ԱՆԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գիտակցումը, որ խաբել ես կամ չարաշահել ինչ-որ մեկի վստահությունը, մի՞շտ է մեղքի զգացում առաջացնում: Ո՞րն է անազնիվ կամ խաբեբա մարդու պատիժը:

Հովհան Ոսկեբերանն ասում է, որ եթե Աստված քարե տախտակների վրա գրված տասնաբանյա պատվիրանները չտար Մովսեսին, ապա այդ պատվիրանները դարձյալ գոյություն կունենային, որովհետև դրանք գրված են մարդու խղճի վրա: Եվ խաբեությունը մյուս ոչ աստվածահաճո արարքների նման մեղքի զգացում է առաջացնում, որովհետև մարդու խիղճը ներսից դատապարտում է մարդուն սխալ արարքների համար:

Հոգեբանությունը խոսում է մարդու ես-ի և գերես-ի մասին: Մարդու գերես-ը, որը նրա իդեալական կերպարն է մարդու ներսում, միշտ քննադատում է ես-ին սխալ արարքների համար: Հոգեվերլուծության հիմնադիր Ֆրոյդը սա նմանեցնում է թատրոնի իրականությանը, որտեղ բեմում գործող դերասանը ես-ն է, իսկ դիտողը` գերես-ը, որը դերասանին քննադատում է սխալների համար: Դրա համար էլ նաև խաբեությունը մեղքի զգացում է առաջացնում:

Անազնիվ կամ խաբեբա մարդու համար պատիժ է տրվում, նայած թե ինչ հետևանքների է հանգեցրել նրա խաբեությունը: Պետական օրենքով միջանձնային հարաբերություններում կենցաղային մանր խաբեություններին ուշադրություն չի դարձվում: Օրինակ` մարդը խաբելով ասում է, թե հիվանդ էր և այդ պատճառով էլ աշխատանքի չի եկել. սա օրենքով չի պատժվում:

Բայց օրենքով պատժվում են այն խաբեությունները, որոնք բացահայտ մեծ վնաս են հասցնում պետությանը կամ պետության քաղաքացիներին: Սակայն կրոնական տեսակետից անգամ կենցաղային փոքր խաբեությունները զղջման ու ապաշխարանքի ենթակա են: Խաբեությունը բնորոշվում է մեկ ուրիշին խարդախությամբ մոլորեցնելու կամ նրան վնասելու կամ էլ խաբելու արդեն սովորություն դարձած հատկությամբ ճշմարտությունն անտեղի թաքցնելու մտադրություններով:

Մինչդեռ երբեմն մարդուն, երեխային որևէ դժվարին իրողությունից հեռու պահելու կամ պատերազմական իրավիճակում թշնամու առջև ճշմարտությունը թաքցնելու արարքը խաբեություն չի կարելի համարել, որովհետև արարքներն ընդհանրապես արժևորվում են մտադրություններով, և նշյալ դեպքերում նպատակը ոչ թե խաբեությանը հատուկ խարդախությունն ու սուտն է, այլ խնամքը, չդավաճանելը և այլն:

Իսկ այլոց վստահությունը չարաշահելու, խաբեության առնչությամբ կարող ենք հիշել, որ Քրիստոս ասում է, թե սատանան է ստի հայրը (Հովհ. 8.44): Եվ մարդկանց վստահությունը չարաշահած, խաբեություն գործած մարդիկ պետք է զղջան ու ապաշխարեն նաև սատանային կամակից լինելու համար:

Հաճախ վստահելով՝ մարդը ռիսկի է ենթարկվում: Բացահայտելով իր գաղտնիքը, պատմելով անձնական ծրագրերի կամ զգացմունքների մասին` նա ավելի խոցելի է դառնում: Գուցե ավելի լավ է ընդհանրապես չվստահե՞լ ոչ ոքի:

Կարելի է վստահել այնպիսի մարդկանց, ովքեր իրապես վստահելի են և կարող են լսելուց հետո օգնել օգտակար խորհուրդներով: Կրոնական ասպարեզում մարդը վստահում է հոգևորականին հատկապես մեղքերի խոստովանության ժամանակ` պատմելով իր կատարած սխալ արարքների մասին, ստանալով հոգևորականի խորհուրդներն ու հորդորները:

Մարդը կարող է վստահ լինել, որ հոգևորականն իր գաղտնիքները չի բացահայտի, քանի որ եկեղեցական կանոնով խստիվ արգելված է որևէ մեկի մոտ բարձրաձայնել այն, ինչ լսել է խոստովանության ժամանակ:

Մարդիկ հատկապես արևմուտքում հաճախ դիմում են հոգեբաններին` նրանց խորհուրդները լսելու, նրանց ասածով առաջնորդվելու համար: Սակայն այս առումով հոգեբանների գործունեությունը, հատկապես հոգեվերլուծությունը ծաղրանմանությունն է քահանայի մոտ մեղքերի խոստովանության:

Հոգեբանները հաճախ կարող են հարթել անձի մեջ առկա անհանգիստ վիճակները ոչ ճիշտ մոտեցումներով, որովհետև իրադարձությունները քննում են միայն մարդ-մարդ հարաբերությունների շրջանակում, մինչդեռ հոգևորականները նաև` մարդ-Աստված հարաբերությունների դիտարկումով:

Հոգեբանները կարող են հանգստացնել անձին` չդադարեցնելով նրա մեղքերը, սակայն մարդն ինքնախաբեությամբ կմնա մեղքի մեջ: Մինչդեռ հոգևորականներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում մեղքին, մեղքի վերացմանը և ոչ թե մեղքի անտեսումով անձի թվացյալ խաղաղ հոգեվիճակի ապահովմանը: