ԱՆԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Օգտակար չէ հետևել քրիստոնեությունը քննադատող մարդկանց, որովհետև մարդն իր կյանքում միշտ էլ տուժում է անաստվածությունից։ Սրա վերաբերյալ քրիստոնեական մեծ գրողներից մեկը հիանալի մտորումներ ունի։ Հավատալը օգնում է թշվառներին, որովհետև թշվառությունից ազատվելու կամ հանդերձյալ կյանքի հույսը թեթևացնում է նրանց կյանքը։ Երջանիկ մարդը ևս ոչ մի շահ չունի անհավատ լինելու մեջ։ Նրա համար անչափ քաղցր է մտածել, թե իր օրերը կշարունակվեն նաև մահվանից հետո։ Ինչպիսի հուսահատությամբ նա կբաժանվեր այս աշխարհից, եթե հավատար, թե ընդմիշտ բաժանվում է իր երջանկությունից։

Անաստվածությունը ոչ մի տեսակետից պիտանի չէ նաև պատերազմի ժամանակ, որովհետև ռազմի դաշտում անհավատը շատ ավելի է հակված վախկոտության և նահանջի, քան հավատացյալ զինվորը։ Կրոնը դատողություններ է անում` հիմնվելով երկնային  կարգավորության, տիեզերքի օրենքների վրա։ Նա տեսնում է բնության ներդաշնակությունը, կենդանիների սքանչելի բնազդները և դրանց համապատասխանությունը մարդու հետ։ Անաստվածությունը, սակայն, ձեզ տալիս է միայն շփոթեցնող բացատրություններ, բնության մեջ նա տեսնում է անկարգություններ, հրաբուխներ, վնասակար անասուններ, դիմում է սողուններին և միջատներին, որպեսզի Աստծո դեմ ապացույցներ հայթայթի իր համար։

Այսօր շատ գիտնականներ ապացուցելու համար, որ մարդուն Արարիչը չի ստեղծել, երկար տարիներ շարունակ հնադարյան կապկանման մարդու կմախքներ են որոնում` իրենց կարծիքները հաստատելու համար։ Եվ որքան զավեշտալի է այս իրողությունը. բազմաթիվ մարդիկ Աստծուն փնտրելու փոխարեն կապիկ են փնտրում։ Կրոնը խոսում է միայն մարդու մեծության և գեղեցկության մասին։ Կրոնն իր փաստարկները վերցնում է հոգու զգայությունից, կյանքի ամենաքաղցր զգացումներից` որդիական հարգանքից, ամուսնական սիրուց, մայրական գորովից, մինչդեռ անաստվածությունը ամեն ինչ վերածում է անասնական բնազդի։

Այդ է պատճառը, որ երկնայինի վերաբերյալ ստեղծագործությունները արմատապես տարբերվում են երկրայինով տարված մարդկանց ստեղծագործություններից։ Այսպիսին են նաև նկարները։ Այն նկարները, որոնք թեև պատկերում են սրբերին, բայց միևնույն ժամանակ մեծ նպատակ ունեն ցույց տալու մարդկային մարմնի գեղեցկությունը մեզ բոլորիս զարմացնում են իրենց հիացնող ոճով, բայց չեն հուզում, ինչպես մանրանկարները կամ սրբանկարները, որոնք աղոթքի ժամին առանց մեր ուշադրությունը շեղելու մեր մտքերը միանգամից բարձրացնում են դեպի հոգևորը։