկան խմբեր), որը նախանշում էր կաթոլիկ դառնալու պայմանները անգլիկան հոգևորականների և աշխարհականների համար, անակնկալ էր և անսպասելի: Պահպանողական անգլիկանների համար, ովքեր տարիներ շարունակ պայքարում էին կանանց քահանայական ձեռնադրության (լիազորված 1992 թ. ի վեր) և նրանց եպիսկոպոսական ձեռնադրության (որը լիազորելու օրենքը Անգլիայի Եկեղեցու կողմից քվերակվելու էր 2012 թ.) դեմ, այս հայտարարությունը հուսաբեր դուռ բացեց:

Սակայն անգլիական քահանաների և նրանց համայնքների՝ Կաթոլիկ Եկեղեցուն միանալու քայլը որոշ խնդիրներ բարձրարցրեց: Նրանց համար հարկ էր պաշտամունքի վայրեր գտնել, քանի որ ծխական ունեցվածքը պատկանում է Անգլիկան Եկեղեցուն, և Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրը մերժել էր եկեղեցիները կիսելու հնարավորությունը: Այսպիսով, Անգլիկան Եկեղեցուց հեռացածների համար պետք էր մոտակայքում կաթոլիկ եկեղեցիներ գտնել: Բացի դրանից, Կաթոլիկ Եկեղեցուն միացող քահանաների մեծամասնությունն ամուսնացած էր, ինչը համապատասխան չէր Կաթոլիկ Եկեղեցու քահանայության կուսակրոնության դրույթին: Կաթոլիկ Եկեղեցուն միացող հինգ եպիսկոպոսներից Ջոն Բրոդհըրսթը, ով չորս երեխաների հայր էր, իր կարգավիճակը պաշտպանում էր` ասելով. «Կուսակրոնությունը վարդապետություն չէ, այն վերաբերում է կարգապահությանը»: Նա հիշեցնում էր, որ Անգլիայում արդեն իսկ կան մոտ հիսուն նախկին անգլիկան, կաթոլիկ դարձած ամուսնացյալ քահանաներ:

Կաթոլիկ կողմից պատճառվող հուզումներով Անգլիկան Եկեղեցու` Անգլիկան Հաղորդության ցնցումներն ավարտված չեն: Բավականին հետաքրքրական է, որ այս իրադարձությունն իրականացումն էր 19-րդ դարի ռուս ականավոր աստվածաբան, փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Համառոտ պատմություն Նեռի մասին» վերնագրով, ապագայի անցուդարձերին վերաբերող ստեղծագործության մեջ արտահայտված կանխատեսման. «Անգլիկան Եկեղեցու մի զգալի մասը միացավ Կաթոլիկ Եկեղեցուն»:

Զարմանալի է, բայց այս նմանությամբ օրթոդոքսության մեջ էլ հնչած է այն պնդումը, որ այն պետք է իր ծոցն առաջնորդի հին քույր, այսօր այլափառ Եկեղեցիներին (այս Եկեղեցիների շարքում ամենաառաջինը նշվում է Հայոց Եկեղեցին) և հավաքի բոլոր Եկեղեցիներին հավատքի մաքուր և պայծառ աղբյուրի շուրջ: Եվ նախընտրելի է սիրաշահել ոչ օրթոդոքս քրիստոնյաներին, որպեսզի նրանց օրթոդոքսության դարձնելը հեշտ լինի: Եվ մինչ կաթոլիկները ձգտում են ամենուր առաջ տանել իրենց գերագույնության գաղափարը և եկեղեցական միությունը պատկերացնել կաթոլիկության հետ այլ Եկեղեցիների միավորմամբ, օրթոդոքսները մյուս կողմից իրենց համարում են ճշմարիտ հավատքի միակ աղբյուր, դեպի որը պետք է առաջնորդեն մյուս Եկեղեցիներին:

Միջեկեղեցական հարաբերություններում մեզ համար մտահոգիչ են Կաթոլիկ Եկեղեցում շրջանառվող` դարերի ընթացքում այդպես էլ չփոխված գերիշխանության, շնորհներն այլ Եկեղեցիներին Կաթոլիկ Եկեղեցու միջոցով փոխանցվելու, պապի գերագահության և անսխալականության, ինչպես նաև Օրթոդոքս Եկեղեցում շրջանառվող` հավատքի անաղարտության և ճշմարտության միակ աղբյուր հանդիսանալու, այլ Եկեղեցիները փրկարար շնորհներից զուրկ հայտարարելու, Բողոքականության մեջ շրջանառվող` միայն շնորհով փրկության, առաքելահիմն Եկեղեցիների ավանդության, սրբազան խորհուրդների, եկեղեցական նվիրապետության անհարաժեշտության մերժման և նմանատիպ այլ ուսմունքները, որոնցով երբեք չի տառապել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Ցանկանում ենք հուսալ, որ Եկեղեցիների դիրքորոշումների բացասական բևեռը կփոխվի, և Եկեղեցիների միջև անաղարտ քրիստոնեական առաքելությունը, սերն ու միությունն ամրապնդելու կեղծավորությունից զերծ ձգտումներն ապագայում կգերակշռեն եկեղեցական մերժելի հավակնությունների համեմատ, քանզի չեն կարող անարդյունք մնալ Քրիստոսի խոսքերը. «Որպեսզի ամենքը մի լինեն, ինչպես Դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես` Քո մեջ, որպեսզի նրանք էլ Մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ: Եվ Ես տվեցի նրանց այն փառքը, որ Դու Ինձ տվեցիր, որպեսզի մի լինեն, ինչպես և Մենք մի ենք: Ես` Նրանց մեջ, և Դու` Իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ» (Հովհ. 17.20-23):