ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՄԱՑԱՆՑԻՆ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻՆ

Երբ օգտվում ես համակարգչից, բջջային հեռախոսից կամ մեկ այլ սարքից, հնարավոր չէ վերահսկել տրվող տեղեկատվության բովանդակությունը: Մեր օրերում անգամ երեխաները բջջային հեռախոսներ ունեն կամ տարված են համակարգչային, համացանցային` ինտերնետային խաղերով: Կա՞ այլընտրանք և համացանցին փոխարինող բովանդակալից այլ գործունեություն:

Երեխաներին չափից շուտ հեռախոսներ տալը, եթե խիստ անհրաժեշտությունը չկա, խրախուսելի չէ: Երեխայի համար դա հաճախ ոչ թե շփման միջոց է, այլ մեծերին նմանվելու, ինքնահաստատման փորձ: Վատ է, երբ երեխայի ինքնահաստատումը հիմնվում է ոչ թե հավատքի, հոգևոր արժեքների հիմքի, այլ բջջային հեռախոսի, համակարգչի կամ նյութական հիմքի վրա:

Բժիշկները զգուշացնում են, որ երեխաների համակարգչային խաղերը չպետք է գերազանցեն կես ժամը, համակարգչի առջև նստողները տասը րոպեն մեկ պետք է մեկ-երկու րոպեով հանգստություն տան աչքերին: Ծնողները պետք է ուշադիր լինեն` թույլ չտալով երեխաներին ժամանակի մեծ մասը սխալ կերպով անցկացնելու:

Համակարգիչը երեխային հիպնոսացնում է: Փորձի՛ր նրան պոկել իր սիրած խաղից, և երեխան հոգեկան ցնցումների մեջ կընկնի, կսկսի գոռգոռալ ու լաց լինել, ոտքերը գետնին խփել, իր զվարճալիքը պահանջել: Այն ծնողները, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին ժամեր ու ժամեր անցկացնել համակարգչի առջև, ճիշտ չեն կատարում իրենց դաստիարակությունը, թերանում են ծնողական պարտականությունների մեջ: Երեխան լուռ է, իրենց գլուխն էլ ազատ է երեխաների աղմուկից, դրանով բավարարվում են: Բայց ընդհանուր առմամբ իրենց երեխաներին անուշադրության մատնող ծնողներն արժանի չեն ծնող կոչվելու բարձրագույն պատվին:

Պետք է երեխաներին քաջալերել միմյանց հետ շփվելու, բնության մեջ լինելու, դրսում խաղալու, թեկուզ և ավազով, հողով փոշոտվելու, այլապես վիրտուալ իրականությունը կկլանի նաև երեխային, և նա կկորցնի կապն այս աշխարհի իրականության հետ: Հոբ Երանելին շեշտում է, որ Տերն է զավակներ տալիս (Հոբ 1.22):

Արդ, մենք պատասխանատու ենք աստվածային այդ մեծագույն պարգևի համար, և հարկ է երեխաներին չզայրացնելով և չհուսահատեցնելով, ըստ աստվածային պատվիրանի (Կող. 3.21), բացատրելով հեռու պահել վատ սովորություններից: