ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ. ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի` այդ օրն ընթերցվող Անառակ որդու մասին առակի անունով (Ղուկ. 15.11-32): Մեծահարուստի երկու որդիներից կրտսերը հորից պահանջում է իրեն հասանելիք ժառանգությունը, գնում հեռու երկիր, վատնում ունեցվածքը, ընկնում աղքատության մեջ և տարածված սովի պատճառով ստիպված է լինում մի քաղաքացու ագարակում խոզեր արածեցնել:

Այս թշվառության մեջ նա հիշում է, որ նույնիսկ ծառաներն իր հոր տանը ավելի լավ կացության մեջ են, և որոշում է վերադառնալ հոր մոտ և ներողություն խնդրել: Հայրը, տեսնելով վերադարձող որդուն, վազում է ընդառաջ, փարվում որդու պարանոցին և հրահանգում նրան հագցնել նախկին պատմուճանը, կոշիկներ և մատանի դնել մատին:

Ըստ արտահայտված մի կարծիքի` առակի ավագ որդին խորհրդանշում է հրեաներին, իսկ կրտսերը` հեթանոսներին, ովքեր հետո դարձան ճշմարիտ աստվածպաշտության: Սակայն այս կարծիքը հիմնավոր չէ, որովհետև առակում հայրն ասում է ավագ որդուն. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է» (31), իսկ պատմությունից գիտենք, որ հրեաները միշտ չեղան Աստծո հետ, այլ հաճախ շեղվեցին Աստծո ուղենշած ճանապարհներից:

Ավելի ընդունելի է այն մեկնությունը, ըստ որի, ավագ որդին խորհրդանշում է աղոթքով, առաքինի կյանքով ապրող, սակայն հպարտ քրիստոնյաներին, ովքեր հակակրանքով են վերաբերվում մեղքերով աղտոտվածներին: Ավագ եղբոր արհամարհանքը երևաց նաև նրա խոսքերից, երբ եղբոր մասին խոսելով հորն ասաց` քո այդ որդին (30), փոխանակ ասելու` իմ եղբայրը: Այստեղից պետք է դաս քաղենք` սիրով ու գթասրտությամբ վարվելու բոլորի հետ:

Առակում ամեն ինչ  իմաստալի խորհրդանիշ է: Մեծահարուստ հայրը Աստվածն է, հարստությունը` առաքինության հարստությունները, որ տրվեցին մարդկանց, սակայն մարդիկ կորցրեցին առաքինությունները` մեղքերի մեջ ընկնելով: Առակում հիշվող սովը Աստծո խոսքը լսելու սովն է, քաղաքացին, ում մոտ աշխատում էր անառակ որդին, սատանան է: Ագարակը, որտեղ խոզեր էին արածեցնում, սատանայի ագարակն է, իսկ խոզերը` մարմնամոլները:

Անառակ որդու վերադարձը խորհրդանշում է մեղավոր մարդու զղջումը, հոր կողմից ընդունումը` Աստծո կողմից մեղավորներին ներելը: Առակի մեջ հիշվող մատանին և կոշիկները, որ տրվեցին կրտսեր որդուն, ազատ մարդու նշանն են, քանի որ ստրուկները բոբիկ էին լինում: Կոշիկները նաև հիշեցնում են այն փոխաբերական կոշիկները, որ առաքյալը պատվիրում է հագնել Ավետարանի քարոզչության համար (Եփ. 6.15):