ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞վ է իրավասու լուծարել ամուսնությունը:

Աշխարհիկ և կրոնական տեսակետով տարբեր մոտեցումներ կան: Աշխարհիկ տեսանկյունից ամուսնությունն իրավասու է լուծարել հատուկ լիազորություն ունեցող պետական պաշտոնյան, կրոնական տեսակետով` Եկեղեցին` բարձրաստիճան հոգևորականի, այսինքն` եպիսկոպոսի, կաթողիկոսի որոշմամբ:

Աշխարհիկացման հետևանքով, երբ փորձ է արվում նվազեցնել Եկեղեցու դերը կամ առավել շեշտել նյութական արժեքները` ի հակադրություն հոգևոր արժեքների, պետական կառույցների կողմից նաև վերցվում է Եկեղեցուն պատկանող լիազորությունը և գործածվում իբրև ծաղրանմանություն Եկեղեցու գործունեության:

Դրանցից է պսակի արարողությունը, երբ սովորական պաշտոնյան քահանայի նմանողությամբ կանգնում է ամուսնացող զույգի առջև և նրանց հայտարարում կին ու ամուսին: Նման մի ծաղրանմանություն է կատարվում հիվանդանոցներում, որոնք տրամադրում են հոգեբանների ծառայություններ:

Խոսքը հոգեվերլուծության մասին է, երբ հոգեվերլուծաբանը պահանջում է իր մոտ եկածին պատմել իրեն հուզող խնդիրները, նրան մտատանջող արարքները` նմանակելով ապաշխարության խորհուրդը, մեղքերի խոստովանության կարգը կատարող հոգևորականին, երբ հավատացյալը խոստովանում է իր մեղքերը, և հոգևորականը եկեղեցական կանոնների, սուրբ Հայրերի խրատների հիման վրա խորհուրդներ է տալիս հոգևոր կյանքի կարգավորման համար:

Ինչևէ, Հայաստանում Եկեղեցին և պետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց կատարած ամուսնության վավերականությունը: Հայաստանում եկեղեցուց պսակի վկայականը տրվում է ԶԱԳՍ-ի վկայականը ներկայացնելուց հետո: Սակայն ամուսնալուծության պարագայում տարբեր խնդիրներ են առաջանում: Եկեղեցին պսակում է զույգերին, միացնում Աստծո օրհնությամբ, մինչդեռ հետո պետական պաշտոնյան լուծարում է այդ ամուսնությունը:

Ընդ որում, ամուսնության լուծարման համար հաճախ պատճառ են հանդիսանում այնպիսի հանգամանքներ, որոնք ամուսնալուծության պարագայում անընդունելի են Եկեղեցու կողմից: Օրինակ` այսօր լինում են ամուսնալուծություններ կապված չբերության` ամուսիններից մեկի զավակ ունենալու անկարողության հետ, մինչդեռ Եկեղեցին այս հանգամանքը որպես հիմնավոր պատճառ չի ընդունում ամուսնալուծության համար:

Ամուսինների փոխադարձ անհասկացողությունը նույնպես եկեղեցական տեսակետով ամուսնալուծության ընդունելի պատճառ չէ, այլ Եկեղեցին հորդորում է և նրանց հետ աշխատանք տանում` աղոթքով, ընտանիքի սրբության գիտակցությամբ, զավակների հանդեպ սիրով հաղթահարելու դժվարությունները:

Բացի վերոնշյալից, խառնաշփոթ է առաջանում եկեղեցական արարողության հետ կապված: Սուրբ Պսակի արարողությամբ պսակվածը, պետական պաշտոնյայի կողմից ամուսնալուծվելով, կարող է գալ եկեղեցի երկրորդ ամուսնության համար: Եվ ստացվում է, որ Եկեղեցին մեկ անգամ արդեն պսակվածին առանց ամուսնալուծելու պսակում է նաև երկրորդ անգամ:

Նման խնդիրներ հազվադեպ են լինում Սփյուռքում, որովհետև այնտեղ ծխական համայնքների կազմավորված և գործող լինելու շնորհիվ կարգավորվում են նաև այս հարցերը: Ամուսնալուծության համար Եկեղեցու անդամները դիմում են եկեղեցական իշխանություններին և հիմնավոր պատճառների դեպքում ամուսնալուծվում, հրահանգներ ստանում, իմանում, թե որքան ժամանակից հետո երկրորդ ամուսնության թույլտվություն կունենան:

Եկեղեցու սոցիալական հայեցակարգի մշակման ընթացքում այս հարցերը ևս պետք է նկատի առնվեն, և Եկեղեցու պաշտոնական տեսակետների ներկայացման մեջ առաջարկվեն նաև լուծումներ ստեղծված կացության համար: