ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ, ԶՈՒՅԳԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այսօր շատ երկրներում ամուսնությունների մի մասն ավարտվում է ամուսնալուծությամբ: Արդյոք ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդը հնացե՞լ է: Գուցե ամուսնալուծությունների պատճառն այն է, որ ամուսնական կառույցն ինքնին թերի՞ է:

Աստվածաշնչյան խորհուրդները, պատգամներն ու պատվիրանները երբեք չեն հնանում: Նույնիսկ Քրիստոս, ով Նոր Կտակարանում նոր պատգամներ բերեց, ասաց, որ ոչ թե ջնջում է նախկին օրենքը, այլ լրացնում (Մատթ. 5.17): Հետևաբար, նաև ամուսնության պատգամը երբեք հնացած չէ: Ամուսնությունը հաստատվեց Աստծո կողմից դրախտում, երբ Ադամին իբրև օգնական տրվեց կինը (Ծննդ. 2.18), ով մեղսագործությունից հետո, ինչպես ասվում է Աստվածաշնչում, դրվեց մարդու իշխանության տակ (Ծննդ. 3.16):

Այս իշխանությունը ծառայի և տիրոջ հարաբերություն չի ենթադրում, այլ խնամքի ու սիրո իշխանություն, որը և շեշտվում է սուրբ Պսակի խորհրդակատարության ժամանակ եկեղեցում պսակվող զույգին տրվող համապատասխան խրատներով ու հորդորներով: Ամուսնական կառույցը կամ ավելի ճիշտ ամուսնական միությունը, իբրև գաղափար, չի կարող թերի լինել, որովհետև հաստատվել է Աստծո կողմից, իսկ Աստված թերություններով չի գործում:

Այս տեսակետից եթե նայենք, Աստված հաստատել է իրողություններ կամ տվել է պատվերներ, որոնք երկուսի են բաժանվում ժամանակավոր և մնայուն: Ժամանակավորներից են, օրինակ, հրեական զոհաբերությունները, որոնք նախօրինակն էին Քրիստոսի զոհագործության և դադարեցին Քրիստոսով: Մինչդեռ ամուսնությունը Քրիստոս մեծապես պատվեց նաև Կանայի հարսանիքում Իր ներկայությամբ և հարսանիքի ժամանակ կատարած Իր առաջին հրաշագործությամբ` ջուրը գինու փոխելով (Հովհ. 2.1-11):

Մենք կարող ենք ասել, որ ամուսնական միությունը թերի է լինում ամուսնական զույգի գործողության մեջ, ովքեր ոչ լրիվ պատասխանատվությամբ կամ նվազ կարևորության գիտակցությամբ են մոտենում ամուսնությանը, և խախուտ հիմքի վրա է դրվում նրանց ընտանիքը:

Ամուսնալուծությունների պատճառը կարող է լինել նաև սիրո բացակայությունը: Խոսքը ճշմարիտ սիրո մասին է, որի վերաբերյալ գուցե մակերեսային պատկերացում ունեն ամուսնացող երիտասարդները: Հետևաբար, նախքան ամուսնությունը պետք է լավ մտածել և անհրաժեշտ գիտելիքներ ունենալ նաև սիրո, սեր զգացմունքի, Քրիստոսի կողմից պատվիրված սիրո մասին` Ավետարանի ընթերցանությամբ, հոգևորականների խորհրդատվությամբ, համապատասխան գիտելիքներ ձեռք բերելով:

Հետաքրքրական է, որ եկեղեցական կանոնագրքում ամուսնության պարագայում կարևոր է նկատվում ոչ միայն ամուսնացող զույգի փոխադարձ հավանությունն ու համաձայնությունը, այլև նրանց ծնողների, որովհետև սիրող ծնողներն իրենց փորձառությամբ կարող են ճիշտ ճանապարհի վրա դնել երեխաներին:

Ամուսնալուծությունների պատճառ կարող է լինել նաև հետևյալը. տարիների համատեղ կյանքի ընթացքում ամուսինները նկատում են, որ իրենց կողակիցներն այն անձերը չեն այլևս, որին հանդիպել են ամուսնության սկզբին: Ֆրանսիացի մեծ գիտնական, նաև մեծագույն քրիստոնեական գրող Բլեզ Պասկալն իր հոգեշահ «Խոհեր» աշխատության մեջ այն ճշմարիտ դիտարկումն է արձանագրում, որ մարդը տասը տարի անց բոլորովին մեկ այլ անձնավորություն է:

Սա բոլորն էլ պետք է հասկանան, քանի որ մարդը մեծանում է, փոխվում, զարգանում, լցվում նոր իմացությամբ ու մտքերով: Եվ սա պետք է հասկանան հատկապես ամուսնացող երիտասարդները: Ամուսնալուծության հոգեբանական պատճառ կարող է լինել նաև հանրահայտ հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի դիտարկումը, ըստ որի` ամուսնությունից հետո չկան այն սուր, արկածային, հետաքրքիր զգացումները, որոնք կապված են սիրահարների ժամադրությունների, միմյանց սպասելու, բաժանումից հետո վերստին տեսնվելու, կարոտի հետ:

Դրա համար ամուսնության հիմքը պետք է դրվի ոչ միայն սիրո, այլև վճռականության վրա` ամուր պահելու ընտանիքը, և ինչպես պսակի արարողության խրատում է ասվում, դժվարությունների ժամանակ միմյանց նեցուկ և օգնական լինելու:

Կարդալ նաև`