ԱՅՍ ԿՅԱՆՔԻ ԾՈՎԸ ՀԱՆԱՊԱԶ ԻՆՁ ԱԼԵԿՈԾՈՒՄ Է, ՆԱՎԱՊԵ՛Տ ԲԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆ ԵՂԻՐ ԻՆՁ

Այս կյանքի ծովը հանապազ ինձ ալեկոծում է,

Մրրկյալ ալիքներ է թշնամին իմ դեմ հարուցանում,

Նավապե՛տ բարի, օգնական եղիր ինձ:

(Շարական)

 

Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի: Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և թող չերկմտի, որովհետև, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքներին (Հակ. 1.5-6):

Նավակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դես ու դեն քշվելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուս եկավ նրանց մոտ՝ քայլելով ծովի վրա: Երբ աշակերտները Նրան տեսան ծովի վրա քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ-որ ուրվական է». ու սարսափից աղաղակեցին:

Հիսուս իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդվեցե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք»: Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ»: Եվ Նա ասաց՝ արի՛: Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ: Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ: Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»:

Եվ իսկույն Հիսուս երկարեց Իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: Եվ երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց: Եվ նրանք, որ նավակի մեջ էին, մոտեցան, երկրպագեցին Նրան ու ասացին. «Արդարև, Աստծու Որդին ես Դու» (Մատթ. 14.24-33):