ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ. ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սակայն ինչու՞ հայրը թույլ տվեց, որ որդին հեռանա և փորձության մեջ ընկնի, ինչու՞ է Աստված մարդկանց փորձության մեջ գցում: Այս հարցում Աստծո հանդեպ մեղադրանք հնչեցնողները պետք է փոխեն իրենց կարծիքը, քանի որ Աստված միշտ վարվում է իբրև բարի, քաջ հովիվ, ում հետ իրեն համեմատեց Քրիստոս (Հովհ. 10.11-16):

Երբ հովիվը ձայնում է, ոչխաները հավաքվում են նրա շուրջը: Սակայն երբ հովիվը տեսնում է, որ հոտից ոմանք մոտենում են անտառին, որտեղ նրանց գայլերի հարձակման և այլ պատճառներով մահ է սպասում, բաց է թողնում շներին, որոնք հեռացած ոչխարներին հալածելով` ետ են բերում խաղաղ ու ապահով վայր:

Առանց Աստծո թույլտվության սատանան չի կարող դիպչել մարդուն, ինչպես երևում է գերգեսացի դիվահարների դրվագից, երբ չար ոգիները Քրիստոսից թույլտվություն են խնդրում անգամ խոզերի մեջ մտնելու համար (Մատթ. 8.31): Աստված իր կանչերը մեզ է ուղղում Սուրբ Գրքի, հոգևորականների քարոզների միջոցով, Եկեղեցու աղոթքներով ու պատգամներով, և երբ չենք լսում, թույլ է տալիս, որ փորձությունները վրա հասնեն մարդկանց, ինչպես վերոնշյալ օրինակում հովիվն է բաց թողնում հալածող շներին:

Եվ ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերանի խրատի` նեղության մեջ դժգոհություն արտահայտելու փոխարեն պետք է գոհություն և փառաբանություն հայտնել Աստծուն, որից չարը կփախչի, և Աստծո օգնությունը շուտով կգա: