ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՀՔԻ ԵՎ ԶՂՋՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Փոխաբերական իմաստով անառակ որդիներ ենք մենք ամենքս, որովհետև մեր կյանքի որոշ ժամանակ Աստծո հետ ենք, հետո մեղքերով հեռանում ենք և կրկին ետ դառնում զղջումով: Անառակ որդի է մարդկությունը, ինչպես որ կորած ոչխարի մասին առակի մեջ է ակնարկվում (Մատթ. 18.12-14, Ղուկ. 15.3-7):

Հարյուր ոչխար ունեցող մարդը, կորցնելով իր ոչխարներից մեկին, թողնում է իննսունիննին և գնում այդ մեկի հետևից: Ըստ մեկնություների` կորուսյալ ոչխարը մարդկային կուրուսյալ հոգին է, իննսունիննը` հրեշտակների երկնային դասերը, որոնց Քրիստոս թողեց և աշխարհ եկավ` փրկելու մարդկային կորած հոգին:

Անառակի կիրակին նշվում է պահքի շրջանում: Անառակ որդին էլ իր կյանքի ճգնաժամային շրջանում հեռու էր պարարտ կերակուրներից, որովհետև իր ունեցվածքը վատնելով` աղքատացավ և սկսեց խոզեր արածեցնել մի քաղաքացու մոտ: Նա այնքան քաղցած էր, որ ցանկանում էր ուտել նույնիսկ խոզերին տրվող կերակուրը, բայց նրան ոչ ոք չէր տալիս (Ղուկ. 15.15-16):

Սակայն անառակ որդու` պարարտ կերակուրներ չուտելը չի կարելի պահք համարել, որովհետև ստիպողաբար կամ հանգամանքների բերումով պահքը պահեցողություն չի համարվում: Առաքինագործությունների համար ահնրաժեշտ է ճշմարիտ դիտավորություն, առանց որի արարքն արժեք չի ունենում:

Օրինակ` ծառերը միշտ ողորմություն են անում, այլև ընտանի շատ անասուններ հրաժարվում են միս ուտելուց, և ինչպես նաև Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, էշերն էլ մշտական պահքի մեջ են, այսինքն` ամեն օր խոտ են ուտում, բայց դա իհարկե պահեցողություն չէ: Այլ ճշմարիտ պահեցողությունն այն է, երբ պահք ենք պահում հատուկ մտադրությամբ, ապաշխարության, ինքնամաքրման, բարիով կատարելագործվելու հոգևոր նպատակի համար:

Երբ որդին զղջումով վերադառնում էր հոր մոտ, հայրը նրան հեռվից տեսավ, ընդառաջ վազեց և փարվեց նրա պարանոցին (Ղուկ. 15.20): Սրանով Աստված մեզ ասում է. «Ինչքան որ կարող ես, արի դեպի Ինձ, իսկ մնացած ճանապարհը Ես Ինքս կգամ դեպի քեզ»:

Հայրը հեռվից տեսավ իր որդուն: Հեռվից տեսնելու մասին նշենք հետևյալը: Ընդհանրապես առարկաները փոխաբերական իմաստով սիրում են, որ իրենց հեռվից նայեն: Եվ մենք, երբ նայում ենք մի առարկայի, շատ սերտ չենք մոտենում դրան, որովհետև նայելու համար հարմար է դիտել որոշակի հեռավորությունից: Այսպես էլ մարդիկ առարկաների նման սիրում են, որ իրենց դիտեն որոշակի հեռավորությունից:

Ոչ ոք չի սիրում որ իր նեղ անձնականի մեջ այլ մարդիկ մտնեն, որովհետև մեր խիստ անձնական կյանքում կան նաև ամոթալի մտքեր, վարմունքներ ու գործեր, և մեզ համար ամոթ է այդ մասին հայտնի դարձնելը: Եվ ահա պահքը մի գեղեցիկ առիթ է, որպեսզի զղջումով, խոստովանությամբ ու ապաշխարությամբ կարողանանք զղջման արտասուքներով մաքրել մեր մեղքերը: